ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի և ախտաֆիզիոլոգիայի ամբիոնները կազմակերպել էին «Առողջ ծերացում» խորագրով ուսանողադասախոսական երկօրյա գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին ծերացման, մասնավորապես առողջ ծերացման հետ կապված մի շարք հարցեր:
Գիտաժողովի մեկնարկային օրը զեկուցումներով հանդես եկան ապագա բժիշկները, որոնց հետ աշխատել են 11 ամբիոներ և համալսարանական ենթակառուցվածքներ:
Նախքան ուսանողների ելույթները, ողջույնի խոսքով հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը՝ նշելով, որ շատ ողջունելի է ուսանողադասաախոսական նման միջոցառումների անցկացումը, որը հնարավորություն կտա մտքեր փոխանակել առողջ ծերացման թեմայով:
«Ծերացման հարցերը, մանավանդ առողջ ծերացման հարցերը շատ արդիական են: Վերջին տարիների հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ, գրեթե, կրկնապատկվում է 60-ից բարձր մարդկանց թիվը՝ 12 տոկոսից աճելով 22 տոկոսի: 60-ից բարձր մարդկանց թիվը գերազանցում է 5 տարեկան երեխաների թվին, դա արդյունք է ժամանակակից տեխնոլոգիաների, որոնց շնորհիվ մարդկանց կյանքը կարողանում ենք երկարացնել, բայց դրա հետ մեկտեղ հասկանում ենք, որ կան խնդիրներ, որոնց բոլորս առերեսվելու ենք ապագայում, որովհետև շատ կարևոր է ապահովել որակյալ ծերացում»,-նշեց պրոռեկտոր Ենկոյանը՝ բոլորին մաղթելով երկօրյա արդյունավետ աշխատանքային օր:
Այնուհետև ծերացման խնդիրներին անդրադարձավ Հանրային առողջության ամբիոնի դասախոս, Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:
«Ժողովրդական վիճակը ցանկացած երկրի, պետության ամենակարևորագույն բաղադրիչներից մեկն է, որն անմիջականորեն փոխկապակցված է մեր ազգային անվտանգության հետ, ինչպես նաև տնտեսական աճի, առողջապահական խնդիրների հետ: Այս համատեքստում ժողովրդական իրավիճակի կարևոր ցուցանիշներից մեկն է տարիքային կազմը»,- ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ ծերացման հետ կապված հանրային որոշ ցուցանիշներ ներկայացնելով:
Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը հակիրճ ներկայացնելով ծերացման 9 մեխանիզմների մասին ներկաների հետ հետաքրքիր հարցուպատասխան վարեց՝ ծերացումը արդյոք պաթոլոգիա է, թե ֆիզիոլոգիա: Ամբիոնի վարիչը շեշտեց, որ գիտաժողովի երկրորդ օրն առավել հանգամանալից անդրադարձ կկատարվի այս հարցին:
Ելույթների ավարտից հետո ապագա բժիշկները ներկայացրեին հետաքրքիր թեմաներ, ծավալեցին քննարկումներ:
Մհեր Կուրղինյանը խոսեց տելոմերների կարճացման մասին, Գևորգ Ավանեսյանը՝ էպիգենետիկ փոփոխությունների, Թովմաս Իսկանդարյանն անդրադարձավ գենոմի անկայունությանը, Ռուբեն Մինասյանը՝ միտոքոնդրիումային դիսֆունկցիան: Պրոտեոստազի խանգաման մասին խոսեց Աննա Մկրտչյանը, սննդանյութերի սենսինգի մասին՝ Աստղիկ Հակոբյանը, ցողունային բջիջների սպառմանն անդրադարձավ Անի Հարությունյանը, բջջային ծերացմանը՝ Լուսինե Մինասյանը, իսկ Էլեն Մկրտչյանը խոսեց միջբջջային հաղորդակցության խանգարման մասին:
Նշենք, որ միջոցառումը շարունակվելու է վաղը, որտեղ անդրադարձ կկատարվեն մի շարք կարևոր թեմաների պրոֆեսորադասախոսական կազմի, մասնագետների կողմից:
Գիտաժողովը վարում էր Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կարինե Մելքումյանը, որը Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանի անմիջական համակարգմամբ այս և նման այլև բուհական նախաձեռնությունների ակտիվ կազմակերպիչներից է: