Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆրանսահայ հայտնի վիրաբույժ Արամ Գազարյանը փաստում է՝ Հայաստանում կան բացառիկ բժիշկներ

Աշխարհի առաջատար լրատվամիջոցները լայն անդրադարձ կատարեցին ֆրանսիական Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկում կատարված շատ բարդ վիրահատությանը։ Առաջին անգամ կատարվել էր զույգ ամբողջական ձեռքերի փոխպատվաստում, վիրահատական միջամտությունը բարեհաջող էր անցել։ 2021 թվականի հունվարի 13-ին արված բացառիկ վիրահատությունը տևել էր 15 ժամ, վիրահատության նախապատրաստմանը մասնակցել էր 50 աշխատակից, բուն վիրահատությանը մասնակցում էին տասնյակ բժիշկներ, և ամբողջ գործընթացը ղեկավարում էր Լիոնի Էդուաղդ-Էղուա հիվանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, հայազգի պրոֆեսոր Արամ Գազարյանը (Ղազարյան)։

Ֆրանսահայ հայտնի ձեռքի վիրաբույժ, «Երկիր եւ մշակույթ» բարեգործական կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի նախագահ Արամ Գազարյանը ծնվել է Ֆրանսիայում, սակայն պապերն ու տատերն արևմտահայ գաղթականներ են․ հայրական կողմը՝ Մուշից, մայրական կողմը՝ Հաճնից։

1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր ամեն տարի անվանի վիրաբույժն այցելում է հայրենիք։ Արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում ևս Արամ Գազարյանը Հայաստանում էր, վիրահատություններ էր կատարում և հերոս զինծառայողների կյանքեր փրկում։

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերականգնենք մեր զինվորների առողջությունը և բարելավենք նրանց կյանքի որակը», – ասում է հայազգի պրոֆեսորը։

Արամ Գազարյանը նախորդ տարվա հոկտեմբերին կայացած Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովի շրջանակում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր հյուրերից էր։

Արտերկրում հաջողության հասած և հայրենիքին ուղղված ծրագրեր իրականացնող հայ մասնագետի հետ զրուցել ենք վիրաբույժ դառնալու պատճառների և առավելությունների մասին։  

– Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց բժշկի ուղին ընտրել։

– Երբ ավարտեցի դպրոցը, ուսուցիչներս առաջարկում էին գրականությամբ զբաղվել, սակայն ես գիտեի, որ ապագայում անպայման մարդկանց հետ պիտի գործ ունենամ։ Հետաքրքրված էի նաև գիտությամբ։ 17 տարեկանում արդեն վերջնականապես կողմնորոշվեցի․ պիտի բժիշկ դառնայի։ 

– Ո՞ր ոլորտում նախընտրեցիք մասնագիտանալ։

– Նախընտրեցի վիրաբուժությունը, որը մեծ պատասխանատվություն է պահանջում։ Երբ վիրաբույժ ես, միաժամանակ, և՛ ախտորոշում ես, և՛ բուժում ես քո ձեռքերով։ Արդյունքում` ապաքինված պացիենտին տեսնելը սքանչելի է։ Հենց այս գաղափարն էր ինձ համար առաջնային, երբ որոշեցի վիրաբույժ դառնալ։ 

– Ինչպե՞ս եք իրականացնում Հայաստանի բժշկական համայնքի հետ համագործակցությունը։

– 1988 թվականից հետո ամեն տարի այցելում եմ Հայաստան։ Շատ ընկերներ ունեմ այստեղ: Հենց այս ընկերությունն է գործակցության հիմքը։ Ոչ ոք չի կարող լուրջ ձեռքբերումներ ունենալ, եթե չշփվի և կապեր չպահպանի իրենց ոլորտում կայացած մարդկանց հետ։ Համագործակցում ենք հաստատությունների, կազմակերպությունների մակարդակով, բայց կարևորը մարդն է։ Պետք է նշեմ, որ Հայաստանում կան բացառիկ բժիշկներ։ 

– Ի՞նչը կուզենայիք Հայաստանից տանել Ֆրանսիա։ Ի՞նչն եք կարոտում։

– Անշուշտ, ընկերությունը։ 

– Ինչպե՞ս եք հանգստանում։ Ի՞նչ նախասիրություններ ունեք։

– Սիրում եմ նկարել աբստրակտ ոճի նկարներ։ 

– Ձեր խորհուրդն ապագա բժիշկներին։

– Հաջողության հասնելու գործում կրթությունն է միակ ճանապարհը։

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան