Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմական բժշկի համար մասնագիտությունը կրկնակի պատասխանատվություն է ու կրկնակի պատիվ

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի սովորող Արայիկ Ղուշչյանը պատերազմի մասին լուրն իմանալուն պես կապ է հաստատել վերադաս հրամանատարության հետ` առաջարկելով իրեն ևս ներգրավվել այն աշխատանքներին, որոնք միտված էին օժանդակել մարտի դաշտում վիրավորված զինվորներին բուժօգնություն տրամադրելուն:

«Ես կցվեցի հոսպիտալներից մեկին: Մենք տարբեր աշխատանքներ էինք իրականացնում:  Արել ենք այն ամենը, ինչ այդ պահին պահանջվել է` ինչպես մասնագիտական, այնպես էլ այլ բնույթի»,-պատմում է սովորողը:

Բուժհաստատություններից, զինվորական օդանավակայանից վիրավորներին հոսպիտալներ տեղափոխելու ընթացքում Արայիկը բազմաթիվ դեպքերի է ականատես եղել:

«Մեկ ոտքը կորցրած զինվորի էինք  տեղափոխում: Հոսպիտալի մուտքի մոտ հանդիպեցինք նրա ընկերոջը, որն էլ կռվի դաշտում երկու ոտքն էր կորցրել. լավ տրամադրություն ուներ: Դա զարմացրեց մեզ, և այդ զինվորն ընկերոջը հարցրեց, թե որն է ուրախության պատճառը: Երկու ոտքը կորցրած հերոսը  պատասխանեց. «Կյանքը շարունակվում է, իսկ ուրախ եմ, քանի որ մայրս նորից կտեսնի ինձ, մնացած ամեն ինչի հետ կարելի է համակերպվել»: Այս խոսքերը լսելուց հետո մեր կողմից տեղափոխվող հերոսի դեմքին ժպիտ եկավ»,- վերհիշում է ռազմական բժիշկը:

Արայիկ Ղուչյանի խոսքով` պատերազմի ժամանակ դժվարություններ եղել են, սակայն դրանք ավելի շատ հոգեբանական էին, քան մասնագիտական ու ֆիզիկական:

«Յուրաքանչյուր ապաքինվող զինվորի ժպիտի հետ ամեն բան հաղթահարվում էր»,-ընդգծում է նա` հավելելով, որ ամենամեծ և անդառնալի կորուստը մարդկային կյանքերն են, իսկ կորսված տարածքները, որտեղ թափվել է հերոս տղաների արյունը, մի օր անպայման կազատագրվեն:

Պատերազմից հետո, ինչպես նշում է ռազմական բժիշկը, շատ բան է փոխվել, ինչպես իր բնավորության մեջ, այնպես էլ` աշխարհայացքում: 

«Սկսել եմ  ավելի շատ սիրել ու գնահատել կյանքը, մանրուքները, որոնք ինձ համար այլևս մանրուք չեն: Որպես ռազմական բժիշկ` նպատակ ունեմ կատարելագործել գիտելիքներս, որպեսզի միշտ պատրաստ լինեմ մասնագիտական առումով անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին»,- նշում է նա:

Չնայած ընտանիքում բժիշկներ չեն եղել` ռազմական գործը սիրել է փոքր տարիքից:

«Սիրել եմ նաև բժշկի կատարած սուրբ աշխատանքը: Որոշեցի համատեղել այս երկու մասնագիտությունները և ընտրեցի ռազմական բժշկի ուղին: Կրկնակի մասնագիտությունը կրկնակի պատասխանատվություն է ու կրկնակի պատիվ»,- փաստում է սովորողը` հավելեով, որ եթե մասնագիտությանը սիրով ես վերաբերում, դժվարություններն ավելի հեշտ են հաղթահարվում:

Մասնագիտացման ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվել: Որոշել է` ինտերնատուրան ավարտելուց հետո, դեռ մի քանի տարի կաշխատի որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ, ապա կընտրի մասնագիտացում:

Արայիկ Ղուշչյանի կարծիքով` ռազմական բժիշկը պետք է լինի կարգապահ, նպատակասլաց, բանիմաց, իսկ նպատակին հասնելու համար պետք է ունենալ կամքի ուժ:

«Մեր ընտրած ճանապարը ոչ միշտ է հարթ. ժամանակ առ ժամանակ կարող են խոչընդոտներ լինել, որոնք հաղթահարվում են  կամքի մեծ  ուժի շնորհիվ»,-եզրափակում է մարտական գործողությունների ընթացքում վիրավորների բուժօգնությանը անվերապահորեն աջակցելու համար ՀՀ ՊՆ պատվոգրով պարգևատրված ԵՊԲՀ ռազմական բժշկության ֆակուլտետի սովորող Արայիկ Ղուշչյանը: