Ցավով տեղեկացանք, որ 86 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊԲՀ երկար տարիների աշխատակից, դոցենտ Հակոբ Կարապետի Կարապետյանը:
Նա ԵՊԲՀ 1962 թվականի շրաջանավարտ էր: Նույն տարում գործուղվել էր Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղի բժշկական տեղամաս, որպես բժշկական տեղամասի վարիչ՝ կազմակերպելով մոտակա 4 գյուղերի բնակչությանը բուժօգնության ծառայությունների սպասարկումը:
1964-1965թթ. ուսուցանել է Լենինգրադի «Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի» ինստիտուտում: 1965-1967թթ. անցել էր աշխատանքի Լենինգրադի թիվ 14 պոլիկլինիկայում, որպես տեղամասային թերապևտ:
1967թ. ընդունվել էր աշխատանքի Երևանի պետական ինստիտուտի ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն, որպես ավագ լաբորանտ, մեկ տարի անց որպես ասպիրանտ և մեկ տարի անց որպես ասիստենտ և հետագայում, որպես դոցենտ նույն ամբիոնում:
1977թ. պաշտպանել էր թեկնածուական թեզ արդի սրտաբանություն թեմայով: Կատարած հետազոտությունների հիման վրա Հայաստանում ներդրել էր էլեկտրոիմպուլսային թերապիայի մեթոդով սրտի ռիթմի կարգավորումը: Տիրապետելով նշված մեթոդին կրթել է մեծաքանակ բժիշկներ՝ Հանրապետական հիվանդանոցում և Երևանի մյուս բժշկական հաստատություններում և մարզերում:
Բազմամյա աշխատանքի տարիներին ակտիվ մասնակցել է ամբիոնի գիտապրակտիկ աշխատանքներին նվիրված՝ սրտամկանի իշեմիկ հիվանդությանը, հիպերտոնիայի, աղեստամոքսային փոփոխությունների մաթեմատիկական վերլուծմանը:
Հանրապետական հիվանդանոցի սրտաբանական բաժնում վարել է հիվանդներ, 15 տարի եղել է վիրաբուժական բաժնի սրտաբան-խորհրդատուն: Մեր երկրի բոլոր մարզերում և գյուղերում կատարել է պրակտիկ բժշկական օգնություն:
Հեղինակ է 52 տպագրված հոդվածների, մեթոդական ձեռնարկների և «Ներքին հիվանդություններ» բժշկական ինստիտուտի ուսանողների համար դասագրքի համահեղինակ է: Պարգևատրվել է ԵՊԲՀ-ի ոսկե մեդալով:
Կոլեգաների, նախկին ուսանողների, բուհի ղեկավարության անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Կարապետյանների ընտանիքին: