ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում վերջին զանգի միջոցառումը մշակութային շեշտադրմամբ էր: Վաղ առավոտից շրջանավարտները, ուսուցիչները, ծնողները դպրոցի բակում ականատես եղան երաժշտական ջերմ կատարումների՝ «Հերացի» բենդի մատուցմամբ։
Մաղթանքներ գրատախտակին ու շապիկների վրա. ինտերակտիվ աշխատանքից հետո 12-րդ դասարանների դասղեկները դասարանին բնութագրող մշակութային ուղերձներով դիմեցին արդեն նախկին աշակերտներին։
Հաջորդիվ դպրոցական վերջին դասին հաջորդեց բուն միջոցառումը՝ լի դաշնամուրային, երաժշտական կատարումներով, տեսանյութերով, ջերմ հիշողություններ արթնացնող լուսանկարներով ու մաղթանքներով, որոնք արտացոլում էին համատեղ անցած երեք տարին։
«Հերացի» ավագ դպրոցն այս տարի ունի 180 շրջանավարտ (128-ը՝ կենսաքիմիական հոսքից), նրանցից 111-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդ է, շուրջ 35 տոկոսն արդեն բարձր միավորներ հավաքելով միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով ընդունվել է բժշկական բուհ։
Դիմելով ներկաներին՝ ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը շնորհավորեց հերացիականներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ հետագա մասնագիտական կյանքում: Նրա մեծագույն ցանկությունն է, որպեսզի դպրոցն ավարտող յուրաքանչյուր երիտասարդ լինի լավ մարդ և լավ քաղաքացի։
Նորավարտներին շնորհավորական խոսք հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.
«Սիրելի շրջանավարտներ՝ այսօրվա տոնի հերոսներ, ես ձեզ սրտանց շնորհավորում եմ օրվա առիթով: Այս լուսավոր և հիշարժան օրը, կարծում եմ, ոչ միայն ձեր, այլև ձեր ուսուցիչների կյանքում երկար կմնա որպես կարևորագույն փուլերից մեկը, որը նրանք պարգևել են ձեզ: Դուք ստանձնում եք ոչ միայն ավարտական այս փորձության շեմը, այլ նոր մարտահրավերների, ձեռքբերումների մեծ հնարավորություն եք ստացել: Այսօր ստացել եք բարձր կրթություն, բայց նաև արժեքների ճանաչում, համամարդկային արժեքների հետ եք ծանոթացել, ընկերակցել: Ձեր ապագա կյանքում հուշերով լի այս շինությունը, պատվարժան ուսուցիչները կմնան ձեր հուշերի մեջ, անշուշտ, բայց շատ կուզեի, որ ձեր հաջողություններով դուք հպարտություն պարգևեք ձեր ուսուցիչներին»։
Տոնական միջոցառման եզրափակիչ մասում դպրոցի բակում պարային ֆլեշմոբ էր, որին մասնակցեցին շրջանավարտների փոքրիկ հարազատներն ու մայրիկները, աշակերտական խորհուրդը։ Արամ Խաչատուրյանի «Դիմակահանդես» վալսի ներքո և միասնական շուրջպարով ամփոփվեց հիշարժան օրը։