ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր Նարեկ Ավդալյանը ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում մասնակցել է պլաստիկ վիրաբույժների ամենամյա միջազգային համաժողովին (PSTM – Plastic Surgery The Meeting), որի օրակարգը հագեցած էր, քննարկվող թեմաները՝ բազմազան, այդ թվում՝ պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն, էսթետիկա, գործնական հմտություններ, պլաստիկ վիրաբուժության ծառայության կազմակերպում, նորագույն տեխնոլոգիաների և հետազոտությունների ներկայացում։
Նարեկ Ավդալյանի փոխանցմամբ` միջազգային կոնֆերանսին մասնակցությունը կարևոր էր ոչ միայն նոր գիտելիքի ձեռքբերման, օտարերկրացի հայտնի բժիշկների հետ հաղորդակցվելու, փորձի փոխանակման, համագործակցության, կապերի ստեղծման առումով, այլև այն լավ հնարավորություն էր ոլորտի նորություններին ծանոթանալու, տարբեր զեկուցումներ լսելու, պրակտիկ միջամտությունների, տեխնիկական ցուցահանդեսի մասնակցելու համար։