Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան

«Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան

«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը  մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որն այժմ լայնորեն օգտագործվում է աշխարհի գրեթե բոլոր բուժհաստատություններում՝ վաղ շրջանում մի շարք հիվանդությունների, հատկապես քաղցկեղի նախանշանները հայտնաբերելու համար։

Մասնագետները պնդում են, որ նրա հայտնագործած եղանակով ախտորոշման միջոցով հաջողվել է փրկել մոտ 60 միլիոն մարդու կյանք։ Եթե 2003 թվականին նա արժանանար ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակին, կդառնար այդ մրցանակը ստացած առաջին հայը աշխարհում։ Բայց չդարձավ. չնայած այն հանգամանքին, որ Նոբելյան մրցանակաբաշխության կանոնադրությունը թույլատրում է մրցանակը հանձնել գյուտի միանգամից մի քանի համահեղինակներին, 2003թ-ին բժշկության ոլորտում կատարված հայտնագործութունների համար Նոբելյան մրցանակը բաժին հասավ անգլիացի գիտնականներ Փիթեր Մենսֆիլդին և Փոլ Լոթերբուրին` «Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հայտնագործության համար»` այդպիսով անտեսելով մեծ գիտնական Դամադյանի վաստակը:

Ամերիկաբնակ հայազգի գիտնական և գյուտարար Ռեյմոնդ Վահանի Դամադյանը ծնվել է 1936թ․-ի մարտի 16-ին Նյու Յորքում, հայ գաղթականների ընտանիքում։ Պատանի Դամադյանը մեծացել է երաժշտասեր միջավայրում և դպրոցից բացի, ութ տարի Ջուլիարդի նշանավոր երաժշտական դպրոցում ջութակի դասերի է հաճախել Ջուլլիարդ դպրոցում (The Juilliard School)։ Նա հետագայում նշել է, որ ջութակը նրան համբերատարություն է սովորեցրել։

Ավարտել է Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանը, այնուհետև դոկտորի գիտական աստիճան ստացել Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում։

Քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդների որոնման ճանապարհին Ռեյմոնդ Դամադյանը սկսում է հետաքրքրվել միջուկային մագնիսական ռեզոնանսի տեխնոլոգիայի հնարավորություններով։

Սակայն Նյու Յորքի պետական համալսարանում հետազոտություններով զբաղվող երիտասարդ գիտնականի գաղափարները շատերին էին անիրագործելի թվում։ Նրան շտապում են հայտնել, որ միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդով մարդու սկանավորումը ենթադրում է պացիենտի պտտում րոպեում 10000 անգամ։ Բայց Ռեյմոնդ Դամադյանը չի ընկրկում և հաղթահարելով հնարավոր բոլոր դժվարությունները՝ 1974թ․-ին ստանում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքավորման արտոնագիրը, իսկ մի քանի տարի անց՝ 1977թ.-ի հուլիսի 3-ին հաջողությամբ իրականացնում է մարդու մարմնի սկանավորում։

Նրան հաջողվեց ստեղծել հենց այն «պատուհանը», որը հարկավոր էր մարդկանց և, որի միջոցով բժիշկները տեսնում էին, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի ներսում։

Մարդու օրգանիզմի հետազոտման անվտանգ ու ճշգրիտ այդ մեթոդը մինչ օրս լայնորեն օգտագործվում է՝ հնարավորություն տալով զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության և ճառագայթման մեծ ռիսկերի։ Մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հայտնագործումն ախտորոշման ոլորտի մեծագույն հայտնագործություններից է։

Թեկուզ, Նոբելյան մրցանակից հանիրավի զրկված, Դամադյանը ՄՌՏ-ի և բժշկության մեջ նշանակալի այլ գյուտերի համար բազմաթիվ ամենաբարձր պարգևների և համընդհանուր ճանաչման է արժանացել:

1988թ.-ին ԱՄՆ-ում արժանացել է Ազգային մեդալ` տեխնոլոգիաների ասպարեզում կատարած ներդրման համար:

1989թ. Դամադյանի՝ որպես կարևորագույն նշանակություն ունեցող հայտնագործման հեղինակի, անունը ներառվել է Միացյալ Նահանգների ազգային՝ «Գյուտարարների փառքի սրահում»:

2003թ. ամերիկյան «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, որի նպատակը հայ ժողովրդի ձեռքբերումները պահպանելն ու հարստացնելն է, նրան «Տարվա մարդ» տիտղոսն է շնորհել:

«ՄՌՏ-ի զարգացումն ամբողջապես Դամադյանի հայտնագործության արգասիքն է»,–նշել է Յուջին Ֆիգելսոնը՝ Նյու Յորքի SUNY Downstate բժշկական կենտրոնի Բժշկագիտության քոլեջի դեկանը:

Դամադյանի ստեղծած առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» (“Indomitable”) անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։

«Չլիներ Դամադյանի հայտնագործությունը, մենք չէինք իմանա, որ քաղցկեղի պես լրջագույն հիվանդությունները կարելի է հայտնաբերել ընդամենը մագնիսական սարքի միջոցով և որ հյուսվածքներում գեներացվող մագնիսական ռեզոնանսային ազդանշանը կարող է որակյալ և կիրառելի պատկերներ ստեղծել»,– փաստում են գիտնականները՝ ՄՌՏ ստեղծման պատմությունը ներկայացնելիս (Mattson, J. and Simon, M., The Pioneers of NMR and Magnetic Resonance in Medicine: The Story of MRI):

Դամադյանն ասում էր․ «Եթե ես չլինեի, ՄՌՏ-ն կլինե՞ր արդյոք։ Չեմ կարծում։ Իսկ, եթե Լոթերբըրը չլինե՞ր․․․ Ես վաղ, թե ուշ կհասնեի նրա արդյունքին։»