Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Նեյրոգիտության շաբաթ 2025»․ գիտության գնացքով ճանապարհորդությունը Երևանում

«Նեյրոգիտության շաբաթ 2025»․ գիտության գնացքով ճանապարհորդությունը Երևանում

Բժշկական բուհում մայիսի 16-ին մեկնարկեց  «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ը։ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի և Սթրեսի և վարքագծի միջազգային կազմակերպության (International Stress and Behavior Society – ISBS) գործակցությամբ անցկացվող արդեն երրորդ տարեկան միջազգային համաժողովը համախմբել է շուրջ 150 առաջատար մասնագետի աշխարհի 20 երկրից, սկսնակ հետազոտողների և ուսանողների, որոնք կուսումնասիրեն ուղեղի գիտության և վարքագծի սահմանները:

Մայիսի 16-19-ը նախատեսված և արդեն ավանդույթ դարձած քառօրյա միջոցառման շրջանակում կներկայացվեն տարատեսակ բանավոր և պաստառային զեկույցներ, կանցկացվեն պլենար նիստեր և գիտական քննարկումներ, գլխավոր թեման՝ նեյրոգիտություն և մտավոր առողջություն։

Գիտության գծով պրոռեկտոր, համաժողովի համանախագահ, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ռեկտորի և բժշկական համալսարանի անունից ջերմորեն ողջունեց ներկաներին։

«Մոտակա 4 օրերին բժշկական համալսարանը հնարավորություն է ընձեռել մեր երկրին՝ հյուրընկալելու նեյրոգիտության ասպարեզում ամենաբարձր արդյունք ներկայացնող բազմաթիվ գիտնականների։ Առաջատար մասնագետները խոսելու են ուղեղի տարբեր ասպեկտների մասին՝ սկսած աուտիզմ հիվանդությունից՝ վերջացրած ծերունական ալցհեյմերով, պոստտրավմատիկ սթրեսիով, COVID-19-ի հետևանքով առաջացած փոփոխություններով։ Երեք տարի անընդմեջ արդեն բժշկական համալսարանը կարծես թե դառնում է որոշակի հարթակ գիտական բանակցությունների, բանավեճերի համար՝ Չինաստանից Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Գերմանիա, Լեհաստան, Ռուսաստան», – շեշտեց պրոռեկտորը։ Բրյուսելի, Փարիզի, Նյու Յորքի, Լոնդոնի, Մոսկվայի շարքում Երևանը, նրա խոսքով, զբաղեցնում է ուրույն տեղ նեյրոգիտության աշխարհում։

«Մեր ուսանողներն այսօրվա դրությամբ մասնակից են դառնում առաջադեմ բոլոր հետազոտություններին։ Մեր գիտնականներն այսօր պարզ ճակատով կարող են ներկայացնել այս դաշտում իրենց հետազոտությունները։ Այսինքն՝ մենք արդեն ասելիք ունենք և միանշանակ կունենանք այդ դաշտում»,  – ընդգծեց Կոնստանտին Ենկոյանը։

Պրոռեկտորի մասնագիտական զեկույցը կրում էր «COVID-ից հետո հայ բնակչության մոտ նախածերունական դեմենցիա և ճանաչողական դեֆիցիտներ» խորագիրը։

ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նեյրոգիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը նկատեց, որ նեյրոգիտության ոլորտում լավ ավանդույթ է ձևավորվել։ Երախտագիտություն հայտնելով բժշկական համալսարանի գործընկերներին՝  գիտնականը շեշտեց, որ նրանք հայկական կենսաբժշկության դրոշակակիրներն են։

«Գիտական հետազոտությունը նման է գիտության գնացքով ճանապարհորդության, իսկ այդ գնացքը շատ յուրահատուկ վայր է, կարելի է հեշտությամբ նստել այն կամ իջնել, բայց կարևոր է մի բանայն չի կանգնում, այն անընդհատ առաջ է շարժվում՝ չսպասելով որևէ մեկին։ Եվ այժմ մենք վայելում ենք գիտության գնացքով մեր ճանապարհորդությունը գեղեցիկ Երևանում», – նշեց Ալան Կալուեֆը։ 

Մեր օրերում, նրա փոխանցմամբ, գիտությունը զարգանում է ոչ թե մեկ ուղղությամբ, այլ լայն ճակատով՝ ճանաչողական գիտություններից մինչև մոլեկուլային նյարդակենսաբանություն, հետևաբար բացահայտումներ են արվում ամեն մակարդակում՝ բջիջների մակարդակով, մոլեկուլների մակարդակով, ուղեղի համակարգային ֆիզիոլոգիական միավորների մակարդակով, ամբողջ ուղեղի մակարդակով, ամբողջ օրգանիզմի մակարդակով, քանի որ գլուխը մարմնից առանձին գոյություն չունի։

«Նյարդակենսաբանությունը զարգանում է տիեզերքի նման, բոլոր ուղղություններով միևնույն ժամանակ և հսկայական արագությամբ: Գիտությունը սահմաններ չունի, գիտությունը միջազգային է, այն պետք է դինամիկ լինի ինչպես էլեկտրոնը, որը միանգամից ամենուր է։ Հայաստանը պատմականորեն շատ կարևոր է մեզ համար նեյրոգիտության առումով. այստեղ կա հզոր դպրոց, ակտիվ ինստիտուտներ, «ՔՈԲՐԵՅՆ»-ի նման հիանալի կենտրոններ, որոնք մի քանի տարի առաջ ստեղծվել են զրոյից: Այն փոքր, բայց շատ հյուրընկալ և բարեկամական երկիր է, ուստի Հայաստանը յուրաքանչյուր նեյրոկենսաբանի համար առանձնահատուկ նշանակություն ունի», – փաստեց Ալան Կալուեֆը։ 

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը ևս ողջունեց համաժողովի մասնակիցներին «Ուրախ եմ, որ այս ձևաչափն արդեն ավանդական է դարձել։ Կրթության այս տաճարում շատ արդյունավետ քննարկումներ են ծավալվում, որոնք հետագայում՝ վերջին օրը, փոխանցվում են նաև մեր ինստիտուտին», – ընդգծեց նա։

ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ,Վարշավայի Մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, մոլեկուլային և բջջային նյարդակենսաբանության մասնագետ, բնական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Յացեկ Յավորսկու խոսքով՝ աշխարհում տարբեր խնդիրներ կան նեյրոգիտության ոլորտում։

 «Առաջնային խնդիրներից ուզում եմ անդրադառնալ նեյրոդեգեներատիվ հիվանդություններին, քանի որ շատ ավելի շատ ծեր մարդիկ են այսօր ապրում աշխարհում։ Նեյրոհոգեկան հիվանդությունները նույնպես գնալով շատանում են, շուտով նրանք կգրավեն առաջին տեղը՝ անցնելով նեյրոդեգեներատիվ հիվանդություններին։ Բացի դրանից, այդպիսի հիվանդություններով մարդկանց մոտ ևս հաճախ սկսում է զարգանալ դեպրեսիա և այլ խանգարումներ։ Եվ վերջում, բայց ոչ վերջինը, պետք է անդրադառնանք նաև գենետիկական խնդիրներին», – նշեց լեհ գիտնականը։

Համագործակցությունը բժշկական համալսարանի և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի հետ, նրա խոսքով, խորանում է․

«Սիրում եմ լինել այստեղ այն պատճառով, որ երիտասարդները շատ մոտիվացված են ու անդադար աշխատում են»։

Յացեկ Յավորսկու զեկույցը վերաբերում էր հակադեպրեսանտների նույնականացման նոր մոտեցումներին։

Համաժողովի բացման բացման պլենար դասախոսությունը վստահված էր բժիշկ-գիտնական, Օքսֆորդի համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Մաաստրիխտի համալսարանի հոգեբանության և նյարդահոգեբանության ամբիոնի դասախոս, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Տատյանա Ստրեկալովային, որը ներկայացրեց «Սթրեսի մոդելները մարդու նյարդաբանական հիվանդությունների ուսումնասիրման մեջ. փաստեր, արտեֆակտներ և ապագայի հեռանկարներ» խորագրով զեկույցը։ 

Մասնագետի խոսքով՝ սթրեսը մեր կյանքում գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում։ Անդրադառնալով անհատական վարքագծի ձևերի բազմազանությանը՝ Տատյանա Ստրեկալովան սահմանափակ շարժունակությունը բնորոշեց որպես սթրեսի աղբյուրներից մեկը։

«Այնուամենայնիվ, ոչ բոլոր վարքագծերը կարելի է բացատրել», – միաժամանակ հավելեց նա։

Միջոցառման մեկնարկային օրն առանձնացավ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին նվիրված Նեյրոքիմիայի սիմպոզիումի և հաջորդիվ պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի 100-ամյակին նվիրված Նեյրոմոլեկուլյար գիտության սիմպոզիումի անցկացմամբ:

Երկու անվանի գիտնականներն էլ ինչպես բուհի պատմության, այնպես էլ նեյրոգիտության մեջ իրենց կարևոր հետքն են թողել` կրթելով սերունդներ, նպաստելով հայրենի բժշկագիտության զարգացմանը Հայաստանի նորագույն պատմության մեջ:

Ցուցադրվեց տեսաֆիլմ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի անցած ուղու` գիտահետազոտական և կրթական գործունեության մասին, որտեղ  կոլեգաները, այդ թվում՝ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, նրա ասպիրանտ Ռեգինա Մինասյանցը, թոռը` նյարդաբան Սամսոն Խաչատրյանը, պատմում են նրա անցած ուղու մասին։

«Վառ անհատականություն էր, պատմության մեջ կմնա որպես առանձնահատուկ մարդ-գիտնականի տեսակ», – տեսանյութում խոսելով Գաբրիել Խաչատրյանի մասին՝ ընդգծում է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:

Համաժողովի առաջին օրվա ընթացքում մասնակիցները շրջայց կատարեցին «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական  կենտրոնում, ծանոթացան տարածաշրջանում առաջատար հաստատության տեխնիկական հագեցվածությանը և նորագույն հետազոտական մեթոդներին։

Նշենք, որ ԵՊԲՀ-ում «Նեյրոգիտության շաբաթ» երրորդ տարեկան գիտաժողովի և Սթրեսի և վարքագծի միջազգային կազմակերպության 31-րդ միջազգային տարեկան համաժողովի ընթացքում տեղի կունենան գիտական տարբեր միջոցառումներ, պլենար և բանավոր զեկույցներ ոլորտի միջազգայնորեն ճանաչված մասնագետների կողմից, կներկայացվեն պաստառային զեկույցներ:

Շաբաթվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես՝ Art in Neuroscience, որտեղ ուսանողները կարող են ներկայացնել իրենց ստեղծագործությունները՝ ներշնչված ուղեղի և նեյրոգիտության թեմաներով։