Հայ և համաշխարհային գրականության էջերում բազմաթիվ գրողներ բժշկագիտության ասպարեզում ևս իրենց ուրույն տեղն ու դերն են ունեցել:
Այս անգամ ապագա բժիշկների համար առանձնացրել ենք ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրող-բժիշկների անունները, որոնք մտավորականի, հումանիստի կատարելատիպ են։
Ռուբեն Սևակ (Ռուբեն Չիլինկիրյան), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։ Սովորել է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1911-1914թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը բժշկի օգնական է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։
Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական խորհրդածությունների, բանաստեղծությունների և այլ ժանրի ստեղծագործությունների հեղինակ է։
Ծերենց (Հովսեփ Շիշմանյան), գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր։ Սովորել է Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1853թ. վերադարձել է Կ.Պոլիս և զբաղվել բժշկությամբ։ Հանդես է եկել կրթադաստիարակչական հրապարակախոսական հոդվածներով, մասնակցել ազգային սահմանադրության մշակմանը, պայքարել դավանաբանական վեճերի դեմ, դարձել հակահասունյան շարժման պարագլուխ։.
Բագրատ Նավասարդյան, հասարակական գործիչ, բժիշկ։ Ավարտել է Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան։ Մասնակցել է 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմին, բժշկական օգնություն ցույց տվել հայ գաղթականներին։ 1880թ. Թիֆլիսում բացել է մասնավոր հիվանդանոց, որտեղ չքավորների բուժումն անվճար էր։ Հեղինակ է բազմաթիվ բժշկական հոդվածների։ Բագրատ Նավասարդյանի կերպարը Րաֆֆին մարմնավորել է «Խենթը» վեպում։
Գևորգ Ախվերդյան, բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ։ Սայաթ-Նովայի երգերի հայտնաբերողը, հրատարակիչն ու մեկնաբանը։ Ավարտել է Լազարյան ճեմարանը և Մոսկվայի համալսարանի բժշկական բաժինը։
Ախվերդյանը հավաքել է հայ աշուղների ստեղծագործությունները՝ հրատարակելու մտադրությամբ։ Վերծանել է հայերեն երգեր, կատարել ուսումնասիրություն Թիֆլիսի բարբառի մասին՝ հիմնադրելով հայ բարբառագիտությունը։
Միխայիլ Բուլգակով, խորհրդային ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, թատերական ռեժիսոր ու դերասան, վեպերի, վիպակների, պատմվածքների, պիեսների հեղինակ։ Սովորել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո մի քանի ամիս աշխատել է ռազմական հիվանդանոցում որպես բժիշկ։ 1919 թվականին Կարմիր խաչում և քաղաքացիական պատերազմի ժամանակ, նույնպես աշխատել է որպես բժիշկ։
1920 թվականին հիվանդանում է տիֆով։ Թողնում է բժշկի աշխատանքը և սկսում է ստեղծագործել։
Անտոն Չեխով, ռուս գրող և դրամատուրգ, բժիշկ։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից։ Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս», – ասել է նա։ Գրել է շուրջ 900 ստեղծագործություն. պատմվածքներ, վիպակներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույր» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։
Սոմերսեթ Մոեմ, անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ, որոնցից հատկապես հայտնի են «Երփներանգ շղարշը», «Ստրկություն մարդկային», «Լուսին և վեցպենսանոց», «Թատրոն» վեպերը և այլն։ Մոեմն ուսումնասիրել է գրականություն և փիլիսոփայություն։ 1892թ. ընդունվել է Լոնդոնի սուրբ Թովմայի անվան հիվանդանոցին կից բժշկական դպրոցը։
Արթուր Կոնան Դոյլ, անգլիացի գրող (ծագումով շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։ Ստեղծագործել է նաև պատմական, արկածային և գիտաֆանտաստիկ ժանրերում։ Կոնան Դոյլը նաև պիեսների և բանաստեղծությունների հեղինակ է։
1881թ. ստանալով համալսարանական դիպլոմ ու բժշկության բակալավրի աստիճան՝ զբաղվել է բժշկական պրակտիկայով։ 1891թ. Դոյլը որոշում է գրականությունը դարձնել իր հիմնական մասնագիտությունը։
Ֆրանսուա Ռաբլե, Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի գրող, եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկը, «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի հեղինակ։
1532թ. հրատարակել է անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը։ 1537թ. ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում։ Որպես բժիշկ աշխատել է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում։
1553թ. մահամերձ Ֆրանսուա Ռաբլեի վերջին խոսքերն էին. «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունն ավարտված է»:
Ջիրոլամո Ֆրակաստորո, Վերածննդի դարաշրջանի իտալացի գիտնական, բժիշկ, աստղագետ, բանաստեղծ։
1530 թ.հրատարակվել է Ֆրակաստորոյի գիտադիդակտիկ պոեմը՝ «Սիֆիլիս կամ Ֆրանսիական հիվանդություն» (այստեղից՝ սիֆիլիս հիվանդության անվանումը)։ Շարադրել է վարակիչ հիվանդությունների, դրանց տարածման և բուժման մասին ուսմունքը։ Ֆրակաստորոն առաջինն է առաջարկել «ինֆեկցիա» տերմինը։ Նկարագրել է ծաղիկ, կարմրուկ, ժանտախտ, կատաղություն, բծավոր տիֆ և այլ հիվանդություններ։ Ֆրակաստորոյի աշխատանքները հիմք հանդիսացան վարակիչ հիվանդությունների կլինիկայի և համաճարակագիտության համար։