Ալեքսանդր Մատինյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 1999 թվականին: Սովորել է ռազմաբժշկական ֆակուլտետում, այն ավարտել 2005 թվականին, ավարտելուց անմիջապես հետո ընդունվել ինտերնատուրա, որը ավարտելուց հետո նշանակվել է Արցախի Հանրապետության, Մեխակավանի շրջանի զորամասում՝ որպես բժիշկ-մասնագետ:
«Այնտեղ եղել եմ զորամասի բուժկետի պետ, ավելի քան երեք տարի ծառայել եմ Արցախի Պաշտպանության բանակում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ», -ընդգծում է ԵՊԲՀ շրջանավարտը:
2009-2010 թվականին Մատինյանը ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա՝ կլինիկական լաբորատոր ախտորոշում մասնագիտությամբ:
«Այն ավարտելով նշանակվել եմ Վարդենիսի զինվորական հոսպիտալի լաբորատորիայի ղեկավար՝ բժիշկ-լաբորանտի պաշտոնում: Այնտեղ 8 տարի ծառայելով՝ նշանակվել եմ Երևանի կայազորի զորամասերից մեկում՝ որպես բրիգադի բուժծառայության պետ: Երկարամյա ծառայություն, 20 տարվա ստաժ ունենալով՝ զորացրվել եմ բանակից, ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա արդեն երկրորդ՝ մաշկավեներոլոգիա մասնագիտությամբ: Ավարտել եմ այս տարվա հունիսին, այսօր զբաղեցնում եմ տարբեր հաստիքներ տարբեր բուժհաստատություններում»,-ասում է Ալեքսանդր Մատինյանը:
Նա մոտ 5 տարի դասախոսել է Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջում:
«Որպես ռազմական բժիշկ՝ ծառայությունս սկսել եմ Արցախի առաջնագծից, զորացրվել եմ առանց պայմամագիր խզելու, հիմա անցել եմ քաղաքացիական հաստիքի, այժմ երկու մասնագիտությամբ էլ աշխատում եմ»,-նշում է նա:
Ալեքսանդր Մատինյանը ԵՊԲՀ-ում հիմա անցնում է կլինիկական օրդինատուրա՝ մանկական մաշկաբանություն մասնագիտացմամբ: Խոստովանում է, որ սիրահարված է բժշկությանը:
«Որոշեցի բժիշկ դառնալ՝ օգնելու մեր ժողովրդին, զինված ուժերում անձնվիրաբար ծառայել ենք, ասում են նախկին զինվորական բժիշկ չի լինում. այսօր էլ շարունակում ենք մեր՝ նվիրական, կյանքեր փրկող այդ առաքելությունը: Հոգեպես այդպես դաստիարակվել ենք մեր ֆակուլտետում, զինված ուժերում, որ պետք է ծառայենք մեր ազգին ու ժողովրդին: Բժշկական մայր բուհն ինձ տվել է ամեն ինչ, սիրում եմ շատ մեր կրթական հաստատությունը, ժամանակին երազել եմ ընդունվել բժշկական համալսարան: Բուհի հետ կապված բոլոր երազանքներն իրականացել են, շատ սիրում եմ իմ դասախոսներին, մեր համալսարանի հետ կապված ամեն ինչ իդեալ եմ համարում»,-շեշտում է Ալեքսանդր Մատինյանը:
Անցել է բազմաթիվ վերապատրաստումներ, որպես ռազմական բժիշկ, արժանացել գերատեսչական պարգևների: 2018 թվականին նրան շնորհվել է բժշկական ծառայության մայորի կոչում: «Բժշկի աշխատանքի առնչությամբ շատ նպատակներ ունեմ: Օրինակ, ունենք անբուժելի քրոնիկ հիվանդություններ, կուզեի, որ առողջական այդ խնդիրների ռեմիսիայի փուլերը լինեն մշտական, բուժենք այդ հիվանդությունները: Ունեմ այդպիսի լուրջ նպատակներ: Այդ խնդիրների լուծումը տեսնում եմ նոր ուսումնասիրություններով, նոր մեթոդներով, թե ինչպես կստացվի, ցույց կտա ժամանակը»,-նշում է նա:
44-օրյա պատերազմի ժամանակ Ալեքսանդր Մատինյանն աշխատել է Խնձորեսկի հոսպիտալում, որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալ, այնտեղ էլ միացել վիրավորների բուժմամբ զբաղվող սպիտակ բանակին:
«Ես Արցախում եմ ծառայել, Վարդենիսի հոսպիտալում, հայրենիքի պաշտպանության գործում առողջությունը վտանգած զինծառայողների, վիրավորների ապաքինմամբ շատ եմ զբաղվել, բայց, իհարկե, նման ծավալի վիրավորումների դեպքեր չէինք տեսել»,- նշում է Ալեքսանդր Մատինյանը: Անգամ ամենակարճ շփումից պարզ էր՝ տղաները տրամադրված էին մարտական, շատերն էին ցանկանում ապաքինվել ու կրկին մարտական դիրք բարձրանալ՝ զինակիցների կողքին լինելու համար:
Գլխավոր ցանկությունն է, որ պատերազմական իրավիճակներ չլինեն, սպիտակ բանակի կարիքն առաջնագծում լինի միայն խաղաղ պայմաններում: