Ֆիլիպիններից բժշկական կրթություն ստանալու նպատակով Երևան ժամանած ուսանողուհի Այվի Սալադագայի համար բժիշկ դառնալը մանկության երազանք էր:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Այվին ապագա անոթային վիրաբույժ է: Ծնվել է Ֆիլիպինների Տակլոբան քաղաքում:
32-ամյա Այվին միշտ պատկերացրել է, թե ինչպես է բուժում մարդկանց և օգնում նրանց ապաքինվել: «Ինձ գոհունակություն է պատճառում այն գիտակցումը, որ ես կարող եմ օգնել և փրկել կյանքեր», – ասում է Այվին, որին կրթություն ստանալու հարցում միշտ աջակցել են ծնողները:
«Երբ ընդունվեցի քոլեջ, որոշեցի սովորել «Բուժքույրական գործ» մասնագիտությունը: Ցավոք, իմ երկրում լիցենզավորված բուժքույր դառնալուց հետո ընտանիքս որոշակի դժվարությունների առաջ կանգնեց, արդյունքում փոխվեցին ապագայի իմ բոլոր ծրագրերը: Տարիներ շարունակ աշխատել եմ հիվանդանոցում, իսկ հետագայում ավելի լավ ապագայի տեսլականով տեղափոխվեցի ԱՄԷ՝ Դուբայ», – պատմում է Այվին:
Ապագա բժշկուհին հավատում է, որ մարդու հետ պատահող ամեն ինչի հիմքում կա պատճառահետևանքային կապ:
«Իմ ընտանիքի բիզնեսը հետագայում վերաճեց զարգացած ձեռնարկության: Այդ ժամանակ մայրս, հիշելով, թե որքան շատ էի ուզում բժիշկ դառնալ, հարցրեց՝ արդյո՞ք դեռ հետաքրքրված եմ իմ երազանքով: Հոգու խորքում դեռ փափագում էի բժիշկ դառնալ, բայց երբեք չէի մտածի, որ հնարավորություն կլինի երազանքս իրագործելու: Ծնողներս խնդրեցին ինձ ընտրել բժշկական համալսարան», – ասում է օտարերկրացի սովորողը:
Վստահելի մարդկանցից մեկի խորհրդով նա որպես կրթական հաստատություն ընտրում է Երևանի պետական բժշկական համալսարանը: Այվին հիշում է՝ երբ առաջին անգամ Հայաստան եկավ, միանգամից սիրահարվեց մայրաքաղաք Երևանին:
«Հիշում եմ, թե ինչքան հիացած էի քաղաքի գեղեցկությամբ՝ մաքուր օդով, հին շենքերով: Մարդիկ այստեղ ջերմ և ընկերասեր են, միշտ պատրաստ են օգնել: Երևանն ինձ համար կտրուկ փոփոխություն էր, քանի որ և՛ Մանիլան, և՛ Դուբայը շատ ակտիվ շնչով լեցուն քաղաքներ են. բոլորը միշտ վազքի մեջ են: Իսկ Հայաստանում իմ կյանքն ավելի հանգիստ է. ես գիտեի, որ ճիշտ որոշում կայացրի», – ընդգծում է ուսանողուհին:
Խոսելով ԵՊԲՀ-ում կրթության մասին՝ Այվին իր գոհունակությունն է հայտնում դասախոսներին, որոնք ոչ միայն գիտելիքներ են փոխանցում, այլև շատ հոգատար են ուսանողների նկատմամբ:
Լավ բժշկի համար, ըստ նրա, ամենակարևորն ամուր հիմքն է. «Բժիշկը պետք է իմանա և հասկանա, թե ինչի հետ գործ ունի, որպեսզի հիվանդների բուժումը և կյանքեր փրկելն առավել հեշտ ստացվի: Երկրորդ, բժիշկը պետք է համառ և հետևողական լինի:
Եվ, վերջապես, լավ բժիշկը պետք է իմանա, թե երբ պետք է օգնություն խնդրի: Սեփական թերություններն ընդունելը և ուրիշների կարիքը զգալը դեռ չի նշանակում, որ դու թույլ ես կամ անարդյունավետ ես աշխատում: Ինձ համար դա նշանակում է, որ բժիշկն այնքան պատասխանատու է, որ իր հիվանդներին սեփական հպարտությունից վեր է դասում», – կարծում է Այվին:
Ապագա բժիշկներին նա միայն մեկ խորհուրդ ունի, այն է` համարձակ լինել:
«Եղե՛ք բավական համարձակ՝ սովորելու այն բաները, որոնք դուք պետք է իմանաք, քանի դեռ ձեր դասախոսները փոխանցում են ձեզ իրենց գիտելիքները: Եղեք այնքա՛ն համարձակ, որ հարցնեք այն բաների մասին, որոնք չգիտեք: Եվ այնքա՛ն համարձակ եղեք, որ ամեն ինչին միայնակ դիմագրավեք, քանի որ, ի վերջո, ձեր հիվանդի կյանքը կախված է լինելու ձեզնից և միայն ձեզնից: Կյանքը հեշտ չէ, միաժամանակ, այն դժվար չէ: Ես խորապես հավատում եմ, որ հետևողական մարդն անպայման հաջողության կհասնի», – եզրափակում է Այվի Սալադագան:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան