ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, լեյտենանտ Վարդան Հարությունյանը բուհն ավարտելուց հետո մասնագիտական պարտականությունները կատարելու համար տեղափոխվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Նորանշանակ ռազմական բժիշկը սեպտեմբերի 27-ին արթնացել է հրթիռակոծության ալիքից, ինչը Ստեփանակերտի բնակիչներին դեռ լույսը չբացված ստիպել էր դուրս գալ տներից: Իրավիճակը գնահատելուց հետո՝ ռազմական բժիշկը շտապում է զորամաս և հրամանատարի հրամանով տեղափոխվում է իր ծավալման վայրը` Խնածախ գյուղ, որտեղ իրականացրել է անձնակազմի բուժապահովում: Հոկտեմբերի 1-ին, բուժծառայության պետի ցուցմամբ, վերադարձել է զորամաս և ծավալել է բուժկետ, որտեղ, լինելով միակ բժիշկը, մինչ նոյեմբերի 9-ը շուրջ 980 վիրավոր և հիվանդ զինծառայողի վերադարձրել է շարք: Նոյեմբերի 7-ին՝ Ստեփանակերտի տարհանման ժամանակ, գտնվելով մշտական ռմբակոծության և հրետակոծության տակ՝ կատարել է մոտ 60 վիրավորի և հիվանդի տարհանում իր բուժկետից դեպի Վարդենիս: Բուժկետի միակ բժշկին օգնության ձեռք են մեկնել ժամկետային ծառայություն անցնող բժշկական համալսարանի ուսանողները: «Վիրավորների մեջ կային ապագա բժիշկներ, որոնք պատրաստակամ աջակցում էին ինձ վիրավորներին բուժօգնություն ցույց տալու հարցում»,-ընդգծում է ռազմական բժիշկը:
Բժշկի և զինվորականի մասնագիտությունները Հարությունյանների ընտանիքում հոգեհարազատ են: Դա էր պատճառը, որ համատեղելով բժշկի և զինվորականի առաքելությունը, ընտրել է ռազմական բժշկի մասնագիտությունը: «Զինվորին օգնելու, շարք վերադարձնելու առաքելությունն ինձ դարձրեց Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող: Կրկնակի երդումն ու կրկնակի պատասխանատվությունը ռազմական բժիշկին ավելի պատրաստակամ է դարձնում ընտրած գործին նվիրվելու համար»,-շեշտում է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտը, որն ապագայում նախատեսում է որպես մասնագիտացում ընտրել վիրաբուժությունը: «Փորձը ցույց տվեց, որ վիրաբույժի մասնագիտացումը, հատկապես, ռազմական բժշկության մեջ առանցքային ուղղություններից է»,-ասում է նա: Անկեղծանալով նշում է՝ ինչպես շատերը, ինքն էլ ցանկացել է ծառայել իր ծննդավայրին՝ Սիսիանին, ընտանիքին մոտ, սակայն ունեցել է սկզբունք` ոչ մի կերպ չխոչընդոտել այն ամենին, ինչն ի վերուստ նախատեսված էր իր համար: «Բուհն ավարտելուց հետո, երբ մասնակցում էի վիճակահանությանը, արդեն որոշել էի՝ պատվով պետք է ընդունեմ ինձ բաժին հասած պատասխանատվությունը»,- նշում է նա` հավելով, որ պատերազմի ընթացքում իր առջև խնդիրները կատարել է որդեգրած սկզբունքին համապատասխան: Տեսնելով վիրավորնին, հայրենիքի համար կյանքը զոհած զինվորներին` փոխվել է կյանքի և մահվան մասին նրա պատկերացումները: Պատերազմը մասնագիտական մեծ փորձ է տվել ռազմական բժշկին: «Եթե այլ իրավիճակներում, փորձի պակասի պատճառով, որպես մասնագետ չէի համարձակվի կատարել, պատերազմի ժամանակ դա արել եմ ստիպված` չունենալով այլընտրանք: Որպես մարդ՝ սկսել եմ կարևորել նույնիսկ բացասական մանրուքները: Ինչը նախկինում ինձ տխրեցնում էր, այժմ ապրեցնում է»,-հավելում է ռազմական բժիշկը: Իր առջև դրված խնդիրները հաղթահարել եմ ոգեշնչվելով զինվորի ու զինծառայողի անկոտրում ոգով: «Տեսնելով հայրենիքի պաշտպանության համար մղվող կռիվը` որպես բժիշկ մեր պարտքն էր իրականացնել մեր հերոսների բուժսպասարկումը` օգնելով նրանց վերդառնալ շարք: Երբեք չեմ մոռանա` ինչպես 18 տարեկան վիրավոր զինվորն ինձ սեղմեց պատին` պահանջելով, որ իրեն դուրս գրեմ, որպեսզի վերադառնա դիրքում գտնվող ընկերների մոտ»,- հիշում է պատերազմի մասնակից բժիշկը` ավելացնելով, որ զինվորը կատարում էր առավելագույնը՝ բժիշկներին պարտավորեցնելով անել նույնը: «Պատերազմի ժամանակ բժշկից պահանջվում են տեսական և գործնական հմտություններ, ինչպես նաև սառնասրտություն: Եթե չկարողանայի սառնասրտություն դրսևորել, իմ ունեցած ոչ մի հմտություն չէր ծառայի նպատակին»,-ավելացնում է Վարդան Հարությունյանը:
Պատերազմի մղձավանջները դեռ հանգիստ չեն տալիս ռազմական բժշկին, սակայն ստիպում են կյանքին նայել այլ անկյունից, գնահատել կյանքը, վայելել ունեցածը: Վարդան Հարությունյանը շարունակում է ռազմական բժշկի մասնագիտական գործունեությունն Արցախի զորամասերից մեկում`վստահեցնելով, որ ցանկություն չունի լքել Արցախը, քանի որ այնտեղ իր կարիքն ավելին է, քան որևէ այլ վայրում:
Լեյտենանտ Հարությունյանի կատարած սխրանքը բարձր է գնահատվել իր վերադաս հրամանատարության կողմից. նա ներկայացվել է ԱՀ «Մարտական ծառայության» մեդալի: