Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական երկրորդ համագումարը։
Միջոցառումը նվիրված է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան (փետրվարի 4)։
Համագումարի այս տարվա խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»։
Միջոցառմանը մասնակցում է առողջապահության, բժշկագիտության ոլորտի 200-ից ավելի պատվիրակ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից` առաջատար բժշկական կենտրոնների ղեկավարներ, տարբեր մասնագիտացմամբ ուռուցքաբաններ, ինչպես նաև հանրային առողջության մասնագետներ։
Համագումարին մասնակցում է նաև ԵՊԲՀ պատվիրակությունը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Միջոցառման ընթացքում կներկայացվի մոտ 60 զեկույց, կառանձնացվեն ուռուցքային հիվանդությունների բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, քաղցկեղի կանխարգելման ուղիները, կքննարկվեն Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականությունն ու ռազմավարությունը, իրականացվող միջոցառումներն ու հետագա ծրագրերը։
Համագումարն արդեն երկրորդ տարին է հնարավորություն ընձեռում ոլորտի բոլոր մասնագետներին մեկ հարկի տակ հավաքվելու, քննարկելու անցնող տարվա ձեռքբերումները և ուղենշելու հետագա անելիքները:
Համագումարի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈւԳԿ) դաշնային նախագծերի իրականացման գծով փոխտնօրեն Տիգրան Գևորգյանն ու Պոդոլսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վարդան Գևորգյանը:
Մասնակիցները կարևորեցին նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդհանրացնելու ոլորտի առաջատար մասնագետների փորձը, քննարկելու կուտակված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Կարևորվեց նաև նման հարթակների կրթական դերը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ավագ գործընկերների հետ քննարկելու արդիական խնդիրները:
Համագումարի աշխատանքների շրջանակում ծրագրված են զեկույցների քննարկումներ, գիտամարտ ու տարբեր մրցույթներ։ Մասնավորապես, պատվիրակների անանուն քվեարկությամբ կընտրվի երեք լավագույն զեկուցող, որոնց կտրամադրվի գիտաթոշակ։
Հայկական ուռուցքաբանական երկրորդ համագումարի անցկացումը կնպաստի առողջապահության ոլորտում կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը, համագործակցության ծրագրերի իրականացմանը: