Հայազգի բժիշկն ու երաժիշտը՝ Բոստոնի համալսարանի պատմության կարևոր մաս

Հայազգի բժիշկն ու երաժիշտը՝ Բոստոնի համալսարանի պատմության կարևոր մաս

Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցը վերանվանվել է երկու հայ շրջանավարտի՝  Արամ Չոբանյանի և Էդվարդ Ավետիսյանի անունով։

Մանկության ընկերների կապն ամերիկյան համալսարանի հետ ավելի քան կեսդարյա պատմություն ունի։

93-ամյա հայազգի բժիշկ, բարերար, սրտաբան, բժշկական գիտությունների պրոֆեսոր, ԵՊԲՀ նոր հայկական բժշկական հանդեսի խմբագրական խորհրդատվական խորհրդի անդամ Արամ Չոբանյանը 2003-2005 թվականներին Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահն էր, 1994 թվականից ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, 2000 թվականից՝ Ամերիկյան բժիշկների ընկերության պատվավոր անդամ, 2002 թվականից՝ Եվրոպայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Արժանացել է «Մխիթար Հերացի» մեդալի, պարգևատրվել Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով։

85-ամյա հայազգի բարերար, «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի հիմնադիր, երաժիշտ, հայտնի Boston Pops նվագախմբի կլարնետահար Էդվարդ Ավետիսյանի ընտանիքը Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան է գտել Միացյալ Նահանգներում։ Նա երբեք չմոռացավ ծնողների քրտնաջան աշխատանքն ու անձնազոհությունը, նրանց շեշտադրումը կրթության վրա և  բարերար դարձավ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Հայաստանի համար:

Չնայած բոլոր նվիրատվություններին՝ հայազգի բարերարներրը մշտապես համեստություն են ցուցաբերել և երբեք չեն ցանկացել, որ իրենց անունով որևէ բան կոչվի։

Բոստոնի բժշկական համալսարանի դեպքում նրանք, ի վերջո, համաձայնեցին՝ պայմանով, որ դպրոցը կկոչվի երկուսի անունով։

Լավագույն ընկերներ Արամ Չոբանյանի և Էդվարդ Ավետիսյանի անուններն այժմ ընդմիշտ կկապվեն Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի նոր անվան հետ: