Բժշկական բուհում չեն մոռանում այն ուսուցիչներին, բժիշկ-գիտնականներին, որոնց երկարամյա գործունեության արդյունքում կրթվել և կայացել են ոլորտի լավագույն մասնագետները:
ԵՊԲՀ-ում անցկացվեց ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի 85 և այն երկար տարիներ ղեկավարած Կիմ Շուքուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված կոնֆերանս, որի ընթացքում ոլորտի հայ և արտասահմանցի մասնագետները հագեցած օրակարգով ներկայացրեցին օտորինոլարինգոլոգիայի արդի խնդիրները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց՝ պատահական չէ, որ այս պատմական իրադարձությունները նշվում են համալսարանում։
«Ուրախ եմ, որ այս միջոցառումն իրականացվում է հենց բժշկական մայր բուհում, քանի որ համալսարանը ոչ միայն դարբնոց է, այլև շարունակական բժշկական կրթության ձևավորողն ու թելադրողը մեր երկրում: Ձևավորված գեղեցիկ ավանդույթների համաձայն՝ յուրաքանչյուր նոր սերունդ պետք է գերազանցի իր ուսուցիչներին, որոնց առաքելությունն իրենցից լավերին պատրաստելն է: Ամբիոնի հիմնադիրներից պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը և երկարամյա ղեկավար պրոֆեսոր Կիմ Շուքուրյանը կարող էին հպարտությամբ ասել, որ իրենց կատարած աշխատանքները բազմապատկվել ու նոր որակ են ստացել»,-ընդգծեց բուհի ղեկավարը, որի խոսքով՝ կրթական գործընթացները, բարեփոխումներն իրականացվում են պատմական իրադարձություններին զուգընթաց, որտեղ յուրաքանչյուր բժիշկ գիտակցում է իր պատասխանատվությունը:
«Մեր ուսուցիչների հանդեպ անսահման հարգանք տածելով՝ մեր հայացքներն ուղղված են դեպի ապագա, դեպի երիտասարդ մասնագետներ, որոնք մեզ գերազանցելու են և մենք հպարտանալու ենք նրանցով, այնպես ինչպես այսօր կհպարտանային մեր ուսուցիչները՝ տեսնելով բժշկական համալսարանի հաջողությունները, մասնավորապես, օտոլարինգոլոգների հաջողությունները և նրա միջազգային ճանաչումը», -ասաց Արմեն Մուրադյանը՝ շնորհակալություն հայտնելով ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ Արթուր Շուքուրյանին՝ միջոցառումը կազմակերպելու համար։
ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ Արթուր Շուքուրյանը ներկայացրեց 85-ամյա ամբիոնը. 1939 թվականի նոյեմբերին կազմակերպվել և փաստացի ստեղծվել է քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը, որի ղեկավարությունը վստահվել է պրոֆեսոր Հմայակ Հարությունյանին: Այս շրջանից ամբիոնում պայմաններ են ստեղծվել գիտահետազոտական աշխատանքների իրականացման, ԼՕՌ օրգանների տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման կլինիկական և գործնական մեթոդների ներդրման համար: 1962 թվականից սկսած ամբիոնը երկար տարիներ ղեկավարել է Կիմ Շուքուրյանը:
Խոսելով ամբիոնում իրականացված բազմաթիվ աշխատանքների մասին՝ նա նշեց, որ դրանք նվիրված են եղել սուր և քրոնիկ տոնզիլիտի, դրանց ծագման, բուժման և բարդությունների ուսումնասիրությանը: Ամբիոնն ակտիվ մասնակցություն է ունեցել քիթ-կոկորդ-ականջաբանների համաշխարհային, միջազգային կոնֆերանսներին, կոնգրեսներին: 1968 թվականին Հայաստանում ակցկացվել է քիթ-կոկորդ-ականջաբանների համամիութենական համագումարը: Այսօր ամբիոնը ծավալուն գիտահետազոտական, ուսումնական և մանկավարժական աշխատանք է իրականացնում: Այն ունի բազմաթիվ լայնածավալ միջազգային կապեր՝ աշխարհի տարբեր երկրների առաջատար կլինիկաների հետ, որտեղ պարբերաբար վերապատրաստում և պրակտիկա են անցնում աշխատակիցները:
Ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ և Հայաստանի առաջատար կլինիկաների գործընկերների հետ ստեղծվել է Հայ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան:
Ամբիոնի հիմնական դրույթները ձևավորվել են վաղուց և մինչ օրս պահպանվում են: Այն է՝ ամեն աշխատակից պետք է կարողանա ինքնադրսևորվել, բոլորը բոլորի համար պետք է լինեն հասանելի, պահպանեն ամբիոնի մասնագիտական մակարդակը միջազգային ցուցանիշներին համապատասխան, հարգեն ավագ գործընկերներին և նպաստեն երիտասարդների զարգացմանը:
Արթուր Շուքուրյանը պահպանելով հոր՝ Կիմ Շուքուրյանի ձևավորած ավանդույթները, շնորհակալություն հայտնեց ամբիոնականներին, որոնք շարունակում են բարձր պահել այն մակարդակը, որ ձևավորվել է տարիների ընթացքում:
ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Նունե Նահապետյանի զեկույցը պատմական ակնարկ էր՝ նվիրված Կիմ Շուքուրյանի 100-ամյա հոբելյանին: «Տարեդարձն առիթ է հիշելու հրաշալի մարդկանց անցյալի բարձունքից: 1947-ին ավարտելով բժշկական դպրոցը նա անցավ մասնագետ դառնալու բոլոր փուլերը՝ լաբորանտից մինչև պրոֆեսոր և ամբիոնի վարիչ, որին որպես մասնագետ դիմում էին ոչ միայն Հայաստանում, այլ արտերկրում բնակվող հիվանդներն ու մասնագետները»,-ասաց զեկուցողը՝ ավելացնելով, որ բնութագրելով պրոֆեսորին՝ նշում են, որ նրան բնորոշ էր բարձր պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվության զգացումը:
«Նա միշտ քայլել է ժամանակին համընթաց՝ լուծելով այն խնդիրները, որոնք ժամանակն է թելադրել»,-հավելեց ամբիոնի դոցենտը՝ շեշտելով, որ նրան հաջողվել է պատրաստել բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ. մեծանուն համալսարանականը մեր երկրում քիթ-կոկորդ-ականջաբանության ստեղծման ու կայացման ակունքներում է, նրա սաներն այսօր կայացած ԼՕՌ մասնագետներ են:
Հաջորդաբար իրենց հուշերով կիսվեցին բժշկական բուհի երկարամյա աշախատակիցները, գործընկերները, ավագ որդին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը:
ԵՊԲՀ նախկին ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի խոսքով՝ Կիմ Շուքուրյանն այն ամբիոնի վարիչներից էր, որը ոչ միայն լավ մանկավարժ էր, արժանավոր քաղաքացի, անբասիր աշխատող, այլև առանձնանում էր իր համեստությամբ, աշխատանքի նկատմամբ նվիրվածությամբ: «Կիմ Շուքուրյանը միշտ աչքի է ընկել խորը գիտելիքով, մարդկանց հանդեպ բարի կամքով ու բարձրակիթ պահվածքով»,-շեշտեց նախկին ռեկտորը:
Հագեցած օրակարգով համաժողովի գիտական մասը մեկնարկեց հայ և արտասահմանցի մասնագետների զեկույցներով:
Ներկայացվեց ժամանակակից մոտեցումներն ականջի և գանգի հիմի պաթոլոգիաների վիրաբուժության մեջ, լսողության իմպլանտների տեխնոլոգիայի վերջին միտումները, արհեստական բանականության կիրառումը կոխլեար իմպլանտացիայում, փարավոնների սկանավորումը, մանկական լսողապրոթեզավորման սկզբունքները, խխունջային ներպատվաստումն ականջի բնածին արատների ժամանակ, ժամանակակից կոխլեար իմպլանտների միջոցով լսողության վերականգնումը, խխունջային ներպատվաստման դերը ծանրալսություն ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքում, դեմքի միջին երրորդականի ռեկոնստրուկցիան վիրավորների զանգվածային ընդունման պայմաններում, օտոսկլերոզի վիրահատական բուժումը ստապեդէկտոմիայի եղանակով, միջին ականջի բնածին խոլեստեատոման երեխաների մոտ, գլխապտույտների ախտորոշման ժամանակակից մոտեցումները, վիրուսային նշիկաբորբի բուժման սկզբունքները, հարնշիկայինթարախակույտի բարդությունները, միջնապատի թափածակումների վերականգնման առանձնահատկությունները, սնկային ռինոսինուսիտներ, դեռահաս բուժառուների մոտ նշիկաբորբերի իմունահյուսվածաքիմիական համեմատական բնութագիրը, կոկորդի ախտահարումները աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, ռինիտների բուժումը աղաջրային լուծութներով, ալերգիկ ռինիտը, դրա յուրահատուկ ձևերը և հակահիստամինային դեղամիջոցները, էնդոսկոպիկ տրանսնազալ վիրաբուժության էֆեկտիվությունը քթային լիկվորեաների ժամանակ, աԱլերգիկ ռինիտների ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդները, մանկական տարիքում քթի միջնապատի դեֆորմացիայի վիրահատական բուժման ընտրությունը, արցունկատար ծորանների ներքթային վիրահատական լազերային բուժման մեր փորձը, քթի թափածակված միջնապատի ամբողջականության վերականգնում՝ էնդոսկոպիկ եղանակով զեկույցները՝ լսարանին հնարավորություն տալով ծանոթանալ օտորինոլարինգոլոգիայի արդի խնդիրներին: