Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մարինե Բալասանյանն ու Հակոբ Թոփչյանը շարունակում են ուսուցիչների գործն ու բուհում ներդրված դեղաբանության գիտական դպրոցի ավանդույթները  

Մարինե Բալասանյանն ու Հակոբ Թոփչյանը շարունակում են ուսուցիչների գործն ու բուհում ներդրված դեղաբանության գիտական դպրոցի ավանդույթները  

Բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարն այս անգամ դեղագիտության և դեղագործության բնագավառի համալսարանական ամուսինների անցած ճանապարհն է ներկայացնում ընթերցողին:

2011 թվականից դեղագործական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Մարինե Բալասանյանը ղեկավարում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնը: Մասնագիտության ընտրության հարցում որոշակի դեր է խաղացել նրա տատը՝ Վարվարա Բալասանյանը, որը եղել է մեր երկրի առաջին դեղագետներից:

«Հայաստանում այն ժամանակ նոր էր ձևավորվում դեղագործական ոլորտը: Նույնիսկ ոչ թե սովորական ընդունելությամբ էին սովորում, այլ հավաքում էին ուսանողների, որ գան, սովորեն՝ մեր երկրում դեղագործությունը կայացնելու համար: Նա խանդավառությամբ էր պատմում իրեն դասավանդող ականավոր գիտնականների մասին, ինչպիսին էին Արմենակ Մնջոյանը, Սիմոն Միրզոյանը, որ միգուցե դա էլ է իրեն մղել՝ ընտրելու դեղաբանությունը: Տատիկս անչափ սիրել է իր մասնագիտությունը, հայրս վիրաբույժ էր, բայց նա ևս շատ էր սիրում դեղագետի մասնագիտությունը: Դպրոցում սովորելիս ֆիզիկամաթեմատիկական էր հետաքրքրություններիս շրջանակը, ուզում էի գնալ այդ ֆակուլտետ, բայց հայրիկիս հորդորով եկա Դեղագործական ֆակուլտետ»,-նշում է Մարինե Բալասանյանը, նա մեծ պատկառանքով է խոսում իր ուսուցչի՝ ակադեմիկոս Սիմոն Միրզոյանի մասին:

«Մասնագիտությունս սիրեցի հատկապես 3-րդ կուրսից հետո, երբ սկսեցինք սովորել նաև ֆարմակոլոգիա, ծանոթացա իմ հետագա ուսուցչի՝ ակադեմիկոս Միրզոյանի հետ: Սկսեցի մասնակցել գիտական խմբակների: Հանձնարարված առաջին փորձերը կատարել եմ  Հակոբ Թոփչյանի հետ, նա ֆարմակոլոգիայի ամբիոնում աշխատել է 17 տարեկանից, եկել էր Սուխումիից այստեղ սովորելու: Նա հմուտ փորձարար է, ես իմ փորձարարական հմտությունները ձեռք եմ բերել նրա ուղղորդմամբ»,-նշում է պրոֆեսոր Բալասանյանը:

Բժշկական գիտությունների դոկտոր Հակոբ Թոփչյանը ԵՊԲՀ դեղերի տեխնոլոգիայի ամբիոնը ղեկավարում է 1998-ից:

1994–1997թթ. Ռուսաստանի բժշկագիտության ակադեմիայի դեղաբանության գիտահետազոտական ինստիտուտում սովորել է դոկտորանտուրայում՝ միաժամանակ աշխատելով որպես ավագ գիտաշխատող: 1983 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1998 թ.՝ դոկտորական ատենախոսությունը:

 «Տարիներ անց, Հակոբ Թոփչյանի հետ ընտանիք կազմեցինք, դեղաբանությունը դարձավ մեր ընդհանուր գիտական նախասիրությունը: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո Հայաստանում սկսվեցին սոցիալ-տնտեսական դժվար տարիները և գիտության զարգացումը ապահովելու համար Վիլեն Հակոբյանը Հակոբ Թոփչյանին ուղեգրեց Մոսկվայի ֆարմակոլոգիայի ինստիտուտ՝ սովորելու դոկտորանտուրայում, ես ևս ընդունվեցի այնտեղ դոկտորանտուրա, երկուսով պաշտպանեցինք դոկտորական ատենախոսություն` Մոսկվայի դեղաբանության գիտահետազոտական ինստիտուտի և մեր համալսարանի համատեղ գիտական գործունեության ներքո` ակադեմիկոսներ Վիլեն Հակոբյանի և Սերգեյ Սերեդենինի ղեկավարությամբ: Հակոբ Թոփչյանը, երբ ֆարմակոլոգիայի ինստիտուտում աշխատում էր դոկտորական ատենախոսության վրա, Ռուսաստանում առաջին անգամ մշակեց ինսուլտի փորձարարական մոդել.  տարբեր վայրերից  գալիս, նայում էին, թե փորձն ինչպես է արվում: Միմյանց լուր էին տալիս՝ ասելով, որ Հակոբ Թոփչյանն է այսօր փորձ կատարելու, գնում, նայում էին փորձը: Շատերը չէին հավատում, որ կվերադառնանք, բայց վերադարձանք,և կրկին միացանք դեղաբանների գիտական դպրոցի գործին: Բազմաթիվ երիտասարդներ են պաշտպանել թեկնածուական թեզերը Հակոբ Թոփչյանի ղեկավարությամբ»,-ընդգծում է գիտաշխատողը, ում խոսքով՝ ակադեմիկոս Սիմոն Միրզոյանի ղեկավարած Ֆարմակոլոգիայի ամբիոնը Խորհրդային Միության առաջատարներից էր, բոլոր աշխատողները «սիրահարված էին» իրենց մասնագիտությանը:

«Սիմոն Հակոբի Միրզոյանը պատրաստել է մոտ 30 թեկնածու, 10-ից ավելի գիտության դոկտորներ, հիմնել մեծ դպրոց: Ի դեմս նրա, ես հասկացա գիտաշխատողի և գիտնականի տարբերությունը: Նա իսկական գիտնական էր, որն ուներ զարմանալու և գիտական արդյունքով հիանալու անզուգական հատկություն: Սիմոն Միրզոյանի դպրոցն են անցել բժշկական մայր բուհի նախկին ռեկտորներ Էմիլ Գաբիրելյանը, Վիլեն Հակոբյանը: Նրանք, նախապես ընտրելով վիրաբուժություն մասնագիտությունը, հետագայում փոխել են, դարձել ֆարմակոլոգներ. իրենց ուսուցիչը այնքան էր սիրում իր մասնագիտությունը, որ անհնար էր չվարակել: Անչափ երախտապարտ եմ իմ ուսուցիչներին և ավագ ընկերներին, որոնք ունեն մեծ ներդրում թե իմ, թե Հակոբ Թոփչյանի մասնագիտական կայացման մեջ: Միշտ համարել եմ, որ երախտագիտությունն ուղղակի բառեր չեն: Համարում եմ, որ այն, ինչ արել են ուսուցիչները քեզ համար, պարտավոր ես շարունակել և փոխանցել քո աշակերտներին: Երբ ինձ նշանակեցին Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, աշխատեցի նրանց գործը շարունակել, համալսարանը, նրա ներկայիս ղեկավարությունը նպաստեցին, որ կարողանանք անել դա»,-նշում է Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանը:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 12 թեկնածուական ատենախոսություն: Պրոֆեսոր Բալասանյանի խոսքով՝ ամբիոնի աշխատակիցները աշխատում են մեծ նվիրումով, դասավանդում են, զբաղվում գիտությամբ: Մարինե Բալասանյանը վերապատրաստվել է  Սալոնիկի, Մալթայի և Կամերինոյի, Հայդելբերգի, Բաթ ՍՊԱ, Ջիրոնայի, Հելսինկիի համալսարաններում:

Բարձրագույն կրթության որակի ապահովման գծով վերապատրաստում է անցել Կոբլենզի, Լեմանի, Փարիզի մանկավարժական և Մյունխենի տեխնիկական համալսարաններում: Հեղինակ է 200 տպագիր աշխատանքի, այդ թվում 6 ուսումնամեթոդական ձեռնարկի, 4 հեղինակային իրավունքի, 2 նորարարության արտոնագրի:

«Նոր դեղը կյանքի կոչելը և ներդնելը շատ բարդ գործընթաց է: Մեկ դեղի կյանքը՝ փորձարկումից մինչև դեղ դառնալը, համարժեք է մոտ 1 մլրդ դոլարի: Սակայն, շատ կարևոր են հիմնարար հետազոտությունները, որոնք հետագայում հիմք են դառնում նոր դեղերի համար: Հիմնարար հետազոտություններ, որոնք դեղի ստեղծման հիմք են, ամբիոնում շատ են կատարվել: Սիմոն Միրզոյանը և Վիլեն Հակոբյանը առաջին անգամ հայտաբերել են ԳԱԿԹ-ի, գամամինոկարագաթթվի ազդեցությունն ուղեղային արյան շրջանառության վրա, հետագայում այդ փորձերի մասին զեկուցել տարբեր երկրներում և գիտաժողովներում, և դա այսօր դեղ է: Բացի այդ, նրանք ուսումնասիրել են ԳԱԿԹ-ի և նիկոտինաթթվի համակցությունը, հետագայում Մոսկվայի ֆարմակալոգիայի ինստիտուտում, դրա հիման վրա ստեղծվել է պիկամինոնը: 1940-ականների պատերազմի տարիներին, երբ համատարած մանկական փորլուծության խնդիր կար, Սիմոն Միրզոյանը  փշատից անջատել է փշատին ալկալոիդ և ստեղծել է ժելե, և հիվանդությունը կանխվել է: Շարունակելով գամամինոկարագաթթվի ածանցյալների ուսումնասիրումը լոկալ իշեիայի՝ փորձարարական ինսուլտի ժամանակ, Հակոբ Թոփչյանը պիրհոլիդոն և պիրոգլուտամինաթթու համակցությունը առաջարկել է` որպես ինսուլտի հետևանքները վերացնելու հեռանկարային միջոց` համատեղ Մոսկվայի ֆարմակալոգիայի ինստիտուտի հետ: Մեր ամբիոնը Մոսկվայի ֆարմակոլոգիայի ինստիտուտի հետ, բացահայտել է աֆոբազոլ պրեպարատի նյարդապաշտպան հատկությունները»,- նշում է Բալասանյանը:

Ֆարմակոլոգիայի ամբիոնն ուսումնասիրում է նոր սինթեզված կառուցվածքների ազդեցությունը ուղեղային արյան շրջանառության վրա և պերիֆերիկ նեյրոպատիկ ցավի ժամանակ: Բացի այդ, ուսումնասիրվում են բուսական ծագման միացություններ: Թեկնածուական աշխատանք է պատրաստվում բալի վերաբերյալ:

«Առաջին անգամ հայտնաբերվել է բալի հակաագրեգատային ազդեցությունը, իսկ նոր հակաագրեգանտ դեղերի զարգացումը չափազանց կարևոր է թե ինսուլտի, թե սրտամկանի ինֆարկտի կանխարգելման համար:   Խորհրդային Միության տարիներին Հայաստանի ֆարմակոլոգիայի գիտական դպրոցը ճանաչվել էր միության առաջատար դպրոցներից, և մենք մեր պարտքն ենք համարում, որ դպրոցի ավանդույթները, գիտական դերը, աշխատանքները շարունակվեն»,-նշում է պրոֆեսոր Բալասանյանը՝ հավելելով, որ այժմ գործակցում են Իտալիայի Կամերինոյի համալսարանի, Մոսկվայի ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ:

«Երիտասարդները, երբ իրենց աշխատանքի արդյունքը տեսնում են, բավարար է, որ ոգևորվեն: Ցանկությունս է, որ արհեստական որևէ խոչընդոտ այդ ոգևորությունը չկոտրի: Այսօր մեր համալսարանում ներդրված դասավանդման և գիտելիքի գնահատման նոր մեթոդաբանության ներքո ուսանողները պարտադիր իրականացնում են նաև մի փոքր հետազոտական աշխատանք: Երբ ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքը, պետք է տեսնել, թե ինչ խանդավառություն կա արդյունքը տեսնելիս: Կրկնակի ուրախանում եմ, երբ տեսնում են նրանց դասախոսների խանդավառությունը: Անչափ երջանիկ եմ իմ աշակերտներով, որոնք ինձ մեկ անգամ ևս ապացուցում են հայտնի խոսքերը, որ կյանքի հետ մեզ կապում են նրանք, ովքեր հենվում են մեզ վրա»,-խոստովանում է Ֆարմակոլոգիայի ամբիոնի ղեկավարը:

 Ի դեպ, ամբիոնն այս տարի նշում է ստեղծման 100-ամյակը:

Ծնողների մասնագիտությունն է ընտրել նաև դուստրը՝ Արաքսյա Թոփչյանը: Նա ավարտել է ԵՊԲՀ-ն, որից հետո ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանում, ստացել նեղ մասնագիտացում Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում: Ներկայումս աշխատում է Շվեյցարիայում դեղագիտական մեծ ընկերությունում՝ Հայաստան վերադառանալու պայմանով: