Մեծ ցավով տեղեկացանք անվանի բժիշկ-գիտնական, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի մահվան մասին:
Նրա մասին խոսելիս անհնար է չխոսել բժշկական համալսարանի պատմության մասին: Բժշկական համալսարանի, պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների տասնյակ սերունդների համար նրա ներկայությունը, բժիշկ-գիտնականի կերպարը օրինակելի էին:
Նրա դեպքում տարիների իմաստությունն ու երիտասարդական ավյունը, մեծ փորձն ու աշխատասիրությունը մեկտեղվել էին: Ավագ սերնդի հարգարժան ներկայացուցիչը, բժշկագիտության նահապետն իր ներկայությամբ հատուկ մթնոլորտ էր ձևավորում ինչպես ռեկտորատի, այնպես էլ Գիտական խորհրդի նիստերում, բուհական տարատեսակ նախաձեռնություններում ու քննարկումներում, Կարգապահական հանձնաժողովում, որի ղեկավարն էր:
Շատ ու շատ գործընկերների, ապագա բժիշկների համար նրա օրինակը, կենսասիրությունը վարակիչ էին:
Միխայիլ Աղաջանովն ավարտել էր բժշկական բուհը 1963 թվականին` վեց տասնամյակ առաջ, և որևէ օր չէր կորցրել կապը հարազատ կրթօջախի հետ` կրթելով սերունդներ, զարգացնելով հայրենի բժշկագիտությունը: ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի՝ երկար տարիների ղեկավարը ողջ կյանքը նվիրել էր գիտությանը, մասնավորապես՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը:
Պրոֆեսորի երկարամյա գործունեությունը մշտապես բարձր էր գնահատվում թե՛ համալսարանի, թե՛ միջազգային գիտական մտքի կողմից:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աղաջանովների ընտանիքին, հարազատներին, ընկերներին:
Բժշկական բուհից պակասեց մի վառ անհատականություն, մարդ, գիտնական, ով վայելում էր կոլեգաների, ուսանողների հարգանքն ու սերը:
Հոգեհանգստի տեղի և վերջին հրաժեշտի արարողության մասին լրացուցիչ կտեղեկացնենք: