Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մուշեղ Տանանյանը մասնագիտության հանդեպ բարձր պատասխանատվությամբ է շարունակելու բժշկի առաքելությունը

Մուշեղ Տանանյանը մասնագիտության հանդեպ բարձր պատասխանատվությամբ է շարունակելու բժշկի առաքելությունը

ԵՊԲՀ շրջանավարտ Մուշեղ Տանանյանը պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության գծով երրորդ տարվա կլինիկական օրդինատոր է:  Բժշկական մայր բուհ ընդունվել է 14 տարեկանում, սովորել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ Ընդունվելուց երեք տարի անց մեկնել է ժամկետային զինծառայության, ապա վերադարձել և շարունակել կրթությունը բուհում։

«Դպրոցական տարիներից որոշել էի բժիշկ դառնալ, այլ մասնագիտություն որպես այլընտրանք, ինձ համար գոյություն չուներ։ Ծնողներս մասնագիտությամբ բժիշկ չեն, ունեմ բարեկամներ, որոնք բժիշկներ են, բայց ուզում եմ ընդգծել, որ բժշկի մասնագիտության ընտրության վերաբերյալ որոշումը կայացրել եմ անկախ այդ ամենից, ինքնուրույն, դեռևս փոքր տարիքից գիտակցում էի այդ աշխատանքի բարձր պատասխանատվությունը: Վեց տարեկան էի, երբ հաճախեցի դպրոց, էքստեռն քննություններ հանձնեցի, ավարտեցի այն, տասնչորս տարեկանում դիմեցի բուհ, ընդունվեցի, և տասնհինգ տարեկանում արդեն առաջին կուրսի ուսանող էի։ Համակուրսեցիներս տասնյոթ, տասնութ տարեկան էին»,-ընդգծում է բժիշկ-օրդինատորը՝ հավելելով, որ այդ տարիքում հստակ գիտակցում էր՝ որտեղ  է և ինչ նպատակներ ունի:

Ըստ նրա՝ նեղ մասնագիտական ընտրությունը կատարել է դեռևս դպրոցական տարիներից։

«Էսթետիկ վիրաբուժության միջոցով պացիենտին էլ ավելի ինքնավստահ դարձնելը միշտ հաճելի է ինձ թվացել: Դիմելով օրդինատուրա՝ հասկացա միկրովիրաբուժության կարևորությունը: Մասնագիտության չափազանց բարդության և մեծ ուշադրության պահանջի հետ մեկտեղ՝ այն բավականին կոկիկ և նուրբ աշխատանք է»,-ասում է Մուշեղ Տանանյանը։

Կլինիկական օրդինատորն ու նրա ընկերները 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի անգամ կամավոր ուղեգրվել են տարբեր բուժկենտրոններ։

Մուշեղը մեկնել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք՝ բուժօգնություն ցուցաբերելու ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին։

«Դժվար այդ ժամանակահատվածում, երբ սպիտակ բանակն ամենօրյա պայքարի մեջ էր տղաների կյանքերի փրկություն համար, երբեմն մենք պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեինք, աշխատեինք։ Մեր բաժանմունքից երկու անգամ ուղեգրվեցի Գորիսի բժշկական կենտրոն։ Աշխատեցի շատ դժվար իրավիճակում, ձեռք բերեցի հսկայական փորձառություն։ Երբ զգում ես, որ մենակ դու ես, այլ տարբերակ չկա, անկախ քեզնից արդեն ամեն ինչ ստացվում է։ Վիրահատություններ ենք իրականացրել և Երևանում՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում և Գորիսում։ Գորիսի հիվանդանոցը համարվում էր տարանցիկ բուժկենտրոն․ այնտեղ աշխատում էինք մեծ ծավալային վիրահատություններ չիրականացնել, վիրավորներին այնտեղից ուղարկում էինք համապատասխան բուժկենտրոններ։ Բայց ստացվեց այնպես, որ ինձ Գորիսից կանչեցին Խնձորեսկ․ դեպքը տեղի էր ունեցել այդ գյուղի սահմանին, պետք էր դադարեցնել վիրավորի զարկերակային արյունահոսությունը, այլ տարբերակ չկար, պետք է վիրահատեի վիրավորին։ Ինձ հաջողվեց փրկել նրա կյանքը»,-ուրախությամբ է հիշում Մուշեղը։

Խոստովանում է, որ բուհը, բացի բժշկական հմտություններից և գիտելիքներից, իրեն տվել է ընդհանուր զարգացվածության հնարավորություն։

«Բնականաբար, համալսարանում սովորելու շնորհիվ ստացել եմ բժշկական բարձրագույն, որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, շատ գիտելիքներ, կուզեմ ընդգծել պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերը ՝ որակյալ կադրերի պատրաստման գործում։ Հիմա աշխատում եմ հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ղեկավարությամբ, որն այդ մասնագիտության բնագավառում եզակի անձնավորություն է: Միայն գտնվելով նրա կողքին, հետևելով վիրահատության ընթացքին՝ սովորում ենք գրեթե անհնարինը: Նա ունի արագ կողմնորոշվելու, իրավիճակը ճիշտ ժամանակին իր ձեռքը վերցնելու բացառիկ կարողություն: Նրանից և կլինիկայի բոլոր բժիշկներից ստանում ենք շատ գիտելիքներ»,- նշում է Մուշեղ Տանանյանը, որն աշխատելու է բժշկության բնագավառում, մշտապես շարունակելու է կատերալագործել մասնագիտական հմտությունները՝ մարդկանց բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելու համար։