Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկեց միջբուհական ուսանողական բաց առաջնությունը

Մեկնարկեց միջբուհական ուսանողական բաց առաջնությունը

Բժշկական համալսարանում մեկնարկեց Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող ուսանողական բաց առաջնությունը, որին մասնակցում է նաև 5 այլ բարձրագույն ուսումնական հաստատության շուրջ 170 ուսանող:

Միջբուհական առաջնության ընթացքում ուսանողները կմրցեն բազկամարտ (աջ ձեռքով) և բադմինտոն մարզաձևերում:

Միայն բժշկական մայր բուհի ուսանողների համար մրցումներ կանցկացվեն նաև սեղանի թենիս և բասկետբոլ մարզաձևերից:

Հայտարարելով առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման մեկնարկը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանի անունից ողջունեց բոլոր մասնակիցներին, երախտագիտություն հայտնեց կազմակերպիչներին:

«Ցանկանում եմ ձեզ սպորտային հաղթանակներ։ Թող ձեր պայքարը լինի սպորտային դաշտում։ Ապագա բժիշկներ, թող ձեր պայքարը լինի մարդկային կյանքեր փրկելու համար։ Մեր սիրելի հյուրեր, թող ձեր ընտրած մասնագիտության մեջ մրցակցությունը ձեզ մղի արարելու, ստեղծելու, պաշտպանելու։ Խաղաղություն բոլորիս և սպորտային հաղթանակներ», – ասաց բուհի ղեկավարը։

Ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մեսրոպ Ղուկասյանը ևս ողջունեց բժշկական համալսարանի կողմից կազմակերպված միջոցառումը․ «Բժշկական բուհի ուսանողները մասնակցում են գրեթե բոլոր մարզաձևերում անցկացվող մրցումներին։

Բժշկական համալսարանի բարձրակարգ մարզիկներին բուհի ղեկավարությունը գործուղում է միջազգային ուսանողական մրցաշարերի, որտեղ նրանք գրանցում են հաղթանակներ և բարձր արդյունքներ։ Մաղթում եմ հաջող ընթացք, թող հաղթի ուժեղագույնը»։

Առաջնությանը մասնակցող լավագույն թիմերը և խաղացողները կպարգևատրվեն:

Մրցումների նպատակն է սպորտի տարածումն ու զարգացումը բուհերում, սպորտային վարպետության և փորձի ձեռքբերումն ուսանողների շրջանում: