«Մեկ առողջություն» հայեցակարգին նվիրված գիտագործնական կոնֆերանսը համախմբել էր ոլորտի մասնագետներին և ԵՊԲՀ սովորողներին՝ Լոնդոնի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր, գիտահետազոտական ծրագրերի պատասխանատու և ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր Հերմինե Մկրտչյանի մասնակցությամբ։
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, ներկայացնելով կոնֆերանսի նպատակը, շեշտեց, որ «Մեկ առողջություն» հայեցակարգը նպատակ ունի կանխարգելել առավելապես զոոնոզ վարակները։
«Զեկույցները վերաբերում են Հայաստանում տիրող իրավիճակին՝ կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների տեսանկյունից։ Այսօրվա քննարկումների առանցքում հակամանրէային կայունության խնդրին է, որը դարձել է հանրային առողջության գլոբալ տասը խնդիրներից մեկը։ Այն քայլում է քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և այլ խոշոր հանրային առողջապահական ռիսկերի հետ միասին»,– նշեց նա։
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի օրդինատոր Գևորգ Նալբանդյանի «Մեկ առողջություն» հայեցակարգի ներկայացմամբ մեկնարկեց գիտագործնական կոնֆերանսը։
««Մեկ առողջություն» հայեցակարգը համակցված մոտեցում է՝ ուղղված մարդկանց, կենդանիների, բույսերի և շրջակա միջավայրի առողջության պահպանմանը։ Որևէ խախտում, որը տեղի է ունենում կենդանիների կամ միջավայրի առողջության մեջ, անխուսափելիորեն ազդում է նաև մարդկանց առողջության վրա»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նոր վարակիչ հիվանդությունների ավելի քան 70 %-ը կենդանական ծագման (զոոնոզ) են՝ COVID-19, Ebola, Zika, Avian influenza (թռչնի գրիպ) և այլն։ Հակաբիոտիկների չարաշահումը, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, բերում է կայուն շտամների առաջացմանը, որոնք հետագայում փոխանցվում են մարդուն։
Այս ոլորտում հաջողության հասնելու համար պետք է համագործակցեն բժիշկները, անասնաբույժները, բնապահպանները, կառավարական մարմինները, հասարակությունը, և առանց թիմային աշխատանքի մոդելը չի աշխատի։
Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Հայկ Կարապետյանը հանդես եկավ «Էշերիխիոզի համաճարակաբանական հսկողության տվյալների վերլուծություն, Հայաստանի Հանրապետություն, 2016–2023 թթ.» թեմայով զեկույցով, որի նպատակն էր ՀՀ-ում մարդու էշերիխիոզի հիվանդացության ծանրաբեռնվածության (բեռի) որոշումը նշված ժամանակահատվածում։ «Escherichia coli (ընդհանուր հապավում՝ E. coli) Գրամ-բացասական, բացիլաձև, ֆակուլտատիվ անաերոբ բակտերիաների տեսակ է։ Հայտնաբերվել են E. coli-ի հարյուրավոր պաթոգեն («էնտերովիրուլենտ») շտամներ։ E. coli-ն բակտերիաների ամենամահաբեր հինգ տեսակներից մեկն է, որը կապված է ավելի քան 500,000 մահվան հետ՝ 2019 թվականին։ Այն փոխանցվում է ֆեկալ-օրալ, սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային ուղիներով։ Հայաստանում էշերիխիոզի բեռը բարձր է։ Վերջին տարիներին գրանցվել է հաճախականության աճ, այդ թվում՝ երեխաների շրջանում, ինչպես նաև բռնկումների բարձր ռիսկ՝ քաղաքային բնակչության շրջանում»,– ասաց նա՝ առաջարկելով էշերիխիոզի վերաբերյալ ամբողջական պատկերացում ստանալու համար Հայաստանում կիրառել էշերիխիոզի համաճարակաբանական դիտարկման առանձին, պասիվ, բնակչության վրա հիմնված համակարգ, լաբորատոր հետազոտությունների խորացում։
Համաճարակաբանության ամբիոնի ասպիրանտ Տիգրան Ուգուջյանն անդրադարձավ «Բ խմբի ստրեպտոկոկերով պայմանավորված նեոնատալ վարակների սքրինինգի տվյալների վերլուծությունը Հայաստանում (2020–2022 թթ.)» թեմային։
Նրա խոսքով՝ Բ խմբի հեմոլիտիկ ստրեպտոկոկը (Group B haemolytic streptococcus, GBS) նորածինների մոտ հիվանդացության և մահացության ամենատարածված վարակիչ պատճառներից մեկն է։ Հայտնի է, որ GBS-ը նորածինների մոտ առաջացնում է ինչպես վաղ, այնպես էլ ուշ սկսվող վարակներ։
«Հետազոտության նպատակն էր գնահատել հղիների մոտ GBS-ի գաղութայնացման մակարդակը և սքրինինգի արդյունավետությունը, որոշել անջատված շտամների զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ և հակաբիոտիկների արդյունավետությունը GBS-ով պայմանավորված վարակների կանխարգելման համար»,– ասաց նա՝ հավելելով, որ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնակիցների շրջանում սքրինինգն արդյունավետ էր, և դրանք վկայում են հիվանդացության և մահացության նվազման մասին։ Առաջարկվում է կանանց կոնսուլտացիա հաճախող հղիների սքրինինգ, որպեսզի ծննդաբերության ընթացքում GBS գաղութայնացված բոլոր կանանց առաջարկվի հակաբիոտիկ կանխարգելում՝ այդպիսով կանխելով դրա փոխանցումը նորածնին։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տվյալ պահին բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների տարածվածությանը և հակամանրէային դեղերի կիրառմանը վերաբերող հետազոտությունը ներկայացրեց նույն ԲԿ-ի համաճարակաբան Սյուզաննա Սահակյանը, որում ընդգրկվել էին բոլոր այն բուժառուները, որոնք հոսպիտալացվել են տվյալ բաժանմունք՝ մինչև առավոտյան ժամը 8:00-ը՝ բացառությամբ դիալիզ ստացող բուժառուների (ամբուլատոր կարգով), ընդունարանում/շտապ օգնության բաժնում գտնվող բուժառուների, ինչպես նաև մինչև 24 ժամվա ընթացքում բուժում ստացող և դուրս գրվող բուժառուների։
Եզրակացության համաձայն՝ ընդհանուր 101 բուժառուից 49-ը ստացել են հակամանրէային դեղեր, ինչը կազմում է 49%, այդ 49-ից 11-ը (22.5 %)՝ բուժման նպատակով, 38-ը (77.5 %)՝ կանխարգելման։ Բժշկական միջամտությամբ պայմանավորված վարակները կազմել են 3.9 %։
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Անի Մովսեսյանը խոսեց «Բրուցելոզի տարածվածությունը Հայաստանում. կանխատեսում և լուծումներ» թեմայով։
Անդրադառնալով արդիականությանը՝ նա նշեց, որ դա լայնորեն տարածված զոոնոզ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված կենդանիների հետ անմիջական շփման միջոցով և տարեկան արձանագրվում է շուրջ 2.1 միլիոն դեպք։ ԵՊԲՀ ուսանողի ուսումնասիրության նպատակն էր գնահատել բրուցելոզի տարածվածությունը Հայաստանում, բացահայտել փոխանցման գերակշռող ուղիները, ինչպես նաև բաշխվածությունն՝ ըստ բնակավայրերի (քաղաքային/գյուղային)։
Ամփոփելով հետազոտության արդյունքները՝ Անի Մովսեսյանը ներկայացրեց եզրակացությունը, որի համաձայն՝ ՀՀ–ում վերջին տարիներին նկատվում է բրուցելոզի դեպքերի աճ։ 2024 թվականին գյուղական միջավայրում աճել են 85%-ով, քաղաքային միջավայրում՝ 15 %-ով։ Մոտակա տարիներին սպասվում է բրուցելոզով հիվանդացության աճ։ Գերակշռում է փոխանցման սննդային ուղին, և այն առավել տարածված է գյուղական բնակավայրերում։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Օֆելյա Հարությունյանի հետազոտությունը «Տուլարեմիան որպես շարունակական խնդիր. տուլարեմիայի տարածվածությունը Հայաստանում» թեմայով էր։ Նա ներկայացրեց թեմայի արդիականությունը և նպատակը։ Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում տուլարեմիան առավել տարածված է Տավուշի շրջանում և չափահասների մոտ։ «Հիվանդությունը վերահսկելու համար անհրաժեշտ է ուժեղացնել կրծողների և հոդվածոտանիների հսկողությունը էնդեմիկ օջախներում, բարձրացնել ջրի և սննդամթերքի անվտանգության վերաբերյալ իրազեկվածությունը, հորդորել պահպանել անհատական միջոցները միջատների և տզերի խայթոցից պաշտպանվելու համար՝ կիրառել միջատասպան, միջատավանիչ միջոցներ, կրել փակ հագուստ»։
ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ, համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Քրիստինա Գյուրջյանի զեկույցը «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը և ռազմավարական մոտեցումները Հայաստանում» թեմայով էր։ Հետազոտության նպատակն էր արյան վարակի հիմնական դեղակայուն հարուցիչների վերաբերյալ նախնական տեղեկատվության առկայություն, բուժանձնակազմի արյան նմուշառման հմտությունների, ինչպես նաև բուժման ընթացքում մանրէաբանական հետազոտության արդյունքների պատշաճ օգտագործման կարողությունների բարելավում և այլն։
Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում մինչև 2015 թվականը՝ նա նշեց, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական հետևանքները նշանակալից և թանկարժեք են, սակայն դժվար է տալ դրանց ճշգրիտ քանակական գնահատականը, քանի որ շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, առկա տեղեկություններն ու տվյալները թերի են։
Համաձայն ԱՀԿ-ի կողմից եվրոպական տարածաշրջանի 28 երկրներում իրականացված տնտեսական հաշվարկի՝ հակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառման դեպքում 51 %-ով նվազում է մահացությունը և տնտեսվում է 2.3 մլրդ եվրո, պատշաճ ձեռքերի հիգիենայի իրականացումը նվազեցնում է մահացությունը 43 %-ով և տնտեսում է 2.97 մլրդ եվրո, ՀՄԿ-ի խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը 2 %-ով նվազեցնում է մահացությունը և տնտեսում է 60 մլն եվրո։ Գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բնապահպանության ոլորտներում վարակների և ՀՄԿ-ի զարգացման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է դադարեցնել հակաբակտերիային դեղերի կիրառումը որպես աճը խթանող և հիվանդությունների կանխարգելման միջոց, իսկ հակաբակտերիային դեղերը կիրառել միայն անասնաբույժի նշանակմամբ։
Հագեցած օրակարգով «Մեկ առողջություն» հայեցակարգին նվիրված գիտագործնական կոնֆերանսն ամփոփեց Լոնդոնի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր, գիտահետազոտական ծրագրերի պատասխանատու և ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր Հերմինե Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ պետք է ներդրում կատարել՝ Հայաստանի մակարդակը այս ոլորտում բարձրացնելու նպատակով։ «Մեր նպատակն է Հայաստանում ներդնել այն տեխնոլոգիաները, որոնք թույլ կտան տեղի մասնագետներին վերապատրաստվել։ «Մեկ առողջության» շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն հիվանդանոցները, այլև ամբողջ առողջապահական համակարգը»,– ասաց նա՝ եզրափակելով, որ վարակների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը կարևոր հիմնախնդիրներից է։