Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկը պատերազմ էր մեկնել որպես մարտիկ

Ապագա բժիշկը պատերազմ էր մեկնել որպես մարտիկ

Մհեր Ղազարյանը պատերազմի մեկնարկի հաջորդ օրն արդեն ավագ եղբոր հետ, առանց ծնողներին զգուշացնելու, առաջնագիծ ինքնակամ ուղևորվելու որոշում կայացրեց:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը զինվորական ծառայություն է անցել «Եղնիկներ» զորամասում: Զորացրվել էր ամռանը, սակայն կարճ ժամանակ առաջ զորացրված լինելը խոչընդոտ չէր, որպեսզի կրկին թողնելով ամեն ինչ վերադառնա Արցախ՝ ձեռք բերած ռազմական գիտելիքները ծառայեցնելով հայրենիքի պաշտպանության նվիրական գործին:

«Մենք ցանկանում էինք մեկնել Հադրութ, որովհետև այնտեղ է գտնվում մեր պապական տունը, մայրս արմատներով այնտեղից է, սակայն մեզ այլ ուղղությամբ տարան՝ դեպի Աղդամի շրջան՝ Մարաղա գյուղի մոտակայք»,- պատմում է Մհերը, որը նոր կազմավորված զորամասում դասակի հրամանատար էր, իսկ եղբայրը՝ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Ռուբենը, ջոկի հրամանատար:

Խոստովանում է ՝ մեկնելիս չեն գիտակցել, թե որքան դժվար ու բարդ ճանապարհ պետք է անցնեն, որի մասին այժմ, ամիսներ անց,  խոսում են հանգիստ և հավասարակշռված:

 Սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 11-ը ռազմաճակատում գտնվող ապագա բժիշկը շատ ընկերներ է կորցրել, շատերի հետ էլ ընկերացել է: Պատերազմը նրա համար փորձություն էր, նաև փորձառություն:

«Առաջին ներարկումս կատարել եմ պատերազմական օրերին: Բժիշկը մեկն էր, իսկ մարդիկ, որոնց անհրաժեշտ էր բժշկական օգնություն, շատ էին: Այդպես ես սկսեցի նաև բժշկական օգնություն ցուցաբերել ինքնազգացողության վատացում ունեցող զինծառայողներին,  սակայն ռազմի դաշտում, հենակետերում ես առաջին հերթին մարտիկ էր, որը պաշտպանություն է իրականացնում»,- պատմում է Մհերը:

Նշում է, որ դժվար է մեկնել պատերազմ եղբոր հետ, քանի որ անհանգստությունը կրկնապատկվում է: Երկուսն էլ նույն տնից են, նույն ընտանիքից: Ծնողները ԵՊԲՀ շրջանավարտներ են: Հայրը սիրիահայ է, դեղագետ: Մայրը՝ համալսարանական բժիշկ Իդա Նավասարդյանը, սրտի մեծ տրոփյունով է անքուն գիշերներ անցկացրել սպասելով որդիների վերադարձին: Նրան դժվարին այդ օրերին սատարում էր բժշկական մեծ համայնքը: Բժիշկը ևս 90-ականներին, Արցախյան առաջին պատերազմում կամավոր որպես բուժքույր մեկնել էր Ֆիզուլիի շրջան:

Դեռևս զինվորական ծառայություն անցնելիս, Մհերը բազմաթիվ պարգևներ է ստացել, որոնց թվում են ՀՀ զինված ուժերի  «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանները, «Մարտական հերթապահության համար» մեդալը:

Ինչպես յուրաքանչյուր երիտասարդ, որը բժշկական կրթություն է ստանում, Մհերը ևս ապագայի մեծ ծրագրեր ունի: Նրան շատ է գրավում սրտային վիրաբուժությունը, առաջիկայում հենց այս մասնագիտացումն է ցանկանում ընտրել:

Այսօր Մհեր Ղազարյանի ծննդյան օրն է, նա դարձավ 21 տարեկան: