Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տարիներ շարունակ առողջությանը վնաս պատճառող խնդիրները լուծելու հնարավորություն` բնակչության համար

Տարիներ շարունակ առողջությանը վնաս պատճառող խնդիրները լուծելու հնարավորություն` բնակչության համար

Համալսարանական հիվանդանոցի վիրաբույժները «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում գրեթե ամեն օր տասնյակ վիրահատական միջամտություններ են իրականացնում: «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի վիրաբուժության կլինիկայի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ Անդրանիկ Օհանյանը բուժառուների առողջության վերականգնմանն ուղղված ԵՊԲՀ նախաձեռնության շրջանակում արդեն կատարել է 4 վիրահատություն:

Փորձառու բժիշկն ընդգծում է` բնակիչների, պացիենտների համար այս նախաձեռնությունը եզակի է: «Ինձ դիմած պացիենտների առողջական խնդիրներն ունեին տարիների պատմություն, և շատերը չունեին հնարավորություն բժշկական օգնություն ստանալու: Ուրախ եմ, որ օգնում ենք քաղաքացիներին լուծել իրենց առողջական խնդիրները, որոնք շատերի դեպքում հրատապ լուծում էին պահանջում»,- նշում է Անդրանիկ Օհանյանը:

Նախաձեռնության շրջանակում նրա առաջին կատարած վիրահատությունը ստոծանու կերակրափողի բացվածքի ճողվածքն էր։ 52-ամյա կինը ստամոքսի հետ կապված խնդիրներ էր ունեցել տասը տարի շարունակ։ Լինելով բուժաշխատող` նա տեղեկացել է այս նախաձեռնության մասին և դիմել` հնարավորություն ստանալով վիրահատվել 50 տոկոս զեղչով։ Երկրորդ վիրահատությունը, որը կատարել է բժիշկ Օհանյանը, որովայնի առաջնային պատի մաշկաճարպային գոգնոցի հեռացումն է: Պաննիկուլիտը (ենթամաշկային հյուսվածքի մանրաթելային բորբոքում) այն խնդիրն է, որն առկա էր տվյալ պացիենտի մոտ:

56 տարեկան պացիենտին աբդոմինալ պլաստիկա կատարելով՝ նա հեռացրել է ոչ միայն կոսմետիկ, այլև առողջական խնդիրներ պատճառող ճարպը: «Պարբերաբար պացիենտի մոտ մաշկաճարպային գոգնոցի ծալքում բորբոքային գործընթացներ էին առաջանում, վերքեր, խոցոտումներ»,- ասում է վիրաբույժը: Մյուս վիրահատությունը` թութքահատումն էր:

Այս անգամ ևս 44 տարեկան պացիենտը երկար տարիներ ունեցել է այս խնդիրը, որն ուղեկցվել է բարդացած արնահոսությամբ, թրոմբոզով: Վիրաբույժ Օհանյանի վիրահատած երեք բուժառու բարեհաջող հետվիրահատական բուժում է ստացել և դուրս գրվել հիվանդանոցից:

Եվս մեկ պացիենտ, որը դիմել էր բժշկին 20-ամյա աղջիկ էր` լեղաքարային հիվանդությամբ: