Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պացիենտի անվտանգության ապահովմանը նվիրված դասընթացները կեզրափակվեն «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

Պացիենտի անվտանգության ապահովմանը նվիրված դասընթացները կեզրափակվեն «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

«Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով կրեդիտավորված անվճար դասընթացները շարունակվեցին նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի միջին  բուժաշխատողների համար, զուգահեռաբար նույն օրը` հոկտեմբերի 10-ին ամփոփվեց «Մուրացան» հիվանդանոցի բուժաշխատողների մասնակցությամբ եռօրյա շարքը:

ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանը նշեց, որ եռօրյա դասընթացների ժամանակ կրկին քննարկվելու են բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները, ռիսկերը, կանխարգելման միջոցառումները.  «Շատ կարևոր է անձնական հիգիենայի պահպանման, ձեռքերի մշակման կանոնները՝ պացիենտների և բուժաշխատողների անվտանգության տեսանկյունից: Քննարկվելու են նաև ներանոթային սարքերով պայմանավորված վարակները՝ ծայրամասային, կենտրոնական, միզային կատետրների վերաբերյալ, դրանց տեղադրման, խնամքի և կանխարգելման հարցերը»:

ԵՊԲՀ-ի  Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող  շարունակական դասընթացների այս փուլի դասախոսները` Կարինե Պողոսյանը և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը, գոհ էին սպասված արդյունքներից:

Հռիփսիմե Ապրեսյանը «Ներհիվանդանոցային վարակների կառավարում» թեման ներկայացնելու է ունկնդիրներին, նաև հոկտեմբերի 17-ին «Միքայելյան» հիվանդանոցում:

Նախաձեռնողները լիահույս են, որ գործնական աշխատանքով, հարցուպատասխանի ինտերակտիվ ձևաչափով ուղեկցվող դասախոսությունները մասնակից միջին բուժանձնակազմերի համար կլինեն ուսուցողական և էականորեն  կնպաստեն բուժօգնության որակի լավացմանը: