Մագիստրոսական թեզերը՝ դեպի գիտություն մուտքի և մասնագիտական աշխատանքի կարևոր հիմք. ֆոտոշարք

Մագիստրոսական թեզերը՝ դեպի գիտություն մուտքի և մասնագիտական աշխատանքի կարևոր հիմք. ֆոտոշարք

Դեղագիտական ֆակուլտետի ուսանողներն իրենց 5-ամյա ուսումնառության արդյունքն ամփոփում են մագիստրոսական թեզերի միջոցով։

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանի խոսքով՝ ուսանողների հետ մասնագիտական աշխատանքները սկսում են ուսման 3-րդ տարում։ Մագիստրոսական ծրագրի ընթացքում ապագա դեղագետները կատարում են գործնական աշխատանքներ և պաշտպանում մագիստրոսական թեզեր։

«Մագիստրոսական թեզի հիմնական նպատակն է ոչ միայն ուսանողների համար հիմք դնել դեպի մեծ գիտություն, այլ սա ճանապարհ է, որ ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական, գործնական գիտելիքի վերաբերյալ ստանան ամփոփիչ եզրակացություն։ Կարողացանք հասնել այն նպատակին, որ ուսանողները ուսման գործընթացին զուգահեռ աշխատեն՝ կատարելով փորձարարական ուսումնասիրություններ, ներկայացնեն մագիստրոսական թեզեր։ Իմ ցանկությունն է, որ կրթական գործընթացի այդ հատվածը՝ հետազոտական աշխատանքները, ավելի խորացվեն, զարգացվեն, քանի որ Դեղագործական ֆակուլտետի ուսանողների ճանապարհը դեպի մեծ կյանք չի ավարտվում միայն դեղատանն աշխատելով։ Մեր ֆակուլտետի շրջանավարտներն են մեր երկրի այն հիմնական ծրագրերի շարունակողները, որոնց համար դեղագործության ապագան գերակա խնդիր է»,-նշում է Հակոբ Թոփչյանը։

Նա ընդգծում է Հայաստանում դեղագործության զարգացման պետական ծրագրերի մասին՝ շեշտելով նաև, որ բնակչությանը որակյալ դեղերով ապահովելու մեջ իր ներդրումն ունի նաև բժշկական մայր բուհը՝ համապատասխան ֆակուլտետով և ամբիոններով։
Այդ ներդրումն, ըստ նրա, արտահայտվում է սովորողների կրթական մակարդակով։

«Մագիստրոսական թեզի պաշտպանության ընթացքում մեր ուսանողները, կարծեք, գտնում են իրենց մոտիվացիան կյանքում, մտնում են կյանք՝ իմանալով, թե ինչ է նշանակում դեղերի արտադրություն, դեղերի շրջանառություն։ Այս ամենի հիմքը տալիս ու զարգացնում է մեր համալսարանը։ Այն Հայաստանում առաջին բուհն է, որտեղ դեղագիտական ֆակուլտետ հիմնադրվեց 1973 թվականին։ Սկզբում չկային մագիստրոսական թեզեր, կային միայն պետական քննություններ, բայց հիմա տեսնում ենք, որ ավարտական այդ աշխատանքները անհրաժեշտ են, որպեսզի ուսանողները ոչ միայն տեսական, այլ նաև գործնական հարուստ գիտելիքներով մտնեն կյանք»,-հավելում է Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչը։

Մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հիմքում ուսանողների անցած գիտելիքն է և դրանց ամփոփումը մեկ թեմայում։
«Այսինքն՝ թեզը, լինելով նորություն ուսանողի համար, միաժամանակ ուսանողը պետք է հանկարծակիի չգա՝ դժվարանալով, թե ինչպես մտնի տվյալ թեմայի մեջ։ Այժմ քննարկումների փուլում ենք դեկանատի, ռեկտորատի հետ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պետական բանավոր քննություններից բացի մագիստրոսները հանդես գան իրենց կատարած ինքնուրույն աշխատանքներով, դրսևորեն իրենց որպես մասնագետներ, ոչ թե ուսանողներ, և այդ մասնագիտության հետ միասին, նորույթով մտնեն կյանք։ Դա կնպաստի մեր հանրապետությունում դեղագործության զարգացմանը»,-ասում է նա։

Ի դեպ, 15 ուսանողներ այս տարի պաշտպանել են մագիստրոսական թեզ։

«Սովորողները առաջին կուրսում գիտեն, որ պետք է զբաղվեն միայն դեղատնով, դեղերի վաճառքով, բայց ուսումնառության ընթացքում նրանք դառնում են մասնագետներ։ Սա կխրախուսի նաև դպրոցների շրջանավարտներին, ովքեր ցանկանում են ընտրել այս մասնագիտությունը։ Ինքս մասնագիտությամբ դեղագետ չեմ, բժիշկ եմ, ավարտել եմ Բուժական ֆակուլտետը, հետո դարձել դեղաբան, պաշտպանել դոկտորական։ Վստահ եմ, որ մասնագիտության ընտրությունը պետք է լինի հիմնավորված, գիտակցված, յուրաքանչյուրը պետք է իմանա, թե որտեղ կարող է հասնել հաջողությունների։ Միայն այդ դեպքում հաջողությունը կլինի ոչ թե պատահական, այլ հիմնավորված և կանխատեսելի։ Բժիշկն առանց դեղի չի կարող բժշկել, դեղագետն առանց բժշկի չի կարող աշխատել»,-կարևորելով դեղագետի մասնագիտությունը՝ շեշտում է Հակոբ Թոփչյանը։

Միջազգային ծչագրային հավատարմագրման գործընթացները տարբեր ֆակուլտետներում ևս Թոփչյանը կարևոր է համարում՝ նշելով, որ դա պատասխանատու մեծ քայլ է կրթական համակարգում։

Խոսելով մի քանի մագիստրոսական աշխատանքի մասին՝ Հակոբ Թոփչյանը նշում է, որ ուսանող Լիլիթ Ալեքսանյանն, օրինակ, մագիստրոսական թեզի շրջանակում իրականացրել է գիտահետազոտական աշխատանք «Մասուր շնայինի (Rosa canina) և տաքդեղ միամյայի (Capsicum annuum) պտուղներից կենսաակտիվ հավելում ստանալու տեխնոլոգիայի և ստանդարտացման» թեմայով։ Ուսումնասիրության հիմնական նպատակն էր բնական հումքից անջատել և քանակապես գնահատել դեղաբանական ակտիվությամբ օժտված միացություններ՝ մասնավորապես, ասկորբինաթթուն և լիկոպինը, ինչպես նաև ստանալ դրանց համակցությամբ հակաօքսիդանտային հատկությամբ օժտված կենսաակտիվ հավելման ստացման տեխնոլոգիական գործընթացը։ Գործնական աշխատանքների շրջանակում նախ և առաջ իրականացվել է հումքի ստանդարտացում՝ միկրոսկոպիկ վերլուծության և խոնավության պարունակության որոշման միջոցով։ Այնուհետև կիրառվել են տարբեր էքստրակցիոն մեթոդներ առավել արդյունավետ եղանակի բացահայտման համար, որը հնարավորություն կտա ստանալ կենսաակտիվ միացությունների առավելագույն կոնցենտրացիա։

«Աշխատանքի նորարարական արժեքը պայմանավորված է նրանով, որ ստացված հավելումը միաժամանակ ներառում է ինչպես հիդրոֆիլ (ասկորբինաթթու), այնպես էլ հիդրոֆոբ (լիկոպին) բնույթի կենսաակտիվ նյութեր։ Նման համակցումը նպաստում է համակողմանի հակաօքսիդանտ ակտիվության ապահովմանը, ինչը հնարավոր չէ միայն մեկ տիպի միացությունների կիրառմամբ։ Հենվելով գրականության տվյալների և գիտական աղբյուրների վրա՝ առաջարկվող կենսաակտիվ հավելումը, բացի արտահայտված հակաօքսիդանտ հատկություններից, բնորոշվում է նաև պոտենցիալ հակադիաբետիկ, հակաբորբոքային, հակաքաղցկեղային, հիպոտենզիվ և հոդապաշտպան ազդեցություններով»,-նշում է ԵՊԲՀ շրջանավարտը։

Ուսումնասիրության վերջնարդյունքում ստացվել է փոշի դեղաձև, իրականացվել է դրա դեղաչափավորում և որակի հսկում՝ պետական Ֆարմակոպեայի պահանջներին համապատասխան։

Ուսումնասիրության վերջնարդյունքում ստացվել է փոշի դեղաձև, իրականացվել է դրա դեղաչափավորում և որակի հսկում՝ պետական Ֆարմակոպեայի պահանջներին համապատասխան։

Մկրտչյան Էլիզայի խոսքով՝ դեղագետի մասնագիտությունը եղել է նախատատի երազանքը, ինքն էլ դեռ մանկուց հիացել է սպիտակ խալաթ կրող մարդկանցով և անձնվեր աշխատանքով։

«Դեղագետը ոչ միայն դեղորայք տրամադրող և վաճարող է, ինչպես ընդունված է անվանել մեր հասարակությունում, այլև գիտաշխատող է։ Ես ևս հետաքրքրված եմ գիտությամբ, որոշեցի պատրաստել դեղաձև, որը կօգնի նեյրոպատիկ ցավով տառապող մարդկանց, թուլացնել հիվանդության ախտանշանները։ Այդ նպատակին հասնելու համար մի ամբողջ տարի կատարել եմ մագիստրոսական թեզ՝ «Սրոհունդի լուծամզվածքից հականոցիցեպտիվ ազդեցությամբ դեղաձևի ստացում և ստանդարտացում» թեմայով։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհի բնակչության մոտ 5 %-ը տառապում է նեյրոպատիկ ցավով։ Իհարկե, սրոհունդի հակադեպրեսանտ, հակաբորբոքային և նեյրոպրոտեկտիվ ազդեցությունները ապացուցվել են տարբեր գիտնականների կողմից, բայց ինձ համար նպատակային է եղել ստեղծել դեղաձև, որը հնարավոր կլինի օգտագործել նեյրոպատիկ ցավի պահպանողական բուժման ընթացքում»,-եզրափակում է նա։

Գոհար Խուդոյանը ևս խոստովանում է, որ վաղ տարիքից հետաքրքրված է եղել մարդու առողջությամբ՝ ձգտելով հասկանալ ոչ միայն դեղերով, այլև բնական ու բուսական միջոցներով առողջության պահպանման ուղիները։

«Ֆարմացիան այն եզակի ոլորտն է, որտեղ գիտությունը, առողջապահությունն ու բնությունը միաձուլվում են՝ ի նպաստ մարդու բարեկեցության։ Մագիստրոսական թեզիս թեման եղել է՝ ռեհան բուրավետից օլեոռեզինի անջատումը և ներառումը քսուքի կազմի մեջ։ Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է վերջին տարիներին կոսմետիկ արդյունաբերության մեջ բուսական ծագման կենսաբանորեն ակտիվ միացությունների կիրառման նկատմամբ աճող գիտական և տեխնոլոգիական հետաքրքրությամբ»,-մանրամասնում է Գոհար Խուդոյանը։ Նա նշում է, որ իրականացվել է ռեհան բուրավետի էթիլացետատային էքստրակտի ստացում, որն այնուհետև խտացվել և ներառվել է քսուքի կազմի մեջ։ Ստացված քսուքն իր կենսաբանական ակտիվ միացությունների շնորհիվ առաջարկվել է կիրառել որպես հակաօքսիդանտային, հակամանրէային և հակաբորբոքային խնամքի միջոց։ Այն, ըստ ԵՊԲՀ շրջանավարտի, նպատակահարմար է մաշկի գրգռվածության, մակերեսային վնասվածքների, փոքր վերքերի դեպքում, ինչպես նաև ծերացման և ազատ ռադիկալների դեմ պայքարում։

Եվգենյա Զեյնալյանի մագիստրոսական թեման է եղել՝ «Պիրազոլո-տեղակալված պիրանո պիրիդինի S- և O-ալկիլ ածանցյալների սինթեզը և հականոցիցեպտիվ ակտիվությունը»։

«Սինթեզվել են նոր միացություններ, որոնց ցավազրկող ակտիվությունը հաստատվել է in vivo և in silico։ Ստացված արդյունքները հիմք են հետագա հետազոտությունների՝ այս միացությունները նեյրոպաթիկ ցավի բուժման նպատակով առաջարկելու համար»,-նշում է Եվգենյան։ Նա նշում է, որ դեղագետի մասնագիտությունը ընտրել է՝ նպատակ ունենալով ուսումնասիրել հիվանդությունների զարգացման մեխանիզմները և մասնակցել նոր դեղամիջոցների ստեղծմանը։

Իննա Սարգսյանը ևս Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ է։ Նա խոստովանում է, որ ի սկզբանե ցանկացել է ընտրել բժշկի մասնագիտությունը։

«Ընդունելության հայտերը լրացնելուց առաջ, բախտի բերմամբ, ընթերցում եմ մի գիրք, որն ապացուցում է դեղագետի մասնագիտության կարևորությունը բժշկության ոլորտում։ Այդ պահը որոշիչ եղավ մասնագիտությանս ընտրության հարցում։ Մագիստրոսական թեզի շրջանակներում իրականացրել եմ կոսմետիկ միջոցի՝ հելի ստացում ալոե հարյուրամյայի տերևներից։ Թեև մի շարք գրականության տվյալներում նշվում էր կենսաբանական սթրեսի կարևորությունը բույսի ակտիվ նյութերի քանակի մեծացման հարցում, հստակ հետազոտական տվյալներ չկային դրանց մասին։ Աշխատանքի ընթացքում գիտական ղեկավարներիս՝ Հ. Վ. Թոփչյանի և Ա. Գ. Ժամհարյանի օգնությամբ հստակ բացահայտեցի, որ ալոեի տերևները կենսաբանական սթրեսի ենթարկելիս դրանցում մոտ երկու անգամ աճում են պրոլինի և անտրացենածանցյալների քանակները։ Այս միացությունները պատասխանատու են վերջնարդյունքում ստացվող կոսմետիկ միջոցի թողած թերապևտիկ հատկությունների համար։ Դրանց շնորհիվ ալոեի տերևներից ստացված կոսմետիկ միջոցը կարելի է օգտագործել մաշկը խոնավեցնելու, հակաբորբոքային ազդեցություն թողնելու և, որ ամենակարևորն է՝ այրվածքների բուժման պրակտիկայում»,-իր ավարտական աշխատանքն է ներկայացնում դեղագետը։

Մագիստրոսական թեզը հնարավորություն է տվել նրան ամրապնդել 5 տարվա ընթացքում ստացած տեսական գիտելիքները, ձեռք բերել գործնական գիտելիքներ և ձգտել հետագայում զբաղվելու գիտական աշխատանքով։

Ալիսա Ղազարյանը դեղագետի մասնագիտությունն ընտրել է քիմիայի մեջ խորանալու համար։ Այդ առարկան առանձնակի հետաքրքրությամբ է սովորել դպրոցական տարիքից։ Նրա մագիստրոսական թեզի վերնագիրն է՝ «Ակնամոմ պարունակող երկշերտ օրոմուկոզալ թաղանթների ստացման տեխնոլոգիայի մշակումն ու որակի գնահատումը»։

«Մեր օրերում հաճախ են հանդիպում բերանի խոռոչի բորբոքումներ, որոնք ուղեկցվում են ուժեղ ցավերով և անհարմարություն են պատճառում բուժառուներին։ Որոշվեց ստեղծել մի միջոց, որը կունենա տեղային ազդեցություն, կմեկուսացնի բորբոքային օջախն ու դրանց հետ մեկտեղ կունենա հակաբորբոքային, ցավազրկող ու վերքերի վերականգնումը արագացնող ազդեցություն։ Ուսումնասիրություններից հետո որպես ակտիվ դեղաբանական նյութ (ազդող նյութ) ընտրվեց ակնամոմը, իսկ որպես դեղաձև՝ կանգ առանք օրոմուկոզալ թաղանթների վրա, որոնք կպչում են լորձաթաղանթին»,-այսպես իր աշխատանքն է բացատրում երիտասարդ մասնագետը։

Ըստ նրա՝ մասնագիտական գրականության մեջ շատ են հանդիպել թաղանթների բաղադրություններ, որոնք միաշերտ էին և արագ տարալուծվող։ Հիմնվելով այն փաստի վրա, որ արդյունավետ բուժման հիմքում պետք է լինի խոցերի հնարավոր երկարատև մեկուսացումը՝ իրենք առաջարկել են երկշերտ կառուցվածքը, ինչի շնորհիվ թաղանթներն ավելի դանդաղ էին տարալուծվում բերանում՝ արդյունավետ կերպով մեկուսացնելով խոցերը։

«Մեր կատարած հետազոտությունների արդյունքները վկայում են, որ առաջադրած բաղադրությամբ թաղանթները համապատասխանում են ՊՖ և որակի հսկման ցուցանիշներին»,-աշխատանքն է ներկայացնում Ալիսա Ղազարյանը։

Այս կարճ ամփոփիչ վերլուծությամբ ցանկանում ենք կարևորել դեղագետ-գիտնականների դպրոց ստեղծելու գործում մագիստրոսական թեզերի լայն կիրառության անհրաժեշտությունը և կարևորությունը։