Բժշկական համալսարանի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների շարքը համալսարանական երեք հիվանդանոցի միջին բուժաշխատողների համար ամփոփեց արդյունքները` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի «Ներհիվանդանոցային վարակների կառավարում» թեմայով:
Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անցկացված դասընթացները երկրորդն էին (առաջինը հունիսին «Պացիենտ-բուժաշխատող․ հաղորդակցման հիմունքները» խորագիրն ուներ):
«Այս դասախոսությունների շարքով համալսարանը ներդնում է նոր մշակույթ և նոր ավանդույթ մեր համալսարանական հիվանդանոցների բոլոր` ավագ և միջին բուժաշխատողների համար: Առողջապահության բնագավառի արդի թեմաների վերաբերյալ անվճար կրեդիտավորված դասընթացները բուժաշխատողներին հնարավորություն կտան հավաքել անհրաժեշտ շարունակական մասնագիտական կրեդիտներ հաջորդ փուլի համար, նաև թարմացել իմացությունը կարևոր մասնագիտական հարցերի շուրջ»,- նշեց Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք–Նուբարյանը` տեղեկացնելով, որ ԵՊԲՀ ռեկտորի կողմից հանձնարարվել է հաջորդ տարվանից բուժաշխատողների համար նախատեսված այս դասընթացները շարունակական դարձնել:
«Տարեսկզբին համագործակցելով հիվանդանոցային համալիրների ղեկավարների հետ` կկազմենք այն թեմաների ցանկը, որոնք առավել պահանջված են` կդիմենք Առողջապահության նախարարություն և սահմանված կարգով կհավատարմագրենք դրանք»,- մանրամասնեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Ստացած գիտելիքի արդյունավետությունը գնահատելու, առաջարկները հաշվի առնելու նպատակով առաջիկայում նախաձեռնողները նպատակ ունեն դասընթացների մասնակից բուժանձնակազմերի շրջանում հարցումներ անցկացնելու:
Նշենք, որ հաջորդ դասընթացը, որը կմեկնարկի բժշկական բուհում նոյեմբերի սկզբին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղափոխված բուժաշխատողների համար է, նրանք էլ հնարավորություն կունենան լրացնել անհրաժեշտ կրեդիտները, ծանոթանալ առողջապահական համակարգի առանձնահատկություններին, նրբություններին, օրենսդրական դաշտին, պետական պատվերի գործունեության մեխանիզմներին և այլն:
Լրացուցիչ մեկնարկող դասընթացների մասին կտեղեկացվի ԵՊԲՀ կայքի և սոցիալական հարթակների միջոցով: