Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լեյշմանիոզի արդի խնդիրները` բուժաշխատողների համար կազմակերպված սեմինարում

Լեյշմանիոզի արդի խնդիրները` բուժաշխատողների համար կազմակերպված սեմինարում

Աշխատանքային գերհագեցած շաբաթն ամփոփում ենք վարակաբանների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, համաճարակաբանների, այլ նեղ մասնագետների  մասնակցությամբ հրավիրված «Լեյշմանիոզ. արդի խնդիրները» թեմայով տեսական սեմինարին, որին մարզաբնակ բուժաշխատողները հնարավորություն ունեցան միանալ առցանց:

«Հերացի» վերլուծական կենտրոնի հերթական միջոցառման մեկնարկն ազդարարելով` կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ 2023 թվականի տվյալներով առկա է լեյշմանիոզի դեպքերի ավելացում, ինչը և հիմք հանդիսացավ նման սեմինարի իրականացման համար:

«Տարբեր սոցիալական խնդիրների հետ, հաշվի առնելով այս վարակի խիստ սոցիալական բնույթը, գրանցվում են դեպքեր ոչ տեղաճարակային տարածքներում, սա պատճառ է բուժաշխատողներին մեկ անգամ ևս հիշեցնել  և իրազեկել վարակի արդիականության, հիմնական կլինիկական դրսևորումների մասին, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք, չհասնենք ուշ ախտորոշման, որը, իհարկե, բարդացնում է և նվազեցնում է բուժման արդյունավետությունը, արձանագրվում են բարդացած դեպքեր»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը` ներկայացնելով այսօրվա հիմնական զեկուցողին`  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար,  Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանին:

Աշխատանքի տասնամյակների փորձով բժշկի պրակտիկայից էին այն դեպքերը, օրինակներն ու փաստերը, որը նա ներկայացրեց լսարանի դատին:

Նա հանգամանալից ներկայացրեց լեյշմանիոզի առաջացման հիմնական պատճառներն ու ախտանշանները:

Ինչ է լեյշմանիոզը

Լեյշմանիոզը լեյշմանիա ցեղի միաբջիջ մակաբույծներով հարուցվող հիվանդություն է, մլակները խայթելով հիվանդ կենդանուն (հիմնականում շանը) վարակը փոխանցում են մարդու օրգանիզմ:

Վարակը չի փոխանցվում շան կծածից, այլ բացառապես մլակի խայթոցի միջոցով:

Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով՝ հիվանդությունն առավել հաճախ՝ 80 տոկոս դեպքերում անանխտանիշ է ընթանում, հարուցիչը կարող է տասնյակ տարիներ մնալ մարդու օրգանիզմում, մինչ այն պահը, երբ պացիենտն այլ հիվանդությամբ պայմանավորված հետազոտվում է կամ ընդունում որևէ թերապիա, որի արդյունքում ընկճվում է իմունիտետը, լեյշմանյոզն ակտիվանում է և ախտանշաններով ի հայտ գալիս:

«Լեյշմանյաները շատ են՝ շուրջ 20 տեսակի և առաջացնում են երկու հիվանդություն՝ մաշկային և ընդերային. մեկ անձի մոտ երկուսը միասին ծայրահեղ հազվադեպ է պատահում: Հիվանդության գաղտնի շրջանը երկար է, 2-ից 6 ամիս, անգամ տարիներ: Հիվանդությունը կարող է լինել ենթասուր՝ թեթև նշաններով՝ ջերմություն, քաշի անկում, տենդ և սուր ՝ բարձր ջերմություն և հիվանդության արագ պրոգրեսիվում: Հիմնական ախտանիշներն են՝ գունատությունը, որը անեմիայի հետևանքով է, փայծաղի և լյարդի հարաճուն մեծացումը, տենդը՝ սկզբում սուբֆեբրիլ, ապա կայուն բարձր, ախորժակի բացակայությունը, հյուծումը, ավշահանգույցների մեծացումը, մաշկային խոցերը»,-մանրամասնեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

Նրա փոխանցմամբ՝ հիվանդությունը տեսքով շատ նման է այլ հիվանդությունների ախտանշաններին, ուստի արտաքինից տարբերակելն անհնար է: Լեյշմանիոզի ախտորոշումը կատարվում է բիոպսիայի միջոցով:

Կարևոր է իմանալ, որ հիվանդությունը կասկածելու դեպքում կարելի է դիմել ինչպես արյունաբանի, այնպես էլ վարակաբանի, երկու դեպքում էլ հիվանդությունը կախտորոշվի ճշգրիտ:

Նա պացիենտների բուժման, անհրաժեշտ թանկարժեք դեղամիջով` (լիպոսոմալ Ամֆոտերիցին B) ապահովման գործում մեծապես կարևորեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի-HFC Armenia-ի կատարած աշխատանքը։ Համագործակցությունն այս կառույցի հետ տարիների փորձ ունի։ 2024 թվականին արդեն նվիրաբերվել է նշված դեղի 140, իսկ նախորդ տարի 202 սրվակ։ Արդյունքում անցած տարի բուժվել է լեյշմանիոզ ունեցող 28 երեխա, ինչը մեծ ու էական ներդրում է փոքրիկների առողջության, կյանքի փրկության գործում։

Հիվանդանոցի գործակցությունը մանուկների առողջության պահպանման բնագավառում աշխատող այս կառույցի հետ շարունակական է և ընդգրկում է նաև այլ ոլորտներ, այդ թվում սարքի նվիրաբերում։

Բանախոսը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, աշխարհի փորձը: Լեյշմանիոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումներում նա տարիներ շարունակ որպես բժիշկ-վարակաբան ակտիվ մասնակիցն ու աշխատանքային խմբերի անդամ է եղել:

Սեմինարի նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը լեյշմանիոզի կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունների, լաբորատոր ախտորոշման և բուժման արդի մոտեցումների վերաբերյալ:

Ստացած գիտելիքը, կլինիկական դեպքերը մասնագետները հնարավորություն կունենան կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում: