Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնը 2006 թվականից ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Տեր-Պողոսյանը:
ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչը ղեկավարում է նաև համալսարանական թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան:
«Մանկական ստոմատոլոգիան և օրթոդոնտիան մոտ, բայց տարբեր մասնագիտություններ են ավելի շատ վերաբերում են մանկական հասակի անձանց, և, իհարկե, մասնագիտական համատեղ աշխատանքը ավելի լավ արդյունք է ապահովում»,-ասում է նա:
Նրա խոսքով, օրթոդոնտիա մասնագիտությունը նախընտրող սովորողները նախկինում շատ էին, հիմա թիվը նվազել է:
«Նեղ մասնագիտություն է, ուստի մասնագետների թիվը իրականում պետք է լինի համապատասխան, որպեսզի մասնագիտության որակը և մոտեցումները լինեն ճիշտ»,-նշում է ամբիոնի ղեկավարը:
Նա ուրախությամբ ընդգծում է, որ «միջակ» սովորողները քիչ են: Քիչ չեն ուսանողները, որոնք կրթվելու, ոլորտի նորարարությունները յուրացնելու մեծ ցանկություն ունեն: Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի ղեկավարը վստահեցնում է՝ այդ մասնագիտության զարգացման ուղղությամբ համաշխարհային նորարություններն ու լավագույն փորձն այսօր ներկայացված են Հայաստանում:
«Այդ ամենը հնարավոր է դառնում մեր գործընկերների շնորհիվ»,-նշում է Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի ղեկավարը:
Հրանտ Տեր-Պողոսյանը հանդիսանում է Ամերիկայի օրթոդոնտների ասոցիացիայի դեսպանը, մասնակցում է ասոցիացիայի ամենամյա գագաթնաժողովներին, որտեղ ներկայացվում են մասնագիտության վերջին նվաճումները, նորարությունները:
«ԱՄՆ-ում այս մասնագիտությունը ամենաբարձր դիրքում է: Այն ամենը, ինչ հնարավոր է տեխնիկապես ունենալ, ունենք և կիրառում ենք Հայաստանում: Մասնագիտությունը, վստահեցնում եմ, բավականին զարգացած է, oրթոդոնտիայի զարգացման հետ համատեղ ատամնաբուժական շատ նորություններ մեր երկիր մտան: Նշվածի մասին փաստում են նաև այլ երկրից ժամանած շատ ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, որոնք «Դեպի Հայք» հիմնադրամի միջոցով գալիս են փորձի փոխանակման: Արտերկրի տարբեր երկրներից, Ռուսաստանից են ժամանում շատ ուսանողներ: Հաճախ կազմակերպում ենք գիտաժողովներ և փորձում ենք հրավիրել նաև արտերկրում բնակվող մեր անվանի մասնագետներին: Մասնագիտական կատարելագորման համար տարբեր հարթակներ ենք ստեղծում»,-ասում է Հրանտ Տեր-Պողոսյանը:
Կրթական տեսանկյունից հիմնական փոփոխությունը, որ ԵՊԲՀ ամբիոնի ղեկավարը կցանկանար իրականացնել, ուսանողների և կլինիկական օրդինատորների գործնական ունակությունների ճիշտ կազմակերպումն է:
Հրանտ Տեր-Պողոսյանը Մանկական ստոմատոլոգիայի գծով ՀՀ ԱՆ խորհրդականն է, և ըստ նրա, այդ ոլորտում ևս անելիքները շատ կան:
«Մանկական հասակում կարիեսի բարձր տարածվածության խնդիր ունենք, որը հանգեցնում է ստոմատոլոգիական խնդիրների շարունակության ավելի մեծ տարիքում: Կարծում եմ՝ պետությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի այդ խնդրի շուրջ աշխատանքում»,-նշում է բժշկական գիտությունների դոկտորը:
Խոստովանում է, որ դասախոսական և պրակտիկ աշխատանքը հավասարապես սիրելի են իր համար:
«Աշխատանքի բնույթը փոխելիս մարդ մի փոքր կարողանում է նաև հանգստանալ: Առանց գործնական աշխատանքի, իմ կյանքը չեմ պատկերացնում, որովհետև դա ինձ համար հետաքրքիր է, ինչ վերաբերում է դասավանդմանը, փորձի փոխանակում, մասնագիտության զարգացում, ինձ համար կրկին հետաքրքիր է, եթե դա չանեմ, չեմ կարող իմ փորձը փոխանակել, վստահ պնդել այս կամ այն թեզի ճշմարտացիության մասին: Բժշկության մեջ այսօր շատ կարևոր է ապացուցողական բաղադրիչը, և ինքդ պետք է դրա մի մասնիկը լինես, որ կարողանաս այդ մասին վստահ խոսել»,-հավելում է Տեր-Պողոսյանը:
2002թ. Երևանում նա հիմնել է առաջին մասնագիտացված օրթոդոնտիկ կլինիկան՝ «Ալֆա ստոմը»:
«Կլինիկայում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, որոնք փորձում ենք ծառայեցնել նաև բուհի համար: Կլինիկան նաև հանդիսանում է ԵՊԲՀ ուսումնական բազա, որտեղ հաճախում են ուսանողներ և կլինիկական օրդինատորներ: Մեր բոլոր ջանքերը, նորարարությունները պետք է միտված լինեն ավելի բարձր որակյալ մասնագետ պատրաստմանը: Այս խնդիրն ինձ համար շատ սկզբունքային է»,-ընդգծում է համալսարանական մասնագետը:
Նրա գնահատմամբ՝ բժշկական տուրիզմի ոլորտում ստոմատոլոգիան Հայաստանում առաջատար դիրքերում է:
Ըստ բնակչության թվի հայրենիքում բժիշկ-ստոմատոլոգների թիվը եվրոպական երկրների համեմատ ամենամեծն է:
«Բժշկական տուրիզմի շնորհիվ է, որ ստոմատոլոգիան զարգանում է, և բացվում են նոր կլինիկաներ: Ստոմատոլոգիան, օրթոդոնտիան զարգացող, պահանջված ուղղություն է: Գիտական ասպարեզում սկսել ենք նախաձեռնություն: Ոլորտի զարգացումն այսօր պետք է լինի ԱյԹի նորարարություններին համահունչ»,-նշում է ԵՊԲՀ դասախոսը:
Հրանտ Տեր-Պողոսյանի ընդգծմամբ, քանի որ երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացող և հեռանկարային ուղղություն է, և համալսարանն ապահովում է ստոմատոլոգիայի և ընդհանուր բժշկության գրագետ երիտասարդներով և ուսանողներով, այս միավորումից Հայաստանում կարող են ստեղծվել մասնագիտական նոր, հետաքրքիր լուծումներ, որոնք կիրառելի կլինեն նաև այլ երկրներում: