Մանկական քիմիական թունավորումները՝ հանրային առողջության գերխնդիր

Մանկական քիմիական թունավորումները՝ հանրային առողջության գերխնդիր

Մանկական քիմիական թունավորումները համարվում են հանրային առողջության գերխնդիր՝ ինչպես գլոբալ, այնպես էլ ազգային մակարդակներում։ Քիմիական թունավորումն առաջանում է, երբ երեխայի օրգանիզմը շփվում է կամ կուլ է տալիս թունավոր նյութեր՝

  • տնային մաքրող միջոցներ,
  • դեղորայք,
  • կենցաղային գազեր,
  • թունաքիմիկատներ (պեստիցիդներ),
  • ծանր մետաղներ (սնդիկ, կապար, արսեն) և այլն։

Քանի որ երեխաների օրգանիզմը դեռ զարգացող է, նյութափոխանակությունը արագ է, իսկ պաշտպանական մեխանիզմները՝ թույլ, այդ թունավոր ազդեցությունները շատ ավելի վտանգավոր են, քան մեծահասակների մոտ։

Ըստ ԱՀԿ-ի ամեն տարի աշխարհում գրանցվում է 100,000-ից ավելի մանկական մահ քիմիական թունավորումներից, մոտ հինգ միլիոն երեխա ամեն տարի ենթարկվում է ոչ մահացու քիմիական ազդեցությունների՝ որոնք առաջացնում են նյարդաբանական, հոգեկան, լյարդային կամ երիկամային խանգարումներ և դեպքերի 80 %-ը զարգացող երկրներում է, որտեղ քիմիական նյութերի պահպանումը և թունաբանական հսկողությունը անբավարար են։

«Մուրացան» ՀՀ-ի Թունաբանության կլինիկայում «թունավորում» ախտորոշումով բժշկական օգնություն ստացած պացիենտների վերաբերյալ վերջին 4 ամիսների ընթացքում հավաքագրված տվյալների վերլուծությունն ամփոփում է թունավորման 196 դեպք, որից 195-ը պահանջել են հիվանդանոցային բուժում: Պացիենտների մեծ մասը տղաներ էին` 58%-ը: Վերլուծությունը ցույց է տվել, որ թունավորման դեպքերի 90%-ից ավելին տեղի է ունեցել տանը: Գերակշռող թույներն էին կենցաղային քիմիկատները (մաքրող միջոցներ, հիպոքլորիտ, լվացող հեղուկներ) և դեղերը:

1-6 տարեկան երեխաները կազմել են բոլոր դեպքերի 57%-ը. սա ցույց է տալիս մանկական անվտանգության կրիտիկական խնդրի առկայությունը հատկապես այս տարիքային խմբում:

Թունավորումների պատճառ հանդիսացող կենցաղային քիմիկական նյութերի ընդունման հիմնական եղանակը բերանայինն էր (99%+դեպք):

Երեխաները դրանք խմում են թունավոր նյութը՝ շփոթելով ջրի, հյութի կամ այլ խմիչքի հետ։ Սա համարվում է տանը կենցաղավարության և անվտանգության կրիտիկական ձախողում։

Երեխաների համար թունավորման պատճառներից ամենավտանգավորն են` մաքրող միջոցները, դեղերը, ինչպես նաև կոսմետիկան: Կենցաղային քիմիկատները` մասնավորապես հիպոքլորիտը (12+դեպք), «Դոմեստոս» ապրանքանիշի մաքրող հեղուկները (15+դեպք), քացախաթթուն, բենզինը (8+դեպք), պատճառ են հանդիսացել թունավորման 98 դեպքերի կամ 50%-ի համար:

Վերլուծական տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ թունավորման դեպքերի գերակշիռ մասին նպաստել է կենցաղային քիմիկատների, մաքրող միջոցների հասանելիությունը մանկահասակ երեխաների համար, ուստի հիմնական ջանքերը պետք է կենտրոնացվեն տնային տնտեսություններում մանկական անվտանգության բարձրացման վրա, քանի որ դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում տանը և կապված է հեշտությամբ հասանելի կենցաղային քիմիկատների հետ։

Կենցաղային թունավորումները ունեն հետևյալ առողջական հետևանքները`

  1. Սուր ազդեցություն՝ փսխում, ջրազրկում, ցնցումներ, շնչառական խանգարումներ, գիտակցության կորուստ։
  2. Քրոնիկ ազդեցություն՝ նյարդային համակարգի ախտահարում, մտավոր զարգացման հապաղում, տեսողության/լսողության խնդիրներ։
  3. Ծանր մետաղների (օր. կապար, սնդիկ) երկարատև ազդեցությունը կապված է ցածր մտավոր ունակությունների, վարքագծային խանգարումների, ուսումնական առաջադիմության անկման հետ։

Հարկ է նշել, որ քիմիական թունավորումների ավելի քան 90%-ը տեղի է ունենում տանը և կարելի է լիովին կանխել՝ դեղերի ու քիմիական նյութերի ճիշտ պահպանմամբ։

Մեծ է նաև խնդրի տնտեսական և սոցիալական բեռը, քանի որ թունավորումների բուժումը թանկարժեք է, երկարատև և երբեմն անարդյունավետ, ծանր դեպքերը հանգեցնում են վաղ հաշմանդամության կամ մտավոր հետամնացության, ինչը մեծացնում է պետության սոցիալական ծախսերը։ Նախադպրոցական, դպրոցական կրթությունը և ծնողակրթությունը քիմիական կենցաղային թունավորումների կանխարգելման անկյունաքարն են։

Մանկական քիմիական թունավորումները ոչ միայն բժշկական, այլև սոցիալ-տնտեսական և իրավական խնդիր են։ Դրանք լիովին կանխարգելելի են՝ պայմանով, որ պետությունը, կրթական համակարգը և ընտանիքը գործեն համատեղ։