Սիրելի մանկաբույժներ, նոյեմբերի 20-ը մեկտեղում է երկու առիթ:
Երեխաների համաշխարհային օրն է և Մանկաբույժների մասնագիտական տոնը:
Առողջապահական համակարգում, բժշկագիտության մեջ, անգնահատելի է մանկաբուժության դերն ու նշանակությունը:
Երեխաների առողջության պահպանումը մանկաբույժի առաքելությունն է, որը ծնողների հետ համատեղ պահանջում է շարունակական հետևողականություն և ուշադրություն: Առողջապահական ողջ համակարգում դժվար է գտնել մանկաբույժից առավել հուզական ու բարի մասնագիտություն:
Մանուկների լուսավոր և ապահով ապագայի մասին պետք է խոսենք ոչ միայն այսօր, այլև ամբողջ տարի: Երեխաների վաղվա օրն առավել լավը դարձնելու համար պետք է ջանք չխնայենք:
Սիրելի՛ փոքրիկներ, մեր ցանկությունն է, որ լինեք առողջ և երջանիկ, ապրեք խաղաղ երկնքի տակ. մնացած բոլոր հարցերը լուծելի ու կառավարելի են:
Շնորհավորում ենք բոլոր մանկաբույժներին մասնագիտական օրվա առթիվ՝ ձեզ և ձեր փոքրիկ այցելուներին մաղթելով ամուր առողջություն։
Նշենք, որ Երեխաների համաշխարհային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1954 թվականին և նվիրված է ողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը։
Նոյեմբերի 20-ը նշանավորում է այն օրը, երբ Գլխավոր ասամբլեան 1959 թվականին ընդունեց Երեխայի իրավունքների մասին հռչակագիրը, իսկ 1989-ին՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան:
2022 թվականին Երեխաների համաշխարհային օրվա կարգախոսն է «Ներառում յուրաքանչյուր երեխայի համար»։
Օրը ընդունված է համարել նաև Մանկաբույժների մասնագիտական տոն: