Բժշկական մայր բուհում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և անձնվեր աշխատանքի համար ռեկտորի շնորհակալագրի արժանացավ պրոֆեսոր, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Արմենակ Համբարձումյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը փաստեց, որ հատկապես COVID-19 համավարակի ընթացքում կատարվել է արդյունավետ աշխատանք, որն ուղղված էր հանրության իրազեկվածության բարձրացմանը, հիվանդության դեմ պայքարում վստահության մթնոլորտի ձևավորմանը:
Համալսարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Համաճարակաբանության ամբիոնի երկար տարիների ղեկավարին` կատարած աշխատանքի համար:
Առաջիկայում վարիչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, մինչև 2024 թվականին կայանալիք ընտրությունները, ռեկտորատի առաջադրմամբ Արմենակ Հաբարձումյանին կփոխարինի նույն ամբիոնի պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը, ում նաև վստահվել է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավարումը:
Կորոնավիրուսային համավարակի ընթացքում, ինչպես պրոֆեսոր Տեր-Ստեփանյանի, այնպես էլ դասախոս Արման Բադալյանը հանրային իրազեկման, մասնագիտական վստահելի կարծիքը հանրությանը փոխանցելու հսկայական աշխատանք իրականացրին: Ռեկտորի տեղեկացմամբ` Արման Բադալյանը, ով այժմ բնակվում է արտերկրում, իր առաջարկով կհամալրի բուհի այցելու պրոֆեսորների շարքը:
100-ամյա ամբիոնի կադրային համակարգը, շարունակական զարգացումն այն հիմնական ցուցանիշներն են, որոնք դրված են նոր վարիչի առաջ:
Մերի Տեր-Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ընդգծեց, որ կներդնի բոլոր ջանքերը համալսարանական մեծ թիմի անբաժան մաս լինելու համար և կարդարացնի սպասելիքները:
Նա շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Համբարձումյանին, որն իր երկու ատենախոսությունների ղեկավարն է եղել համատեղ անցած ճանապարհի համար:
Հրավիրված նիստը եզրափակվեց Արմենակ Համբարձումյանի ելույթով: Նա հաջողություն մաղթեց իր գործը շարունակող կրտսեր կոլեգային:
«45 տարի կլրանա շուտով, որ աշխատում եմ բժշկական համալսարանում, դրանից շուրջ 3 տասնամյակ ղեկավարում եմ Համաճարակաբանության ամբիոնը, նաև երեք տարի ադմինիստրատիվ աշխատանք եմ կատարել` ղեկավարելով ԵՊԲՀ քոլեջը: Սերնդափոխությունը, թարմ աշխատելաոճը, մտքերն անհրաժեշտություն են կրթական բնագավառում»,- ասաց նա` հիշելով բոլոր այն ռեկտորներին, որոնց հետ աշխատել է, ինչպես նաև ամբիոնականներին երկար տարիների համատեղ աշխատանքի համար: