Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատորը սովորել է գնահատել կյանքի ամեն վայրկյանը

Սերոբ Մանուկյանը ԵՊԲՀ-մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անոթային վիրաբուժության 3-֊րդ կուրսի կլինիկական օրդինատոր է, բժիշկ՝ Երևանի շտապօգնության ծառայությունում:

Նա պատերազմի առաջին օրը բժիշկների կամվորական խմբի հետ շտապեց Արցախ։ Պատերազմի ողջ ընթացքում Ստեփանակերտի հոսպիտալում այլ բժիշկների հետ օրուգիշեր իրականացրեց վիրահատություններ, վիրավոր զինվորներին Արցախից տեղափոխեց Հայաստանի տարբեր հիվանդանոցներ։

«Սկզբում ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ տեղափոխում էինք վիրավորներին Երևան: Քնում էինք Արցախ վերադառնալու ճանապարհին, գոնե այդպես ուժերը վերականգնելու համար: Հետո որոշեցի մնալ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, որպեսզի իմ օգնությունն ավելի արդյունավետ և նպատակային լինի»,- պատմում է Սերոբը:  

Վիրավորում ստացած մարտիկների վերքերի տեսակներին՝ բեկորային, թե հրազենային, նա որպես բժիշկ, սովորող առաջին անգամ էր հանդիպում իր պրակտիկայում: Որպես ապագա անոթային վիրաբույժ՝ նա ակտիվ մասնակցել է բեկորային վնասվածքների առաջնային մշակման, բեկորների հեռացման գործին:

Նրա գնահատմամբ՝ անոթային վիրաբուժությունը կարևոր ուղղություն է, որը հնարավորություն է տալիս մեծ ծավալով բուժօգնություն տրամադրել զարկերակային և երակային համակարգերի ախտահարմամբ խնդիրներ ունեցող հիվանդներին:

Վիրաբուժության մեջ, հիվանդին օգնելիս նա խորհուրդ է տալիս երբեք չկասկածել և որոշումները կայացնել արագ ու հիմնավորված, քանի որ կասկածելու դեպքում սխալվելու հավանականությունը կարող է շատանալ:  

Հետահայաց նշում է՝ մասնակցելով պատերազմին՝ հաճախ անբացատրելի զգացում է ունեցել, մասնակցել է առանց երկմտելու, առանց մտածելու պահի լրջության մասին:

«Ամեն վայրկյան ինչ-որ բան կարող էր փոխվել: Ամենաթեժ օրն ինձ համար նոյեմբերի 7-ն էր, երբ այլևս հույս չունեի, որ կվերադառնամ. մեզ նույնիսկ ինքնապաշտպանվելու համար զենքեր բաժանեցին»,- հիշում է կլինիկական օրդինատորը:

Միաժամանակ օգնություն ցուցաբերելով տասնյակ վիրավորների՝ որպես բժիշկ և կամավոր պատերազմն իրեն սովորեցրեց արագ կողմնորոշվել, գնահատել ժամանակը, կյանքի յուրաքանչյուր վայրկյանի գինը:

«Այժմ ինձ առաջնորդում է այն գիտակցությունը, որ ամեն րոպե պետք է ապրել այնպես ինչպես ցանկանում ես»,- ընդծում է սովորողը:

Պատերազմին Հադրութում մասնակցել է նաև Սերոբի քեռին, հորեղբորորդին և հորեղբայրը, որը նաև վիրավորվել է մարտի դաշտում:

 Երբեք չցանկանալով, որ պատերազմի նման արհավիրքը կրկնվի, երբևէ իր կարիքն առաջանալու դեպքում նա կլինի մասնագիտական առաջնագծում, պացիենտների կողքին: