Ընդհանուր բժշկության ֆակուլտետը ԵՊԲՀ ամենաշատ ուսանող ունեցող ֆակուլտետն է, որը շարունակում է աչքի ընկնել իր գրավչությամբ: Ֆակուլտետում սովորում է ավելի քան 3000 հայ և արտասահմանցի ուսանող: Շրջանավարտները 6 տարի տևողությամբ անընդհատ ինտեգրված ուսուցումն ավարտելուց հետո ստանում են «բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում: Ֆակուլտետի համար շարունակում է գերխնդիր լինել մրցունակ և որակյալ կադրերի պատրաստումը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդական Արտեմ Գրիգորյանի հետ զրուցել ենք ֆակուլտետի աշխատանքի, ձեռքբերումների, ինչպես նաև բուհում կրթական որակի գնահատման ու ապահովման մասին:
-Ընդհանուր բժշկության ֆակուլտետը վերակազմավորվել է 20 տարի առաջ և համարվում է գրեթե 100-ամյա պատմություն ունեցող բուժական ֆակուլտետի իրավահաջորդը: Զարգացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել ֆակուլտետը, որո՞նք են ամենակարևոր ձեռքբերումները:
-Ընդհանուր բժշկության ֆակուլտետը մեր համալսարանի առաջատարն է՝ ֆլագմանը, և երբ խոսվում է ԵՊԲՀ-ի մասին, առաջին հերթին պատկերացնում ենք այս ֆակուլտետը:
20 տարի առաջ կար բուժական ֆակուլտետ, և զուգահեռ գործում էին մանկաբուժական և բժշկականխարգելման կամ սանիտարահիգիենիկ ֆակուլտետները: Միջազգային ընդհանուր անվանակարգին համահունչ դարձնելու համար որոշվեց, որ բոլորը միավորվեն ընդհանուր բժշկության ֆակուլտետի շուրջ:
Բուժական գործի հիմնական մասնագիտություններ ստանալու համար պետք է այս ֆակուլտետում 6 տարի տևողությամբ ուսումանական գործընթաց անցնել, որից հետո շրջանավարտը կարողանում է ընտրել հիմնական մասնագիտությունը: Բուժող բժիշկ աշխատելուց բացի, մի մասը կարող են դառնալ տեսաբաններ, գիտնականներ, մյուս մասը՝ ընտրել մանկաբուժությունը կամ կանխարգելիչ բժշկությունը: Ընդհանուր բժշկության ֆակուլտետը համահունչ է աշխարհի մյուս բժշկական բուհերի համանուն ֆակուլտետների հետ:
-Ընդհանուր բժշկության ֆակուլտետ դիմորդների պակաս չի ունենում: Ինչպե՞ս են ընտրում այս ֆակուլտետը և ովքե՞ր են հնարավորություն ունենում սովորել:
-Եթե ուզում են բժիշկ դառնալ, ԵՊԲՀ դիմելիս առաջինն ընդհանուր բժշկության ֆակուլտետն են դիտարկում: Ընդունվում են այն մարդիկ, ովքեր մանկուց երազել են բժիշկ դառնալ (կամ ուսանողի ծնողներն են նման երազանք ունեցել): Գրավչությունը շատ մեծ է, և եթե համեմատենք այլ ֆակուլտետների հետ, այստեղ սովորող, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ուսանողների թիվը ևս մեծ է:
-Կրթական գործընթացը, կարելի է ասել, զարգացող օրգանիզմ է, որո՞նք են լուծում պահանջող հարցերն ու առաջնահերթությունները:
-Ավանդաբար ասվում է, որ մեր բուհն ավելի շատ տեսական գիտելիքներ է տալիս: Դա ինչպես համալսարանի, այնպես էլ ֆակուլտետի գլխավոր խնդիրներից է: Սակայն պետք է շեշտել, որ խնդիր է դրված բարելավել մեր ուսանողների գործնական հմտությունները, այդ թվում շարունակ ընդլայնելով մեր սիմուլյացիոն կենտրոնի հնարավորությունները, այն ավելի լայն օգտագործել գործնական հմտությունների բաղադրիչը բարելավելու համար: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի բուժական գործով զբաղվողների համար սիմուլյացիոն կենտրոնի ստեղծումը միտված է ապագա բժիշկների գործնական հմտություններն այն մակարդակի հասցնել, որ բուհի շրջանավարտները պատրաստ լինեն աշխատել որպես պրակտիկ բժիշկ:
Կարող ենք ասել, որ մեր կադրերը մրցունակ են: Մեր ֆակուլտետի օգտին է խոսում նաև այն, որ մեր շրջանավարտների մի մասը՝ ինչպես տեղացիները, այնպես էլ օտարերկրացիներն իրենց ուսումը կամ մասնագիտական գործունեությունը շարունակում են արտերկրում: Եթե մեր դիպլոմի հիման վրա արտասահմանյան բուհերը թույլատրում են հանձնել քննություն հետագայում կլինիկական օրդինատուրա անցնելու համար, նշանակում է, որ ԵՊԲՀ դիպլոմը վավերացվում է:
-Որպես կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդական՝ կրթության որակի բարելավման ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում:
-Մեր համալսարանն առաջիններից էր, որ առանձնացրեց որակի գնահատման ու ապահովման բաժին, որն իր գործառույթների համաձայն՝ գործում է անկախ և հնարավորություն ունի ինքնուրույն անցկացնել հետազոտություններ՝ բացթողումները հայտնաբերելու համար: Որոշակի լուծումներ տրվում են հենց ուսանողների շրջանում անցկացված հարցումների հիման վրա: Օրինակ՝ դասախոսների և ուսանողների շրջանում հարցումների միջոցով փորձեցինք պարզել՝ որքանով է նպատակահարմար ու արդյունավետ դասախոսություններին ուսանողների պարտադիր մասնակցությունը: Ուսանողների զգալի մասը նշել է, որ նախընտրում է ըստ ցանկության մասնակցել դասախոսություններին՝ հիմնավորելով, որ այն, ինչ ներկայացվում է դասախոսությունների ժամանակ, գրեթե նույնությամբ ներկայացված է դասագրքերում: Դասախոսությունների ազատականացման արդյունքում՝ համալսարանն անուղղակիորեն ամբիոններին մղում է նրան, որ վերջիններս շահագրգռեն ուսանողներին՝ դասախոսություններին ներկա լինելու համար (բնականաբար՝ ոչ արհեստականորեն, այլ դասախոսական արվեստին առավել տիրապետելու, բուն առարկայի ներքին գրավչությունը ցույց տալու միջոցով): Փոփոխության հետ մեկտեղ՝ շարունակական դինամիկ վերլուծություն է իրականացվում. նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ դասախոսությունների ազատականացումն ուսանողների առաջադիմության վրա բացասական ազդեցություն չի ունեցել, նույնիսկ առաջադիության աճի միտում է նկատվել (թերևս այս տվյալները դեռ լրացուցիչ վերլուծության կարիք ունեն՝ չի բացառվում, որ մենք վերջնական արդյունքի վրա ազդող շատ գործոններ հաշվի չենք առնում):
Շարունակում ենք բացահայտել այլընտրանքային մեխանիզմները: Պետք է փորձել դասավանդման մեթոդաբանության առավել լայն սպեկտր գործածել: Մեր խնդիրն է՝ ավելի շատ հնարավորությունների դաշտ ապահովել ուսանողության համար, իրապես տսեղծել այն կրթական մթնոլորտը, որը հաճելի ու գրավիչ կդարձնի ուսումը մեր համալսարանում:
-Շատ հաճախ ձեր դեկանատի մոտ մարդաշատ է: Ինչպիսի՞ աշխատանքներ է տանում դեկանատն ուսանողների հետ:
–Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանատի մոտ ամենօրյա մարդաշատությունը պայմանավորված է ուսանողների մեծ թվով: Հաճախ հարցերը տեխնիկական բնույթի են, ինչը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կնվազի, քանի որ համալսարանը քայլեր է անում էլեկտրոնային համալսարանի գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ, որպեսզի ինֆորմացիան հեշտ և արագ հասանելի լինի յուրաքանչյուրի համար:
Կարևոր է նաև մարդկային շփումը, երբեմն՝ ավագի խորհուրդը, քանի որ կան մարդիկ, որոնք դժվար են կողմնորոշվում բժշկական աշխարհում և վատ չէր լինի, որ պարբերաբար խորհուրդներ ստանային ավագ գործընկերներից: Այդ գործառույթների մեծ մասն այսօր դեկանատներն են կատարում: Մենք բաց ենք ուսանողների հետ շփումներում և կարիքի դեպքում աջակցում ենք նրանց: Դեկանատում ամեն կուրսով զբաղվող տեսուչ և փոխդեկան ունենք, ովքեր լավ ճանաչում է իրենց ուսանողներին և իրականացնում են ուսումնական պրոցեսի վերահսկողություն:
Կառանձնացնեի նաև դեկանի՝ Կարինե Բարոյանի անձնական խարիզմայի գործոնը: Ուսանողները լավ գիտեն՝ նա որքան խիստ և օբյեկտիվ, նույնքան մարդկային ու բարի անձնավորություն է: Այդ հատկանիշներից է ձևավորվում նրան հատուկ հմայքը, որը դեկանատի ողջ թիմին տրամադրում է դեպի պարտաճանաչ ու ստեղծագործ գործունեություն:
-Դուք նշեցիք, որ ԵՊԲՀ ընդունվում են նրանք, ովքեր մանկուց երազել են բժիշկ դառնալ: Սա նաև Ձեզ է վերաբերու՞մ:
-Ինձ զուգահեռաբար հետաքրքրում էր բժշկությունը, գիտությունը, կենսաբանությունն ու ուղեղը: Մասնագիտության ընտրությունը պայմանավորված է հետաքրքրասիրությամբ: Դեպի տեսական ամբիոնին կողմնորոշումը՝ մեր առարկայի ներքին գեղեցկությամբ, որն ավելի շատ տալիս է հարցեր, քան պատասխաններ:
Հարցազրույցը՝ Մարգարիտա Մխիթարյանի