Բժշկական համալսարանն ամեն տարի առողջապահական համակարգը համալրում է բժշկի մասնագիտություն ստացած շուրջ 1000 շրջանավարտով:
Ռազմական բժիշկները նրանց շարքում ոչ շատ մեծ, բայց կարևոր և նշանակալի տեղ են զբաղեցնում: Կրկնակի երդումը, պատասխանատվությունն ու դժվարությունները հաճախ ավելի գրավիչ են դարձնում ռազմական բժշկի մասնագիտությունը: Դավիթ Գեորգյանը ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ու ինտերնատուրան ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը շարունակել է զորամասային օղակում: «Այս մասնագիտությունը համատեղում է հայրենիքն ու կյանքը, որն ամեն օր մղում է առաջ՝ ստիպելով հպարտությամբ կրել բժշկի և սպայի համազգեստը»,-նշում է ռազմական բժիշկը։
Լինելով ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի կրողը՝ Դավիթ Գեորգյանը 44-օրյա պատերազմի ընթացքում առաջնորդվել է իր համար արդեն կենսակերպի փոխված գաղափարախոսությամբ: «Յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ողջ ներուժը կիրառել ու գիտակցումով մոտենալ իրեն վստահված պատասխանատվության շրջանակին»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ պատերազմի միջով անցել է գաղափարակից ընկերների հետ և այդ անցած ճանապարհն այժմ կարող են վերհիշել հպարտությամբ։
Դավիթ Գեորգյանը թշնամու լայնածավալ հարձակման մասին լուրն իմացել է գործընկերոջից՝ հերթապահության ժամանակ, որը շեշտել է. «Ստեփանակերտն է հրետակոծվում»։ «Սահմանային լարվածության յուրաքանչյուր դեպք անհանգստության անսասան պատճառ է եղել և շարունակում մնալ, սակայն մեկ բան է տեղային սահմանափակ դեպքը և լրիվ այլ բան Արցախի Հանրապետության մայրաքաղաքի թիրախային հրետակոծությունը։ Անսպասելի էր, բայց, ցավոք, նաև անհերքելի փաստ՝ պատերազմը սկսվել էր…»,-վերհիշում է բժշկական բուհի շրջանավարտը։
Նրա խոսքով՝ դժվարությունները շատ էին՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բնույթի: «Չնայած դրան՝ կար նպատակ, հանուն որի շարունակել ենք պայքարել։ Ճանապարհը երկար է ու քարքարոտ, բայց մենք այն կանցնենք ներդնելով փորձը, որը ձեռք ենք բերել մեր կամքին հակառակ»,-ընդգծում է ռազմական բժիշկը, ում մոտ ավելացել է համոզմունքը, որ մասնագիտության հարցում կատարել է ճիշտ ընտրություն: «Կարևոր է լինել բանիմաց, տոկուն, դիմադրել ցանկացած ծանրաբեռնվածության, անդադար սովորել և, իհարկե, երբեք չհիասթափվել, որովհետև նպատակն արդար է, և որովհետև ամեն ինչ դեռ առջևում է: Մայր Հայաստանը դեռ պիտի տարածի իր ձեռքերն ու ժպիտով կրի իր որդիների ջանքերով վաստակած հաղթության դափնին։ Ոչ այն պատճառով, որ աշխարհը տեսնի, այլ որովհետև սա է մեր միակ ճանապարհը»-համոզված է բժշկական բուհի շրջանավարտը։
Այժմ Դավիթ Գեորգյանը ծառայում է սահմանապահ զորամասային օղակում՝ որպես բժիշկ:
Մասնագիտական շարունակական կրթությունը շարունակելու նպատակով՝ նախատեսում է վերադառնալ ԵՊԲՀ՝ ընտրելով, հավանաբար, վիրաբուժության ուղղություններից մեկը:
Վերհիշելով ուսանողական լավագույն տարիները՝ պատմում է. «3-4-րդ կուրսերում ընգրկված էի Ուսանողական գիտական ընկերության միջոցառումներում, հետո հասկացա, որ բնավորությամբ գիտնական չեմ։ 6-րդ կուրսում ու ինտերնատուրայում համալսարանի «Խոյ» ազգային պարի խմբի ակտիվ մասնակիցներից էի: Երբ վերադառնամ ու խումբը դեռ գործի, անպայման կմիանամ նրանց»,- հավելում է նա՝ եզրափակելով, որ բժշկականում սկսել է հետաքրքրվել նաև գրաֆիկ ու վեբ դիզայնով: Աշխատում է նաև այդ ուղղությամբ՝ համարելով, որը բժշկականն իրեն 2 մասնագիտություն է տվել: