Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ շրջանավարտը պատերազմում իր կյանքը ուրիշների կյանքից վեր չի դասել

ԵՊԲՀ շրջանավարտը պատերազմում իր կյանքը ուրիշների կյանքից վեր չի դասել

Հայաստանի և Արցախի բժիշկների մասին գրված պատմությունները շատ լինել չեն կարող: «Սպիտակ բանակի» ներկայացուցիչները պայքարել են հանուն կյանքի և այսօր էլ նրանց պայքարը շարունակվում է հանուն հայրենիքի պաշտպանների ապաքինման ու կյանքի որակի բարելավման։ Բժիշկ-հերոսների օրինակն ուսուցողական է ապագա բժիշկների նոր սերնդի համար: ԵՊԲՀ շրջանավարտ, վնասվածքաբան-օրթոպեդ Գրիգոր Թարվերդյանը բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո ծառայության է անցել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում: Պատերազմում թրծված բժիշկը պատմում է դժվարին օրերի՝ կյանքի ու մահվան սահմանագծին կատարած մասնագիտական գործունեության մասին: «Աշխատել եմ տարբեր հիվանդանոցներում և կարող եմ փաստել, որ բժշիկներն իրենց առաքելությունը կատարել են առավելագույնս: Հույս ունեմ, որ այլևս չի լինի պատերազմական իրավիճակ։ Ուզում եմ ընդգծել, որ բժշկական համայնքի համախմբվածությունը, միմյանց սատարելու ձգտումը գագաթնակետին էր»-նշում է Գրիգորը՝ նկատելով, որ պատերազմի դաշտում եղել են իրավիճակներ, երբ թերապևտը վիրահատության է մասնակցել վնասվածքաբանի հետ՝ ունենալով վիրավորներին հնարավորինս արագ և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու առաջնային նպատակ։ Գրիգոր Թարվերդյանն ընդգծում է, որ պատերազմի օրերին վիրավորներին բուժօգնություն տրամադրելու, կյանքեր փրկելու հսկայական ծանրաբեռնվածություն էր ընկել զորամասերի առաջնային օղակում աշխատող բժիշկների ուսերին:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբատսիկ պատերազմը: Բժիշկի խոսքով՝ վիրավորների հսկայական քանակությունը խուճապ էր առաջացնում: «Մեծ մասը խոշոր տրամաչափի արկերի ականապայթյունից վիրավորում ստացած զինծառայողներ էին, հաճախ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով»,- ասում է վնասվածքաբան-օրթոպեդը: Հիշում է դաստակի կոտրվածքով մի հիվանդի, որը հատուկ ջոկատներից մեկում էր ծառայում: Այնքան մեծ էր զինծառայողի շարք վերադառնալու ցանկությունը, որ տարբեր աշխատանքներ կատարելու հետևանքով փակ կոտրվածքով վնասվածքը վերածվել էր բաց կոտրվածքի՝ խախտվել էր մաշկի ամբողջականությունը: Երիտասարդ և փորձառու բժիշկն այս և բազմաթիվ այլ օրինակներով առանձնակի շեշտում է պատերազմի ժամանակ զինծառայողների կատարած շատ խիզախությունների մասին, որոնք շատ են տպավորել իրեն:

Գրիգորի մասանակցությամբ պատերազմի օրերին հոկտեմբերի 16-ին արված լուսանկարը համացանցում լայն տարածում ունեցավ. բուժաշխատողներով նշում էին երեխայի 40 օրականը: Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Թարվերդյանների գերդաստանում մեծ ուրախություն էր. ծնվել էր Գրիգորի առաջնեկը՝ Աբրահամը: Իսկ արդեն նոյեմբերի 6-ին, Մարտակերտում, երբ  երեխայի երկու ամսականն էր, ծառայակից ընկերները պարկուճներով 2 թիվն էին գրել, կողքն էլ որդու անվան սկզբնատառը: Միայն գործընկերներն ու ականատեսները կվկայեն, որ բուժաշխատողների յուրաքանչյուր ժպիտի հետևում առանց հանգստյան օրերի ու անգամ ժամերի անքուն գիշերներ էին, բարձր նվիրում և մարդասիրություն: Թարվերդյանների ընտանիքում բժիշկները հինգն են՝ ինքը, մայրը, կինը, քույրն ու եղբայրը: Կինը՝ Արփինե Հովակիմյանը ևս բժշկական բուհի շրջանավարտ է, մանկաբույժ։ Այժմ  մասնագիտական գործունեությունն իրականացնում է Ստեփանակերտում։ Եղբայրը՝ Աբրահամը որպես ռազմական բժիշկ ծառայում է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Երկու եղբայրներն էլ որպես սպաներ 2020 թվականին են զորակոչվել, երկուսն էլ վիճակահանությամբ են մեկնել Արցախ:  Ծառայության ավարտից հետո Աբրահամը ցանկանում է շարունակել բժշկական կրթությունը՝ ձեռք բերելով նեղ մասնագիտացում: Քույրը՝ Ալվարդը ևս սպիտակ բանակի ներկայացուցիչ է: Ակնաբույժի մասնագիտությամբ երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր է: Հպարտանում է պատերազմի ամիսներին բժիշկ եղբայրների կատարած սխրանքներով: Պատերազմի դժվարությամբ անցած Գրիգորն ընդգծում է այդ արհավիրքի դաժանությունը, երբ հաշված րոպեների ընթացքում ավերվում են շինություններ, սակայն ամեն ինչ վերականգնելի է, անդառնալի են միայն մարդկային կորուստները:

«Խաղաղ պայմաններում վնասվածքաբանի մասնագիտությունն այլ է, պատերազմի ժամանակ՝ բոլորովին այլ. այստեղ ամեն րոպեն մահ ու կյանք է՝ վճռորոշ… Յուրաքանչյուր ճիշտ օգտագործված րոպեն կարող է փրկել մարդուն անդամահատումից»,- ասում է պատերազմի մասնակիցը:

Գրիգորը նաև այն բժիշկներից մեկն է, որը պատերազմական օրերին ոչ միայն վիրահատարանում էր, այլև մասնակցում էր հոսպիտալների նյութատեխնիկական հագեցման գործին: Աջակից կազմակերպությունների կողմից ամենաթանկ սարքավորումներից մինչև առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնում էր Արցախի հոսպիտալներ:

Պատերազմը չխոչընդոտեց, որպեսզի բժիշկն իր ընտանիքի հետ տեղափոխվի Արցախ: Գրիգորը Ստեփանակերտի եկեղեցու բակում քահանայի թույլտվությամբ տղայի անունով ծառ էր տնկել: Այժմ փոքրիկն արդեն հայրիկի հետ Ստեփանակերտում է, նրա օգնությամբ առաջին անգամ ջրել է իր անունով տնկած խորհրդանշական ծառը։ Գրիգորն ընդգծում է, որ պատերազմի ժամանակ չի երկմտել՝ իր կյանքը վեր չի դասել ուրիշների կյանքից: Նույն սկզբունքով առաջնորդվել է նաև որդուն Ստեփանակերտ տեղափոխելիս։ Ինչպես պատերազմի շատ մասնակիցների համար, այնպես էլ այս պատմության հերոսին դժվար է զոհված գործընկերների, բժիշկների մասին խոսել անցյալ ժամանակով: Նրանց կիսատ թողած գործը շարունակելու, հիշատակը հարգելու լավագույն տարբերակը համարում է հանուն հայրենիքի հզորացմանն ուղղված նվիրական աշխատանքը: