Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ԵՊԲՀ շատ ուսանողներ եղել են բժշկական կենտրոններում՝ բուժօգնություն ցուցաբերելով վիրավորված զինծառայողներին: Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի էնդոկրինոլոգիա մասնագիտության 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Քնարիկ Բադեյանը ևս նրանց շարքերում էր:
«Սեպտեմբերի 28-ից եղել եմ Վարդենիսի կայազորային հոսպիտալում: Սկզբում, իհարկե, իրապես գիտակցում էի, թե ուր եմ գնում և ինչի համար, բայց առաջին րոպեները չափազանց ցավոտ ու շոկային էին՝ ողողված տարաբնույթ զգացումներով… Ընկերներս հաճախ էին նկատում, որ հոսպիտալ մտնելուց ամենադժվար օրերին էլ ժպտում էի, կարծում էի դա էլ է պայքարելու ինչ-որ միջոց»,-պատերազմական օրերն է վերհիշում ապագա էնդոկրինոլոգը:
Քնարիկի խոսքով՝ պատերազմը շատ բան է փոխել բոլորի կյանքում, սովորեցրել է լինել ավելի ուժեղ, գնահատել կյանքի ամեն րոպեն, իսկ բժիշկներին մասնագիտական մեծ փորձ է տվել, ինչպես նաև շատ ընկերներ:
«Ամեն օր մտածում էինք, թե պատերազմի վերջին օրն է լինելու, բայց ցավոք, գնալով սպառվում էինք, սակայն տեսնելով մեր տղաների անկոտրում կամքը, պայքարը, աննկարագրելի մեծ ուժը և մարտական ոգին հասկանում էինք, որ իրավունք չունենք մեկ վայրկյան անգամ թուլանալու, ուղղակի իրավունք չունեինք…»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը:
Նրա գնահատմամբ՝ շատ մեծ տարբերություն կա խաղաղ պայմաններում և պատերազմական իրավիճակում բժշկի կատարած աշխատանքի մեջ. «Սակայն մեկ ընդհանրություն կա` ամեն ինչ անել վիրավորին փրկելու համար, պատերազմում, ցավոք, հաճախ՝ կյանքի գնով: Մենք ունենք մեր կողքին այդ հերոսներին, որոնք երբեք չեն բարձրաձայնում այդ ամեն մասին: Ես անչափ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրանցից շատերին և անչափ հպարտանում նրանցով: Նրանք լավագույն օրինակն են մեզ համար»:
Բժիշկ դառնալը Քնարիկ Բադեյանի մանկության երազանքն էր: «Կյանքիս ամենակարևոր ու առանցքային որոշումներից մեկն էր, քանի որ բժշկությունն ինձ համար միայն մասնագիտություն չէ, այլ ապրելակերպ: Բժշկի համար ամենակարևոր հատկանիշն առաջին հերթին մարդ լինելն է, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմը»,-ասում է Քնարիկը՝ ցանկանալով, որ այլևս երբեք պատերազմ չլինի: