Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժշկի համար ամենաթանկ արժեքը պացիենտի հույսով լի ժպտացող աչքերն են

Ապագա բժշկի համար ամենաթանկ արժեքը պացիենտի հույսով լի ժպտացող աչքերն են

Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմում հարյուրավոր կյանքեր փրկած Վազգեն Մկրտչյանը նախընտրում է ընկերների հետ չխոսել այդ դաժան օրերի մասին:

26-ամյա Վազգենն արմատներով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից է: Նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է: Աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում՝ որպես Վերակենդանացման բաժանմունքի բուժակ:

Բժշկի մասնագիտությունն ընտրել է այն փաստի հիման վրա, որ փոքր տարիքում միշտ շատ լավ է զգացել իրեն հիվանդանոցում: «Նույնիսկ ուրախանում էի, երբ ինձ բժշկի մոտ էին տանում», – հիշում է Վազգենը:

Նա ընտրեց բժշկությունը, որպեսզի կարողանա օգնել, իր գործը ծառայեցնել բացառապես լավ նպատակի: «Ժամանակի ընթացքում արդեն համոզվեցի, որ այլ ոլորտում չեմ կարող աշխատել», – պատմում է Վազգենը: Բժշկությունը, ընդգծում է նա, զուտ մասնագիտություն չէ:

Չնայած այն հանգամանքին, որ հայրն առողջական խնդիրներ ունի, ինքն էլ բանակից ազատված է առողջական խնդիրների պատճառով, Վազգենը րոպե անգամ չվարանեց կամավոր առաջնագիծ ուղևորվելիս: «Սա ազգային հարց էր, և ես պետք է գնայի՝ ոչ մի բան հաշվի չառնելով: Սեպտեմբերի 27-ից Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում էինք: Իրավիճակն այնքան անկանխատեսելի էր, որ մենք հույս չունեինք անգամ, որ տեղ կհասնեինք», – հիշում է ապագա մասնագետը:

Պատերազմի ամենածանր օրը, ապագա բժշկի խոսքով, հոկտեմբերի 4-ն էր, երբ Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց թշնամու կողմից, և րոպեների ընթացքում հարյուրից ավելի վիրավոր բերեցին Ստեփանակերտի հոսպիտալ:

«Շատ վիրավորների առաջին վիրաբուժական մշակում էի անում հենց միջանցքում, հետո վերադառնում էի վիրահատարան: Այդ ընթացքում մեզ համար քնել չկար, սնվել չկար. ավելի կարևոր գործ ունեինք՝ պիտի կյանքեր փրկեինք», – շեշտում է Վազգենը:

10 օրվա ընթացքում Արցախի մայրաքաղաքում աշխատող բժիշկները քնել են ընդամենը 30 ժամ, այն էլ՝ միջանցքում՝ պատին հենված: «Մենք ընկերներով երբեք չենք խոսում այդ օրերի մասին: Նույնիսկ, երբ հիշում եմ, մարմինս փշաքաղվում է: Այդ օրերին մենք սկսեցինք գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, վերարժևորեցինք ամեն օրը, թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումներով», – ընդգծում է ապագա բժիշկը:

Մի անգամ, հիշում է Վազգենը, երբ հերթական ամպուտացիայից հետո ինքը ծանր ապրումներով դուրս էր եկել վիրահատարանից, վիրաբույժը նրան կանչում է և խնդրում վիրավոր զինվորի ձեռքը վերականգնել: «Այս ձեռքը վերականգնի՛ր, որ սիրտդ հանգստանա», – ասաց ինձ բժիշկը: Ես շատ երջանիկ էի: Վիրահատությունը, որն ամբողջությամբ ես կատարեցի, հաջող անցավ, իսկ վերջում վիրավորը ցանկություն հայտնեց ինձ հետ նկարվելու. սա այն եզակի նկարներից էր, որ ունեցանք պատերազմի օրերին», – հիշում է ապագա էնդովասկուլյար վիրաբույժը:

15 օր շարունակ Արցախում կյանքեր փրկելուց հետո բժիշկների անձնակազմին, որոնց շարքում էր նաև Վազգենը, հետ կանչեցին Երևան. վերջիններս համաձայնվեցին վերադառնալ միայն նոր անձնակազմով համալրումից հետո: «Հոկտեմբերի 11-ին վերադարձանք Երևան COVID-19-ի դեպքերի շատանալու պատճառով: Ու անմիջապես լծվեցինք մեր երկրորդ պատերազմում պայքարելուն՝ արդեն՝ անտեսանելի թշնամու դեմ: Նույնիսկ չենք էլ մտածել հանգստանալու մասին», – հպարտորեն ավելացնում է ԵՊԲՀ սովորողը:

Ավելի կրտսեր սերնդի ապագա բժիշկներին նա խորհուրդ է տալիս երբե՛ք չվախենալ իրենց մասնագիտական պարտքը կատարելուց: «Եթե նույնիսկ հարցը դրված կլինի այնպես, որ ստիպված լինեք ընտրել՝ սեփական կյանքը, թե պացիենտի, ապա ընտրե՛ք պացիենտի կյանքը», – կոչ է անում նա:

ԵՊԲՀ ուսանողները, նրա համոզմամբ, միշտ բազմակողմանի զարգացած են մասնագիտական առումով, գործին մոտենում են ամենայն  պատասխանատվությամբ, ինչպես կմոտենա արդեն աշխատող բժիշկը:

«Իսկ ամենաթանկ արժեքը, որը բժիշկը ստանում է պացիենտից, հույսով լի ժպտացող աչքերն են», – եզրափակում է պատերազմում հարյուրավոր կյանքերի համար հերոսաբար մարտնչած ապագա բժիշկը: