ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնում Դեղագիտական ֆակուլտետի 284 խումբն ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տաթևիկ Փիրումյանի գլխավորությամբ կարճ ժամանակ առաջ կազմակերպել էր դաս-միջոցառում` նվիրված հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչ, բանաստեղծ, երաժիշտ Գրիգոր Նարեկացու խոսքաբուժությանը, ինչպես նաև Կոմիտաս վարդապետի երաժշտաբուժությանը:
Ապագա դեղագետները պատմական ակնարկ կատարեցին Գրիգոր Նարեկացու և Կոմիտասի կենսագրությանն ու գործունեությանը։
Խոսվեց «Նարեկ» բժշկարանի, մարդկանց հավատի և խոսքաբուժության կարևորության, մեղքի և հիվանդության փոխհարաբերության մասին՝ մանրամասնելով, որ հոգևոր առողջությունը նույնանշանակ է մարդկային կատարելությանը և ձեռք է բերվում ապաշխարության, սրբության, հավատի, հույսի, սիրո և այլ առաքինություններով:
Ուսանողների դիտարկմամբ` Նարեկ-բժշկարանի նկատմամբ հավատը հայերիս մեջմշտապես խորն է եղել:
Դասն ամբողջացավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, UNESCO-ի Բիոէթիկայի ամբիոնի Հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանի և ուսանողների երաժշտական, դաշնամուրային և ասմունքային կատարումներով ինչպես Նարեկացու, այնպես էլ Կոմիտասի ստեղծագործություններից:
Մասնակցում էր նաև ռուսալեզու խումբը, որի համար բավականին ուսանելի էր դաս-միջոցառումը:
Նոր տպավորություններով ու ստեղծագործական գաղափարներով լեցուն հանդիպումները Հասարակագիտական ամբիոնում կշարունակվեն արդեն հաջորդ ուսումնական տարում: