Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կորոնավիրուսային համաճարակը փոխել է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում ԵՊԲՀ ասպիրանտի ուսումնառության ընթացքը

Կորոնավիրուսային համաճարակը փոխել է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում ԵՊԲՀ ասպիրանտի ուսումնառության ընթացքը

ԵՊԲՀ ասպիրանտը տպավորված է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում ուսումնառության հնարավորությունից Մարտի 1-ից մայիսի 31-ը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի թերապիայի կլինիկայի սրտաբան, Սրտաբանության ամբիոնի ասպիրանտ, Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի և ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի դասախոս Անի Ռափյանը մասնակցել է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային ծրագրին:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարը ծրագրին մասնակցել է, որպես ասպիրատ և այդ ժամանակահատվածում համարվել է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի USC-ի` (Universidade de Santiago de Compostela) ասպիրանտ սրտաբանության ոլորտում կատարվող գիտական աշխատանքների ուղղությամբ՝ պրոֆեսոր Վիկտոր Արկեի ղեկավարությամբ: Ծրագրի մասին տեղեկացել է ԵՊԲՀ գիտության վարչությունից:

«Հայտարարվել էր մրցույթ ծրագրին մասնակցելու համար: Որոշեցի մասնակցել, չնայած դժվարությամբ էի պատկերացնում ինչպես եմ բացակայելու երեք ամսով, որովհետև բացի գիտական գործունեությունից զբաղվում եմ նաև կլինիկական և դասախոսական գործունեությամբ»,- պատմում է Անին և հավելում, որ հետո, երբ պարզվել է, որ մրցույթի հաղթողների կազմում է, սկսել է մտածել ծանրաբեռնված գրաֆիկը նախատեսված 3 ամիսների ընթացքում վերաբաշխելու մասին: Դժվարությամբ, բայց ստացվել է: Եվ մարտի 1-ին ԵՊԲՀ սովորողն արդեն գտնվում էի այդ հրաշք «կանաչ» քաղաքում՝ Սանտիագո դե Կոմպոստելայում: Այս քաղաքը Իսպանիայի Գալիսիա նահանգի մշակութային կենտրոնն է համարվում և իր ամբողջ պատմությունը հիմնված է Հակոբ առաքյալի անցած ճանապարհի և գործունեության վրա՝ ՍանտԻագո-Սուրբ Հակոբ: Ժամանման հենց հաջորդ օրը սկսել է ուսումնասիրել համալսարանի կառուցվածքը, աշխատանքային ոճը: Նրա խոսքով՝ բժշկական ֆակուլտետը համալսարանի ֆակուլտետներից մեկն էր, սակայն որպես կլինիկական առրկայի գծով ասպիրանտ, նախատեսված էր, որ ժամանակի մեծ մասն անցկացնելու էր Համալսարանական կլինիկայում՝ Hospital Clinico Universitario de Santiago de Compostela: Եվ հավանաբար ամեն ինչ հենց այդպես էլ կլիներ, եթե COVID-19-ը չպատուհասեր աշխարհը: Մարտի 15-ից սկսած հայտարավեց արտակարգ դրություն և համալսարանում դադարեցվեցին բոլոր դասընթացները: Ամբողջ կրթական գործունեությունն տեղափոխվեց օնլայն հարթակ: Յուրաքանչյուր ասպիրանտ օնլայն աշխատում էր իր ղեկավարի հետ: Արտակարգ դրությունը պահվում էր բացարձակապես խիստ ռեժիմով: Թույլատրվում էր դուրս գալ փողոց միայն անհրաժեշտ գնումներ կատարելու համար, կամ տարեց հարազատների խնամքը կազմակերպելու նպատակով: Խանութները կրճատել էին աշխատանքային ժամերը: Քաղաքի կենտրոնում սահմանված էր ռազմական հսկողություն: Մարտ և ապրիլ ամիսները շատ ծանր ամիսներ էին եվրոպական շատ երկրների՝ այդ թվում Իսպանիայի համար: Առավել խոցելի էին Մադրիդը և Բարսելոնան:

«Ինչ խոսք, ամեն ինչ շատ սահմանափակ էր, բայց մեկ այլ կողմից ժամանակի ավելցուկ կար, որը սկսեցի օգտագործել իմ գիտական նախագծի վրա աշխատելու համար »,-նշում է ասպիրանտը: Մայիսին աստիճանաբար վիճակը սկսեց թեթևանալ Սանտիագոյում և նա մի փոքր ժամանակ է ունեցավ գիտական գործունեությունից զատ ուսումնասիրել այդ հրաշք քաղաքը և Իսպանիայի հյուսիս-արևմտյան հատվածը: Այդ 3 ամիսների ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ, և նրանց աջակցությամբ կարողացել ենք վերադառնալ Հայաստան՝ նախատեսված ծրագրի ավարտին: Անի Ռափյանն ընդգծում է, որ ծրագրի մասնակիցները դժվար ժամանակահատվածում հայտնվեցին երկրի սահմաններից դուրս և դրանով պայմանավորված շատ հետաքրքիր հիշողություններ կան, այդ թվում` հաղթահարված դժվարություններ: Վերադառնալուց հետո երկու շաբաթ ինքնամեկուսացումից հետո անցել է իր հիմնական գործունեությանը: