Սովորել բժշկական բուհում և ունենալ բարձր առաջադիմություն առանձնակի հաճելի ու պարտավորեցնող զգացում է:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Հայրապետյանը մանկուց ցանկացել է բժիշկ դառնալ:
«Սիրում էի խաղալ ներարկիչներով, փափուկ խաղալիքներին ներարկում անել, «դեղեր» պատրաստել՝ խառնելով ինչ-որ գունավոր հեղուկներ: Հետագա տարիներին, երբ դպրոցում սկսեցինք անցնել մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն առարկաները, հասկացա, որ հաստատ գիտատար մասնագիտություն եմ ընտրելու։ Ինձ դուր են գալիս STEM առարկաները»,-նշում է ապագա բժիշկը, ում կարծիքով բժշկի մասնագիտությունը միավորում է գործնական գիտելիքը, անընդհատ կրթվելու միտումը, մարդկանց օգնելու, նրանց կյանքում փոփոխություն բերելու մղումը:
«Երևի հենց դա էլ դարձավ պատճառ, որ հավանեմ այս մասնագիտությունն ու ընտրեմ բժիշկ դառնալու պատասխանատու ուղին։ Ավագ դպրոցում հետաքրքրություններն այնքան շատ էին ու այնքան տարբեր, որ, եթե ենթագիտակցորեն ժամանակին ընտրություն չանեի, շատ դժվար կլիներ այլ մասնագիտություն ընտրել»,-շեշտում է Գարիկ Հայրապետյանը` ընդգծելով, որ ընտանիքը միշտ աջակցել է իր որոշումներին, և հիմա էլ, այս երկար ճանապարհն անցնելիս, ժնողները կանգնած են իր կողքին։
«Սովորելուն զուգահեռ, հիմա բժշկի մասնագիտությանը նայում եմ նաև այլ տեսանկյունից։ Նպատակ ունեմ ապագայում նպաստելու Հայաստանում նոր առողջապահական մշակույթի զարգացմանը, որը կօգնի պացիենտին ժամանակին արդյունավետ ստանալ բուժօգնություն, բժիշկներին կտա գիտելիքն ու փորձը կատարելագործելու հնարավորություն»,-ընդգծում է ուսանողը:
Գարիկ Հայրապետյանը խոստովանում է՝ մասնագիտական գիտելիքից բացի, համալսարանն իրեն տվել է նոր ծանոթություններ, ընկերներ, որոնց հետ համալսարանական կյանքը դառնում է ավելի հետաքրքիր, դասապրոցեսն՝ ավելի հեշտ։
«Երկրորդ կուրսում «Հետազոտության հիմունքներ» առարկան գերազանցությամբ ավարտելուց հետո առաջարկ ստացա միանալ առարկայի դասավանդման թիմին՝ որպես դասավանդողի օգնական (teacher assistant: TA)․ Վերապատրաստումներից հետո սեպտեմբերից սկսեցինք դասավանդել երկրորդ կուրսեցիներին։ Այս ընթացքում շատ բան եմ սովորել դասախոսական թիմից, ավագ ընկերներից, որոնք աջակցում էին, կիսվում գիտելիքով և փորձով: Դասավանդողի օգնականի դերում լինելն ինձ օգնեց սովորել արդյունավետ համագործակցել, կիրառել գիտելիքները արդյունավետ փոխանցելու նոր մեթոդներ, անընդհատ կարդալ, ուսումնասիրել, սովորել»,-նշում է ապագա բժիշկը։
Ըստ Գարիկ Հայրապետյանի, կան լավ բժշկին բնորոշ բազմաթիվ որակներ, կարևորագույնը՝ միշտ կրթվելու, գիտելիքները նորացնելու, փորձն ընդլայնելու մղումն է։
«Բժշկի մասնագիտական կրթությունը սկսում, բայց չի ավարտվում համալսարանական կրթությամբ, այն շարունակվում է ամեն օր, ամեն բուժառուի հետ»,-հավելում է ապագա մասնագետը։
Նա որոշել է դառնալ վիրաբույժ, բայց դեռ չի որոշել՝ ինչ նեղ մասնագիտացում ընտրել։
«Վիրաբուժությունը նման է արվեստի, որտեղ կտավի փոխարեն մարդկային կյանքն է։ Վիրաբույժի աշխատանքում ամեն վայրկյանը կարևոր է, այստեղ սխալվել չի կարելի, այստեղ գիտելիքը վերածվում է գործի, իսկ գործը՝ շարունակվող կյանքի։ Հենց պատասխանատվության անհրաժեշտության այսպիսի բարձր մակարդակն էլ ոգևորում է ինձ ընտրել վիրաբույժի մասնագիտությունը»,-ասում է Գարիկը:
Սյունեցի ուսանողը որոշել է կյանքի ինչ-որ փուլում վերադառնալ ծննդավայր՝ Սյունիք, նոր շունչ հաղորդելու մարզային առողջապահությանը:
«Շատ եմ կարևորում Հայաստանի ապակենտրոն զարգացումը, ինչի համար դեռ դպրոցական տարիներից փորձում էի քայլեր ձեռնարկել համայնքի զարգացման, համայնքի երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Հիմա էլ հավատացած եմ, որ յուրաքանչյուրիս թեկուզ փոքր ներդրումը մեր շրջապատում շատ կարևոր է երկրի զարգացման համար»,-խոսքն ամփոփում է բժշկական մայր բուհի ուսանողը:
Գարիկ Հայրապետյանը վերջերս մասնակցել է ուսանողական մրցույթի` դառնալով հաղթող և արժանանալով կրթաթոշակի: