ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի ընթացքում ամուր թիկունք դարձան ռազմական բժիշկների համար: 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանն առաջիններից էր, ով որպես կամավոր մեկնեց Արցախ: Զինվորական ծնողների մասնագիտական ուղին շարունակելով՝ ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրած Նիկոլայ Գրիգորյանի նպատակն է՝ օգտակար լինել և մինչև վերջին շունչը ծառայել հայրենիքին: Պատերազմի ընթացքում Շուշիից վիրավորների տարհանմանը կազմակերպելուն մասնակցելու համար նրան շնորհվել է «Արիության համար» մեդալ: «Զինվորական բժշկի ուղին հեշտ չէ, սակայն, գիտակցելով գործի կարևորությունը՝ հաղթահարվում են բոլոր դժվարությունները»,-նշում է ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը:
Նիկոլայը ծնունդով Արցախից է: «Անկախ այդ հանգամանքից ես պատերազմի առաջին օրվանից պարտավոր էի լինել այնտեղ: Իմ մեջ հպարտության զգացում առաջացրեց հորս զանգը, ով հայտնելով Արցախի դեմ սկսված պատերազմի մասին լուրը՝ կոչ արեց ճանապարհվել Արցախ»,-նշում է Նիկոլայը, ով սեպտեմբերի 27-ից Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ավագ գործընկերների կողքին ստացած գիտելիքները ծառայեցրել է հանուն վիրավորված զինվորների փրկության: Ապագա ռազմական բժիշկն օգնել է նաև առաջնագծի թեժ կետերից տարհանել վիրավորներին: Պատերազմի ժամանակ շատ կարևոր է աշխատել սթափ, կարճ ժամանակում արագ կողմնորոշվել: Չնայած ունեցած գիտելիքների՝ ոչ բոլորին է հաջողվում ինքնավստահ լինել ու հաղթահարել վախը:
Ապագա ռազմական բժիշկը կարևորում է բժշկական ինտուիցիան: «Դրա շնորհիվ և՛ դու կփրկվես, և՛ կփրկես բազմաթիվ կյանքեր»,-ընդգծում է նա:
Ընդունվելով ռազմաբժշկական ֆակուլտետ՝ 1-ին կուրսից սկսած, նա բոլոր արձակուրդների ընթացքում հնարավորություն է ունեցել պրակտիկ հմտություններ ձեռք բերել Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Պատերազմական պայմաններում այդ հանգամանքն ավագ գործընկերների և կամավոր բժիշկների հետ աշխատանքն ավելի հեշտ և արդյունավետ է դարձրել:
Նիկոլայը չնայած դժվարությամբ է հաշտվում ընկերների կորստի հետ, սակայն կարծում է, որ պետք է հաղթահարել ցավը և գիտակցել, որ պարտավոր ենք շարունակել նրանց կիսատ թողած գործը:
Թեպետ ստեղծված իրավիճակը չի հագեցնում հաղթանակի ծարավը, բայց ապագա ռազմական բժիշկը վստահ է՝ մինչև վերջին շունչը ծառայելու է երկրին:
Վիրաբույժի մասնագիտությունն ընտրած ուսանողը համոզված է՝ ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրելիս անհրաժեշտ է գիտակցել, որ այն կյանքում լինելու է առաջին տեղում: «Ռազմական բժիշկը պետք է լինի սթափ, սառնասիրտ, արագ կողմորոշվող, համարձակ ու մի քիչ էլ՝ խենթ»,-ընդգծում է ապագա ռազմական վիրաբույժը՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո պատրաստվում է իր ձեռք բերած մասնագիտական ներուժը ծառայեցնել հանուն ավելի ուժեղ բանակի ստեղծման գործին՝ չխնայելով ոչինչ: