«LanZzete Junior». ամփոփիչ գիտաժողով և վիրաբուժական օլիմպիադա 

«LanZzete Junior». ամփոփիչ գիտաժողով և վիրաբուժական օլիմպիադա 

2026 թվականի մայիսի 8-ին և 16-ին «LanZzete Junior» վիրաբուժական հարթակի շրջանակում կայացան 2026 թվականի ամփոփիչ գիտաժողովը և վիրաբուժական օլիմպիադան։

«LanZzete Junior»-ի գործունեությունն ուղղված է առաջինից երրորդ կուրսի ուսանողների տեսական և գործնական գիտելիքների զարգացմանն ու կատարելագործմանը։ Հարթակի գործունեությունը համակարգում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբուժության դպրոցի տնօրեն Սեմյոն Օրդույանը, ով մշտապես աջակցում և ուղղորդում է ուսանողներին ուսումնական գործընթացի ընթացքում։

Տեսական մասի շրջանակում կիսամյակի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ իրականացվում են զեկույցներ՝ վիրաբուժության հետ առնչվող ամենատարբեր թեմաների վերաբերյալ։ Մայիսի 8-ին տեղի ունեցավ շաբաթօրյա զեկույցների ամփոփիչ գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին կիսամյակի լավագույն ուսանողական զեկույցները։ Գիտաժողովը ծառայեց որպես տեսական հատվածի ամփոփում՝ ընդգծելով ուսանողների շարունակական առաջընթացը, ներգրավվածությունն ու մասնագիտական հետաքրքրվածությունը։

Կիսամյակի գործնական մասի վերջնական ամփոփումն իրականացվում է ամեն կիսամյակ անցկացվող վիրաբուժական օլիմպիադայի շրջանակում, որը միտված է ուսանողների կլինիկական մտածողության և գործնական հմտությունների գնահատմանը։

Մայիսի 16-ին «LanZzete Junior» վիրաբուժական հարթակի շրջանակում կայացավ այս տարվա վիրաբուժական օլիմպիադան, որն արդեն դարձել է յուրաքանչյուր կիսամյակի կարևոր և սպասված միջոցառումներից մեկը։ Օլիմպիադային մասնակցել է 6 թիմ՝ հայալեզու և անգլալեզու բաժիններից, որոնց կազմում ընդգրկված էին քոլեջից մինչև երրորդ կուրսի ուսանողներ։ Մրցույթի նպատակն էր ոչ միայն ստուգել մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, այլև զարգացնել թիմային աշխատանքը, արագ կողմնորոշվելու կարողությունը և ապագա բժշկին անհրաժեշտ մասնագիտական մտածողությունը։

Մրցույթի աշխատանքները գնահատել են ոլորտի փորձառու մասնագետները՝

  • Որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը,
  • Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ Կամո Շաբոյանը,
  • էնդոկրին վիրաբույժ, Էնդոկրին վիրաբուժության ամբիոնի դասախոս Աբել Մաթևոսյանը,
  • Հետբուհական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Վիկտոր Սարյանը,
  • Թամազյանի անվան վիրաբուժական դպրոցի սան Սյուզաննա Գրիգորյանը։