Մարդու առողջությունը սկսում է բերանի խոռոչից. վստահեցնում է ապագա ստոմատոլոգ անվանական կրթաթոշակառուն

Մարդու առողջությունը սկսում է բերանի խոռոչից. վստահեցնում է ապագա ստոմատոլոգ անվանական կրթաթոշակառուն

Ստոմատոլոգիական ֆալուլտետի 5-րդ կուրսի ուսանող, 2022-2023 ուս. տարում «Կառլեն Եսայանի անվան» կրթաթոշակառու Աննա Ստեփանյանի համար ԵՊԲՀ-ում սովորելը մեծ հպարտություն է, իսկ բժշկի մասնագիտությունը անչափ հետաքրքիր և միևնույն ժամանակ մարդասիրական ու կարևոր:

«Ուսումնառության տարիները շատ հետաքրքիր ու հագեցած են: Կլինիկական առարկաների ուսումնասիրությունը և բժշկության տարբեր ճյուղերի հետ առնչությունը սովորելը դարձնում են բացահայտումների ու նորանոր գիտելիքներ ձեռք բերելու շրջափուլ: Ստոմատոլոգիան յուրահատուկ տեղ է զբաղեցնում ինձ համար, մարդու առողջությունը սկսում է բերանի խոռոչից և շատ կարևոր է հոգ տանել դրա մասին»,-նշում է հերացիականը:

Ապագա ստոմատոլոգի համար բազմաթիվ հետաքրքիր ու արդիական ոլորտներ կան այժմյան ստոմատոլոգիայում, բայց թերապևտիկ ստոմատոլոգիան, ինչպես նաև օրթոդոնտիան և գնաթոլոգիան՝ ներառյալ քունք-ստործնոտային հոդի դիսֆունկցիաների բուժումը  առավել  հետաքրքիր է:

«Ցանկանում եմ մարդկանց անկաշկանդ ժպիտ և իր ֆունկցիաները լիարժեք կատարող ատամնածնոտային համակարգ պարգևել։ Այժմ ցավոք, շատացել են կծվածքի և ատամնաշարի անկանոնությունները, շատ կարևորում եմ աշխատանքը դրանց կանխարգելման և առհասարակ դեռ փոքր տարիքից մարդկանց սովորեցնելու՝ թե ինչքան կարևոր դեր է կատարում ատամնածնոտային համակարգը և առհասարակ բերանի խոռոչը, ու ինչ պետք է անել հիվանդությունների կանխարգելման համար՝ սկսած բերանի խոռոչի հիգիենայից մինչև ժամանակին ստոմատոլոգին դիմելը»,-ընդգծում է ԵՊԲՀ ուսանողը:

Աննա Ստեփանյանի կարծիքով բժշկի կարևորագույն հատկանիշը պետք է լինի պատասխանատվությունը և սրտացավությունը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ. «Շատ կարևոր է մարդկանց վստահությունը ձեռք բերել և, իհարկե, պատշաճ օգնություն ցուցաբերել։  Բժշկական համալսարանում սովորելը՝ առավել ևս բարձր առաջադիմությամբ, միանշանակ հեշտ չէ: Բայց երբ ունես նպատակներ և հարազատ մարդկանց լիարժեք աջակցությունը, մոտիվացիան մղում է առաջ գնալ: Ընդունելության քննություններից մինչև այսօրվա ցիկլային քննություններ, ես ունեմ ընտանիքիս ու սիրելիներիս աջակցությունը, ոգևորությունը, որն էլ կարծում եմ ամենակարևոր մղիչ ուժն է ինձ համար»:

Աննան բժշկությունից բացի, այլ մասնագիտության մեջ իրեն չի պատկերացնում:

«Գուցե ընտրեի բժշկության մեկ այլ ճյուղ, բայց միանշանակ, այս ոլորտն է իմը և ես ինձ հենց այստեղ եմ տեսնում, իսկ ստոմատոլոգիան՝ բոլորից հետաքրքիրն ու հեռանկարայինն է ինձ համար»,-խոսքն ամփոփում է անվանական կրթաթոշակառուն: