Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մշտապես ուսանողի կողքին, մշտապես ուսանողի համար. այսօր գրադարանավարի օրն է

Մշտապես ուսանողի կողքին, մշտապես ուսանողի համար. այսօր գրադարանավարի օրն է

Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է: Գրադարանավարի աշխատանքը ուսումնական հաստատություններում  բոլոր ժամանակներում պահանջվածներից է:

Գրքի և միաժամանակ ընթերցողի հետ աշխատող մասնագետի գործը նաև մանկավարժական բաղաղրիչ ունի, քանի որ պահանջում է սովորողների շրջանում սեր սերմանել ոչ միայն դեպի ընթերցանությունը, այլև կարգապահություն, հարգանք, հոգատարություն դեպի գիրքը և այն հաջորդ ընթերցողը, որը նույն այդ հրատարակությունը վերցնելու է ձեռքին, ցանկալի է, որ այն լինի լավ պահպանված և չվնասված:

ԵՊԲՀ գրադարանավարները ևս հավատարիմ են իրենց որդեգրած առաքելությանը՝ մշապես ուսանողի կողքին, մշտապես ուսանողի համար:

Գրադարանն ունի 10 աշխատակից, շուրջ 480 հազար միավոր գրականություն, բաղկացած է համալրման, մշակման և սպասարկման բաժիններից, որն ունի ենթաբաժին՝ ընթերցասրահը: 

Գրադարանն աշխատում է առավոտյան ժամը 9: 00-ից մինչև 21:00-ն, շաբաթ օրերին մինչև ժամը 15:00-ն: Սպասարկում են բակալավրիատում սովորող հայ և օտարերկրացի ուսանողներին, կլինիկական օրդինատորներին, ինտերներին, ասպիրանտներին, պրոֆեսորադասախոսական կազմին, գիտաշխատողներին:

Ընթերցասրահի պատասխանատու Մարինե Առաքելյանը նշում է, ընթերցասրահի ֆոնդը բաղկացած է 3000-ից ավելի դասագրքերից, որոնք դասավորված են ըստ բաժինների:

«Պատվերներ ենք ունենում և պահոցից բերում ենք համապատասխան գիրքը: Ֆոնդը համալրվում է կորցրած դասագրքերի փոխարեն՝ վերցնելով նոր դասագրքեր: Ընթերցասրահում են գտնում նաև 3 տարվա թերթերը, ամսագրերը, որից հետո հանձնում ենք գրապահոց: Սիրում ենք մեր աշխատանքը, այն մանկավարժական աշխատանք է, հետաքրքիր է աշխատել ուսանողի հետ: Նրանց հետ ընկերանում ենք, մեզ մոտ միշտ անմիջական մթնոլորտ է: Ուսանողները գերադասում են կարդալ գրքով, թեպետ շատ գրքեր առցանց տարբերակով ևս հասանելի են»,-նշում է ընթերցասրահի պատասխանատուն՝ հավելելով, որ ընթերցասրահում կարևորվում է կարգապահությունը. աշխատանքը գերծանրաբեռնված է, քանի որ հաճախող ուսանողնների թիվը բավականին մեծ է:

Գրադարանի վարիչ Մարինե Սարոյանն իր հերթին ընդգծում է, որ ուսանողների հետ կապը շատ սերտ է. «Գրադարանում աշխատում է շատ լավ կոլեկտիվ: Միշտ համագործակցությամբ ենք աշխատում, հաշտ, համերաշխ, բոլորս մեկի համար: Եթե մտերիմ, միմյանց օգնող չլինենք, շատ դժվար կլինի աշխատանքը: Այս մթնոլորտը նաև փոխանցվում է ուսանողներին: Ուսանողներ կան, որ գալիս նստում են, կիսվում են, իրենց հարցերով մոտենում են, շատ ջերմ մթնոլորտ է ստեղծվում, ավարտած ուսանողների հետ ևս կապ է պահպանվում, հաճախ են գալիս և ասում՝ ինչ լավն էին գրադարանում անցկացված տարիները»:

Մշակման բաժնի վարիչ Անահիտ Նարիմանյանը, մանրամասնելով բաժնի աշխատանքները, նշում է՝ միշտ ուսանողների հոսք կա:

«Գրքերը ստանում ենք, համալրման բաժնում փաստաթղթավորում ենք, կատարում ենք տեխնիկական մշակում, այնուհետև մեր բաժնում կատարում ենք գիտական մշակում՝ այսինքն գրքին ինդեքս ենք դնում, որպեսզի ընթերցողը կարողանա գիրքը հեշտ գտնել: Կատարում ենք նաև մուտքագրում, միացրած ենք էլեկտրոնային գրացուցակին, մենք տվյալների բազան ենք լրացնում: Աշխատում ենք գրել նաև գրքերի բաժինները, որպեսզի ուսանողը, դասախոսը ցանկանա օգտվել, իմանա այդ գրքի մեջ ինչ կա, միայն վերնագիրը քիչ բան կարող է ասել: Ստանում ենք նաև ատենախոսություններ, սեղմագրեր: Ուսանողները դիմում են տարբեր հարցերով, որոնում ենք կատարում, թե տվյալ թեմայի շուրջ ինչ գրականություն ունենք»:

«Համալրման բաժինը զբաղվում է գրքի համալրման և դուրսգրման աշխատանքներով: Համալրումը հիմնականում կատարվում է նվիրատվությունների, գնման միջոցով և ուսանողների կողմից կորցրած և փոխարենը ընդունված գրականությամբ»,-ընդգծում է Համալրման բաժնի վարիչի պաշտանակատար Արմինե Գևորգյանը՝ շեշտելով, որ գրադարանն ամեն քայլ անում է, որպեսզի ապահովված լինի արդի գրականությամբ:

Նշենք, որ ԵՊԲՀ գրադարանը բժշկական ուղղվածության առաջին գրադարանն է հանրապետությունում: Այն հիմնադրվել է 1930թ.-ին: