Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատորը պատերազմի օրերին պատրաստ էր կատարել ցանկացած աշխատանք

Կլինիկական օրդինատորը պատերազմի օրերին պատրաստ էր կատարել ցանկացած աշխատանք

Պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանների թիկունքում բազմաթիվ ապագա բժիշկներ էին կանգնած, ովքեր, անկախ նեղ մասնագիտությունից, ջանք չէին խնայում օգնելու վիրավորում ստացած զինծառայողներին և կամավորներին: Նրանց թվում էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Նունե Գրիգորյանը:

«Պատերազմի օրերին օգնել եմ Երևանի կայազորային հոսպիտալի բժիշկներին՝ շեշտելով, որ կկատարեմ ցանկացած աշխատանք, որի կարիքը լինի: Հիմնականում գտնվում էի վիրավորների ընդունման բաժնում, բայց երբ լինում էր օգնության կարիք այլ բաժանմունքներում, գնում էի նաև այնտեղ: Պատերազմի օրերին անում ես ցանկացած բան՝ իմացածիդ սահմաններում: Օրինակ, խաղաղ պայմաններում ստոմատոլոգը վիրակապ չի փոխում, բայց այդ օրերին կարող է մի ողջ օր կատարել այդ աշխատանքը»,-նշում է ապագա ստոմատոլոգը: 

ԵՊԲՀ սովորողը շեշտում է, որ պատերազմի օրերին շատ բաներ է սովորել. կառավարել հույզերը, արագ կողմնորոշվել, թիմային աշխատանք կատարել, լինել ավելի հոգատար: 

Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը, Նունեն նշում է. «Բժիշկ դառնալու մեջ մեծ ներդրում ունի հայրս, ով ուղղորդեց ընտրել ամենամարդասիրական մասնագիտությունն ու դարձավ ընտրությունս ճակատագրական, որի համար երախտապարտ եմ: Ընտրել եմ բժիշկ-ստոմատոլոգի նեղ մասնագիտությունը, օգնելու մարդկանց լինել առողջ, ավելի ինքնավստահ ու գեղեցիկ, քանի որ նոր ծանոթություն հաստատելիս ամենաակնառուն ատամնաշարն է ու ժպիտը»:

Նրա խոսքով՝ բժիշկը պետք է լինի բանիմաց, համարձակ և ամենակարևորը՝ իր մասնագիտության նվիրյալը: