ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնը հանրապետության տարբեր բուժհաստատությունների և առողջության կենտրոնների մանկաբույժներին հոկտեմբերի 25-ին համախմբել է միջազգային մասնակցությամբ համաժողովի շուրջ՝ «Մանկաբուժություն․ ընդլայնելով գիտելիքի հորիզոնները» խորագրով։
Համաժողովի անցկացման նպատակն է խթանել մանկաբուժության ոլորտում գիտակրթական համագործակցությունը, նպաստել նորարարական գիտելիքի կիրառմանը և երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացմանը։
Մանկական սպեկտրի տաբեր նեղ մասնագիտացումներ ունեցող բժիշկներին, մանկաբուժական հանրույթին համալսարանի և ռեկտորի անունից ողջունեց Գիտության գծով պրառեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Պրոռեկտորի համոզմամբ` միջոցառման անցկացումը առավել ևս ընդգծվում է համալսարանի երկու մանկաբուժական ամբիոնի միջև համագործակցության խթանման, մանկաբուժության բնագավառում առկա խնդիրների վեր հանման և քննարկման տեսակետից:
«Քննարկելու եք կլինիկական դեպքեր, կցանկանայի գիտահեն մոտենաք հարցադրումներին, որովհետև սա շատ կարևոր է արդի բժշկագիտության համար, որովհետև ինֆովացիոն առաջընթացը ապահովում եք դուք և պատահական չէ, որ բժշկագիտությունը տարբեր ինովացիաների կրող է: Մենք շատ արագ պետք է գիտության նվաճումը տեսնենք և կիրառենք կլինիկայում»,- ասաց պրոֆեսոր Ենկոյանը` հավելելով, որ ոլորտը շատ զգայուն է, աշխատելն բնագավառում հեշտ չէ, փոխվում է մասնագետի կենսակերպը, հոգեվիճակը: Նա հորդորեց որևէ վայրկյան հետ չմնալ գիտության նվաճումներից` կառուցելով ամուր առողջապահական համակարգ:
«Մենք բոլորս լավ գիտենք, որ ունեցանք երկու կամ երեք տասնամյակ, որոնք ծանր էին մանկաբուժության համար: Այն պահից, երբ փակվեց Մանկաբուժական ֆակուլտետը մեր առջև ծառացան խնդիրներ այն մասին, թե ինչպես պահպանենք մանկաբույժների քանակը, ինչպես դարձնենք այդ մասնագիտությունն առավել ցանկալի երիտասարդների շրջանում: Այս համատեքստում նման կոնֆերանսները չափազանց կարևոր են և դրանց հաճախականության ավելացման շնորհիվ ես տեսնում եմ մեծ ներուժ մանկաբուժության զարգացման համար: Ընդլայնելով հորիզոնները, ճիշտ այնպես ինչպես այսօրվա միջոցառման կարգախոսն է»,- դիմելով կոլեգաներին ասաց Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը, ով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի հետ համակարգում էր համաժողովի գիտական ծրագրի առաջին մասը:
Միջոցառման երկրորդ մասի համանախագահողն էր Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ, «Արաբկիր» բժշկական համալիրի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ստորաբաժանման ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժական գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը, իսկ երրորդ մասինը՝ Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ Վաչագան Բաղդասարյանը։
Գործընկերներին, հյուրերին խոսք հղեց միջոցառման գլխավոր կազմակերպիչը՝ Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և նեղ մասնագիտական մանկաբուժական կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը։
«Մանկաբուժությունը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է, որին անպայման պետք է նվիրվել, որը պարտադրում է պատասխանատվություն և, իհարկե, հոգատարություն յուրաքանչյուր երեխայի կյանքի և առողջության համար։ Այսօր, երբ մենք ապրում ենք նոր մարտահրավերների և փոփոխությունների շրջանում, նման գիտաժողովները դառնում են փորձի փոխանակման, շփման և գիտելիքի հարստացման լավ հնարավորություն։ Այսօր մենք կընդգծենք մեր ընդհանուր առաքելության կարևորությունը՝ այն է պաշտպանել մեր ամենափոքրիկ քաղաքացիների առողջությունը»,- շեշտեց պրոֆեսոր Սիմոնյանը։
Ցուցադրվեց ֆիլմ, նվիրված մեր երկրում մանկաբուժության կայացման և զարգացման ճանապարհին՝ ակունքներից մինչև մեր օրերը։
Մանկաբույժների, նեոնատոլոգների, մանկական վարակաբանների, մանկական ռեանիմատոլոգների, մանկական վիրաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական ակնաբույժների և մանկական գաստրոէնտերոլոգների մասնակցությամբ միջոցառման գիտական մասը մեկնարկեց բժիշկ-մանկաբույժ, գաստրոէնտերոլոգ, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Երեխաների առողջության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող (НМИЦ здоровья детей Минздрава России) Գոհար Մովսիսյանի «Օրֆանային հիվանդություններ» զեկույցով։
Մանկաբուժական համալսարանական մեծ թիմի ներկայացուցիչներից մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանը ներկայացրեց ցիլիոպաթիաներին վերաբերող զեկույց, մանկաբույժ, մանկական գաստրոէնտերոլոգ Օլգա Ասատրյանը՝ կլինիկական դեպքի օրինակով խոսեց էոզինոֆիլային էզոֆագիտի վարման սկզբունքների մասին։
Բժիշկ Լիլիթ Կիրակոսյանի մասնագիտական նյութը վերաբերում էր կարճատեսության վերահսկման նորագույն մեթոդներին։
Մադրիդի «12 de Octubre» հիվանդանոցի մանկական վարակիչ հիվանդությունների մասնագետ, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Պաբլո Ռոխոն և Գերմանիայից մանկական գաստրոէնտերոլոգ, մանկական թոքաբան, ալերգոլոգ Քյոլնի համալսարանի բժշկական ֆակուլտետն ու համալսարանական մանկական հիվանդանոցը ներկայացնող Իլզե Բրոկերտն առցանց միացան հայ գործընկերներին՝ հաջորդաբար ներկայացնելով «Բրոնխիոլիտների վարումը» և «Հատուկ սննդակարգերը մարսողական համակարգի հիվանդությունների դեպքում» թեմաները։
Գիտական քննարկումների երկրորդ և երրորդ մասերում կմասնակցեն մանկաբուժության տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ՝ ներկայացնելով եզակի կլինիկական դեպքեր և նորագույն բուժման մոտեցումներ։
«Մանկաբուժական դպրոց»-ի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը կրկին կլինիկական դեպքի շրջանակում կներկայացնի Գոշեյի հիվանդության և լեշմանյոզի մասին զեկույց։
Մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը կխոսի թոքաբորբերի մասին, իսկ զեկուցող Ռոզա Քիշոյանը՝ նորածնային անեմիաների հազվադեպ կլինիկական դեպքի շուրջ։
«Սոնոգրաֆիայի դերը մանկական փորացավի տարբերակիչ ախտորոշման մեջ» զեկույցը կմեկնաբանի ճառագայթաբան, սոնոգրաֆիստ Մելինա Ալոյանը, իսկ «Նորածնային դեղնուկների ժամանակ կիրառվող ֆոտոթերապիա․ արդյոք դա անվտա՞նգ է»՝ մանկաբույժ Գոհար Մարգարյանը։
«Պատանեկան դերմատոմիոզիտ՝ բարդացած թոքերի ինտերստիցիալ հիվանդությամբ․ կլինիկական դեպք» նյութը կներկայացնի Գարունիկ Էկսուզյանը, իսկ «Հեմոկոլիտով ընթացող սուր աղիքային վարակներ» թեման՝ վարակաբան Սուրեն Բրուտյանը։
Հաջորդիվ Անի Ղամբարյանի, Հասմիկ Եղիազարյանի և Վիոլետա Մանուկյանի կողմից երեք զեկույցով և սատելիտային քննարկմամբ մանկաբուժական համաժողովը կամփոփի հագեցած աշխատանքային օրը։