Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բուժանձնակազմը համալրվել է երիտասարդ բժիշկներով

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բուժանձնակազմը համալրվել է երիտասարդ բժիշկներով

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը շարունակում է հաջողություններ գրանցել: Կարճ ժամանակահատվածում հիվանդանոցը հասցրել է մեծ առաջընթաց ունենալ ոչ միայն մի շարք ծրագրերի իրականացման առումով, այլև բժիշկների համալրմամբ:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բուժանձնակազմը համալրվել է երիտասարդ ուրոլոգներով:

Նրա խոսքով՝ բացի ընդհանուր ուրոլոգիայից, բաժանմունքի հիմնական ուղղությունը լապարասկոպիկ, էնդոսկոպիկ վիրաբուժությունն է . «Զբաղվում ենք նաև ուռուցքաբանությունով, ավելի շատ վիրահատություններ ենք ընդգրկում պրոցեսի մեջ»:

Սերգեյ Ֆանարջյանն անդրադառնալով վիրահատությունների քանակին նշեց, որ տարվա ընթացքում մոտ 300-400 վիրահատություն է կատարվում, որից բաց վիրահատությունները կազմում են 1-2 տոկոսը, հիմնականում փակ վիրահատության տեսքով է լինում միջամտությունը:

«Աշխատում ենք ինչքան հնարավոր է մարդուն քիչ ենթարկել բաց վիրահատությունների: Փակ վիրահատությունը թույլ է տալիս, որ հիվանդը շուտ ապաքինվի, խուսափի հետվիրահատական բարդություններից, ճողվածքից, վերքի թարախակալումից»,-հավելեց ուրոլոգիական բաժանմունքի ղեկավարը:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգ Նաիրի Մելքոնյանը, ով կարճ ժամանակ առաջ է միացել թիմին, նշեց, որ հաճելի է աշխատել նման ղեկավարության հետ:|

«Տարիներ շարունակ հիվանդ մարդուն ոտքի կանգնեցրած հիվանդանոցը չի կարող կաղալ, հաճելի է աշխատել այնպիսի ղեկավարության հետ, կազմել այդ թիմի լիիրավ մասը, ով ունի նման մտածելակերպ և շարժվում է նման կարգախոսով»,-նշեց նա:

Նաիրի Մելքոնյանի խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է անհրաժեշտ բուժտեխնիկայով և օր օրի շարունակում է թարմացվել և նման բարեփոխումներն ու փոփոխություները նպաստում են միայն հիվանդի շուտափույթ ապաքինմանը:

Ուրոլոգն իր հերթին նշեց, որ կատարում են միզաքարային, շագանակագեղձի հիվանդություների վիրահատություններ, հիմնական շեշտը դրվում է էնդոսկոպիկ, լապարասկոպիկ միջամտություններին:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ դիմած յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ հիվանդանոցում իր առողջությամբ զբաղվում և զվաղվելու է պրոֆեսիոնալ անձնակազմ, որոնք տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը ներդնում են ի շահ հիվանդի շուտափույթ ապաքինմանը»,-իր խոսքը եզրափակեց երիտասարդ ուրոլոգը:

Հիշեցնենք, որ փետրվարի յուրաքանչյուր շաբաթ օր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում անցկացվելու են անվճար խորհրդատվություններ և գործելու է 50-60% զեղչ ախտորոշման բոլոր ծառայությունների համար:

Բացի այդ յուրաքանչյուր ամիս կգործեն հատուկ առաջարկներ և զեղչեր ամենատարբեր ծառայությունների համար: