Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց ակադեմիկոս Է.Ա. Վագների անվան Պերմի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Աստաշինային։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և հյուրին ներկայացրեց Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը՝ կոչ անելով անկաշկանդ ուղղել բոլոր հուզող հարցերը։
Ուսանողների, կլինիկական օրդինատորների և դասախոսական կազմի համար նախատեսված դասախոսությունը կրում էր «Ստորին ծնոտի արատներով հիվանդների համալիր բուժման ժամանակակից մոտեցումները» խորագիրը։
Մասնագետը ներկայացրեց ստորին ծնոտի արատների առաջացման պատճառները՝ շեշտելով, որ դրանց առկայությունը մեծապես ազդում է մարդու հոգեբանական վիճակի վրա և կարող է հանգեցնել, օրինակ, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների։
Նատալյա Աստաշինան կոչ արեց ներկաներին հիշել բուժման ընթացքում ատամի պահպանման անհրաժեշտության մասին։ Ընդգծելով վիրաբույժների հետ սերտ փոխգործակցության կարևորությունն օրթոպեդների համար՝ նա նշեց․ «Դա կապահովի բուժման լավագույն արդյունքը՝ չնայած նրան, որ շատ հաճախ վիրաբույժների հետ բանավեճեր են առաջանում ատամների պահպանության վերաբերյալ»։
Անդրադառնալով ստորին ծնոտի արատների դասակարգմանը՝ պրոֆեսորն առանձնացրեց 4 դաս՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ։
Խոսելով հստակ ախտորոշման խնդրի մասին՝ նա ցույց տվեց ախտորոշման ձևակերպման կոնկրետ օրինակ, որը ներառում էր հիվանդության փուլերը և բարդությունները։
Զեկույցն ամփոփվեց ստորին ծնոտի արատների (ինչպես բնածին, այնպես էլ հրազենային վիրավորումների և աշխատանքային վնասվածքների հետևանքով առաջացած) կլինիկական իրավիճակների և դեպքերի ներկայացմամբ։
Հանդիպման ավարտին ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Ստոմատոլոգիական ֆակուլտետի նախաձեռնությամբ և ԵՊԲՀ ղեկավարության աջակցությամբ։