Մեր օրերում՝ բնակչության հիվանդացության բարձր ֆոնին մասնագետներն արդիական են համարում խոսել տենդի առաջացման պատճառների և վարման մասին: Տենդը մարմնի ջերմաստիճանի օրվա նորմալ տատանումները գերազանցող բարձրացումն է, այն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է ինֆեկցիաների հանդեպ: Դեռ Հիպոկրատի ժամանակ տենդ էին անվանում ինչպես մարմնի բարձր ջերմաստիճանը, այնպես էլ բարձր ջերմությամբ ընթացող հիվանդությունները: Ներկայումս տենդը և տենդով ընթացող հիվանդությունները տարանջատված են:
«Ժամանակակից բժշկության մեջ տենդը համարվում է ախտանշան, ոչ թե հիվանդություն: Սակայն, տենդ բառը օգտագործվում է շատ հիվանդությունների անվանումներում՝ բնութագրելով նրանց ընթացքը: Այդ հիվանդություններից, օրինակ, կարելի է նշել հեմոռագիկ տենդը, դեղին տենդը, կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդը, սուր ռևմատիկ տենդը: Տենդը օրգանիզմի ոչ սպեցիֆիկ պաշտպանիչ ռեակցիան է: Երբ օրգանիզմ են թափանցում օտարածին նյութեր՝ ի հաշիվ մարմնի ջերմաստիճանի բարձրացման, խթանվում է օրգանիզմում իմունային համակարգը, որի շնորհիվ նվազում է բակտերիաների և վիրուսների բազմացումը՝ ի վերջո հանգեցնելով նրանց ոչնչացման»,-նշում է ԵՊԲՀ «Հերացի» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Նարինե Ներսեսյանը, որի փոխանցմամբ` տենդի առաջացման պատճառներ կարող են հանդիսանալ բակտերիալ վիրուսային կամ պարազիտային ինֆեկցիաները, տրավմաները, ջերմային հարվածը, ռևմատիկ հիվանդությունները, սրտամկանի ինֆարկտը, քաղցկեղի որոշ տեսակներ, ալերգիկ հիվանդությունները, արյունաբանական խանգարումները: Տենդը կարող է լինել սուր՝ մինչև 2 շաբաթ տևողությամբ, ենթասուր՝ մինչև 6 շաբաթ տևողությամբ, քրոնիկ՝ 6 շաբաթից ավելի տևողությամբ:
Տենդը դասակարգվում է նաև ըստ մարմնի ջերմաստիճանի բարձրացման, սուբֆեբրիլ տենդի ժամանակ մարմնի ջերմաստիճանը լինում է 37.2-ից 37.9 աստիճան, ֆիբրիլի ժամանակ՝ 38-38.9 աստիճան, պիրետիկ տենդի ժամանակ 39-ից 40.9 աստիճան, և հիպերպիրետիկի ժամանակ՝ 41 աստիճան: Ըստ ջերմային կորի տեսակի՝ տարբերում են կայուն (ջերմաստիճանի տատանումը 1 աստիճանի շուրջ), նվազող (օրվա մեջ տատանումը կարող է լինել 2 աստիճանով դեպի ներքև), Ա տիպիկ (օրվա ընթացքում տատանումները տարբեր են և անօրինաչափ), հյուծող տենդեր (իրենից ներկայացնում է թուլացող և բարձրացող տատանումներ, իրար հաջորդում 2-3 աստիճանով):
«Փոփոխական տենդի ժամանակ ջերմությունը կարող է կարճատև կտրուկ բարձրանալ, հետո փոխարինվել ապիրեքսիայի փուլով, այսինքն՝ ջերմության նորմալացման փուլերով: Եվ հետադարձի ժամանակ իրար են փոխարինում տենդային նոպաները, կարող է տևել 2-7 օր, ունենալ ջերմություն, այնուհետև լինել ապիրետիկ, այսինքն՝ ջերմություն չունենալ, 7 օր հետո էլի ջերմային տենդը կարող է կրկնվել: Ժամանակակից մարդու մարմնի ջերմաստճանի միջին թիվը համարվում է 36.6-ը, իսկ 19-րդ դարում մարմնի ջերմաստիճանի միջինացված նորմալը համարվել է 37 աստիճանը»,- մանրամասնում է մասնագետը:
Համեմատելով՝ կարելի է ասել, որ երկու դարերի ընթացքում 0,5 աստիճանով փոփոխություն է տեղի ունեցել, իջել է մարմնի ջերմաստիճանը:
Ամերկյան Ստենֆորդի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն, ուսումնասիրել են 680 հազար մարդու մարմնի ջերմաստիճանային տվյալներ: Վերջին 200 տարվա դիտարկումով հանգել են եզրակացության, որ մարդկանց ջերմաստիճանը նվազել է: Դա բացատրել են նրանով, որ այն ժամանակ եղել է դեղորայքի բացակայություն, հիվանդությունն ունեցել է երկարատև ընթացք, բացի դրանից, ունեցել են քրոնիկական հիվանդություններ, այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը բարձր է եղել, միջինը 37 աստիճան, իսկ մեր ժամանակաշրջանում արդեն հակաբորբոքային պրեպարատների և պրոֆիլակտիկայի շնորհիվ բորբոքային պրոցեսները քիչ են եղել, և աստիճանաբար մարդու օրգանիզմում ջերմաստիճանը ընկել է՝ միջինը հասնելով 36.6-ի:
Գիտնականների մեկ այլ խումբ էլ Բոլիվիայում հետազոտել է բնիկ անձանց, որոնք քաղաքակրթության հետ կապ չեն ունեցել, նրանց բուժումը դեղորայքով չեն արել և պատվաստումներ չեն կատարվել: Հետազոտել են 11 550 մարդու, մի քանի տասնամյակում քննարկել են 18 հազար դեպք: Այդ մարդկանց մոտ ևս դիտվել է մարմնի ջերմաստիճանի անկում:
«Գիտնականների այս խումբը հակառակ նախորդի, նշել է՝ ոչ պատվաստումը կապ ունի, ոչ էլ հակաբիոտիկները կապ ունեն: Բացատրում են նրանով, որ մարդը սկսել է ավելի քիչ շարժվել: Իսկ եթե մարդը քիչ է շարժվում, նյութափոխանակությունը դանդաղում է, և ջերմատվությունը, էներգատվությունն անկում են ապրում: Ասում են, եթե մարդն արագ է շարժվում, մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ, նյութափոխանակությունն արագանալ: Ուրեմն, եթե մարդը էվոլյուցիայի ընթացքում քիչ շարժվի, քիչ էներգիա ծախսի, ապա աստիճանաբար մարմնի ջերմաստիճանի անկում նաև այդ եղանակով կլինի»,-ընդգծում է Նարինե Ներսեսյանը:
Նա նշում է, որ տենդը ընթանում է դեմքի և մարմնի մաշկի կարմրությամբ, ինտենսիվ քրտնարտադրությամբ, գլխացավով, մկանային ցավով, հոդացավով, հաճախացած շնչառությամբ, քնկոտությամբ, նկատվում է ախորժակի անկում, գերդրդվածություն, ջրազրկում:
Բժշկի խոսքով՝ տենդի ժամանակ ճիշտ օգնություն ցույց տալու համար նախ պետք է որոշել հիմնական հիվանդությունը:
«Ամենակարևորը մարմնի ֆիզիկական սառեցումն է, որը կատարվում է հիմնականում հիվանդի ճակատին և խոշոր մագիստրալ անոթներին սառը թրջոցներ տեղադրելով: Մարմինը շփում ենք սենյակային ջերմաստիճանի ջրով թրջված սպունգով, ընդ որում՝ չի կարելի երեխաների մագիստրալ անոթներին սառը թրջոցներ դնել, խորհուրդ է տրվում տալ շատ հեղուկ՝ հյութեր, հանքային ջուր, բայց ոչ սառը: Սենյակային ջերմաստիճանը 18 աստիճանն է, դրանից ավելին նախընտրելի չէ: Եթե շրջակա միջավայրը տաք է լինում, այդ դեպքում մարդու մարմնի ջերմատվությունն էլ է իջնում: Տենդի ժամանակ մարդու մարմինը պետք է նվազագույնը ծածկված լինի, որ գերտաքացում տեղի չունենա: Պետք է խուսափել ֆիզիկական լարվածությունից, պահպանել ազատ անկողնային ռեժիմ: 4 շաբաթականից մինչև 5 տարեկան երեխաների ջերմաչափումը կատարվում է էլեկտրական ջերմաչափով, քիմիական ջերմաչափով թևատակում, ինֆրակարմիր ջերմաչափում: Բերանի կամ ռեկտալ ջերմափափումը խորհուրդ չի տրվում կիրառել 0-5 տ երեխաների շրջանում»,-բացատրում է համալսարանական մասնագետը` հավելելով, որ տենդի դեղերով բուժման նպատակը պետք է լինի ոչ թե ջերմության իջեցումը նորմային մոտ թվերի, այլ օպտիմալ ջերմիջեցումը՝ 1-2 ժամվա ընթացքում ջերմության 1-1.5 աստիճանի նվազումը ինքնազգացողության բարելավման հետ միասին:
«Անցնում ենք տենդի դեղորայքային բուժման, երբ այն ուղեկցվում է նշանակալի դիսկոմֆորտով, գլխացավով, մկանային ցավերով, սրտխառնոցով, հոգնածության զգացումով, ջերմության զգալի բարձրացումով 38.5-39 աստիճան և ավելի, տենդային ցնցումների հակման ժամանակ, երեխաների մոտ սրտի, երիկամների, լյարդի, առաջնային ծանր հիվանդությունների դեպքում, քանի որ տենդը կարող է վնասել»,-շեշտում է ընտանեկան բժիշկը:
Երեխաների տենդի վարման ժամանակ կարևոր է ծնողին սովորեցնել ճիշտ ջերմաչափում կատարել, հիվանդ երեխային շատ հեղուկ տալ, եթե երեխան սնվում է կրծքով, ապա հաճախակի կրծքին մոտեցնել, ճանաչել ջրազրկման նշանները՝ գաղտնի ներանկումը, բերանի չորությունը, փոս ընկած աչքերը, արցունքի բացակայությունը, ընդհանուր ծանր տեսքը:
Մասնագետը խորհուրդ է տալիս այդ դեպքում երեխային շատ հեղուկ տալ, եթե կան ջրազրկման ախտանշաններ, ապա պարտադիր դիմել բժշկական օգնության, հետևել գիշերը երեխայի վիճակին, ամենակարևորը՝ երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ: Անհրաժեշտ է ստուգել մաշկը՝ արդյոք ցանավորում կա՞, թե՞ ոչ:
«Եթե ցանը սեղմում ենք, և չի անհետանում, նշանակում է՝ կարող է ինֆեկցիոն բնույթի ցան լինել»,-ասում է Նարինե Ներսեսյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտում է, որ կարիք չկա իջեցնել երեխայի ջերմությունը, եթե նրա ինքնազգացողությունը բավարար է:
Հիշեցնում է՝ ջերմիջեցնող միջոցները չեն կանխում տենդային ցնցումների առաջացումը, ուստի դրանք չպետք է նշանակվեն հատուկ այդ ցնցումները կանխելու նպատակով: