Պացիենտի անվտանգության համաշխարհային օրը՝ մասնագիտական քննարկում և հետազոտությունների ներկայացում

Պացիենտի անվտանգության համաշխարհային օրը՝ մասնագիտական քննարկում և հետազոտությունների ներկայացում

2019 թվականից ամեն տարի սեպտեմբերի 17-ին աշխարհում նշվում է Պացիենտի անվտանգության միջազգային օրը՝ կոչ անելով համաշխարհային համերաշխության և բոլոր երկրների ու միջազգային գործընկերների համատեղ գործողությունների՝ ուղղված պացիենտների անվտանգության բարելավմանը։

Այս համաշխարհային արշավը, որն ունի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված հատուկ թեմա, նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածությունն ու խորացնել պացիենտների անվտանգության վերաբերյալ գլոբալ ընկալումը, ինչպես նաև մոբիլիզացնել շահագրգիռ կողմերի ջանքերը՝ առողջապահության ոլորտում կանխարգելելի վնասը վերացնելու և դրանով իսկ պացիենտների անվտանգությունը բարելավելու համար։

Օրվան նվիրված «Հերացի» վերլուծական կենտրոնում անցկացվեց հանդիպում-քնարկում «Պացիենտի անվտանգության համաշխարհային օրվան» թեմայով:

«Այստեղ մարդիկ են, ովքեր օգնում են մեզ բոլոր հետազոտություններն իրականացնել և այսօր որպես պացիենտի միջազգային օր, որոշեցինք մեր կատարած հետազոտությունների արդյունքները ձեզ հետ կիսել: Պացիենտի անվտանգությունը կախված է իմունականխարգելումից, եթե չկա իմունականխարգելում պացիենտի անվտանգությունը լինում է խոցելի»,-ողջունելով ներկաներին ասաց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը:

Վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Նելլի Ղահրամանյանը ներկայացրեց «Մանկաբույժների և ընտանեկան բժիշկների գիտելիքները, վերաբերմունքը և գործելակերպը պատվաստումից առաջ և հետո հակահիստամինային դեղերի կիրառման վերաբերյալ» թեմայով հետազոտությունը:

«Անաֆիլաքսիան պատվաստումների հազվադեպ հանդիպող, սակայն հանկարծակի զարգացող և պոտենցիալ կյանքին սպառնացող բարդություններից է: Համաձայն հետազոտությունների` պատվաստումներից հետո անաֆիլաքսիայի հաճախականությունը կազմում է մոտավորապես 1.3 դեպք մեկ միլիոն կիրառված դոզայի հաշվով»,-նշեց նա:

Նելլի Ղահրամանյանի խոսքով՝ չնայած դրա հազվադեպությանը, կլինիկական տեսանկյունից այն պահանջում է առանձնահատուկ զգոնություն:
Գործող ուղեցույցները շեշտում են, որ թեև անաֆիլաքսիայի բոլոր դեպքերը հնարավոր չէ կանխատեսել կամ կանխարգելել, այն, որպես կանոն, ենթակա է արդյունավետ բուժման, եթե ախտորոշումն ու անհրաժեշտ միջամտությունը իրականացվում են ժամանակին: Հետևաբար, պատվաստումից առաջ կարևոր է յուրաքանչյուր պացիենտի մոտ գնահատել հնարավոր ալերգիկ և անաֆիլակտիկ ռիսկի գործոնները։

Առաջատար մասնագետի փոխանցմամբ՝ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացման գործում կարևոր նշանակություն ունեն նաև բժիշկների գիտելիքները, մասնագիտական պատրաստվածությունը և ճիշտ գործելակերպը։

Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մելքոնյանի հետազոտության թեման արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության և կանխարգելման մոդելավորման մասին էր:

Ներկայացնելով թեման՝ Նաիրա Մելքոնյանը նշեց, որ ԱՀԿ-ի արգանդի պարանոցի քաղցկեղի վերացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականը հիվանդության վերացման նպատակով սահմանվել է հիվանդացության ցուցանիշը նվազեցնել մինչև 4/100000 կանանց շրջանում:

Հետազոտության շրջանակում ներկայացվեց նաև նպատակային մակարդակները՝ մինչև 15 տարեկան աղջիկների 90%-ի ընդգրկվածություն ՄՊՊ պատվաստումներում, կանանց 70%-ի ընդգրկվածություն արդյունավետ թեստի միջոցով իրականացվող սքրինինգային հետազոտություններում, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող կանանց 90%-ի համապատասխան բուժման ապահովում։

Նրա դիտարկմամբ՝ կարևոր նշանակություն ունի հանրային իրազեկման բարձրացումը բնակչության տարբեր խմբերի շրջանում, մասնավորապես՝ ծնողների և դեռահասների համար լայնածավալ տեղեկատվական և կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Անհրաժեշտ է նաև ամրապնդել վստահությունը պատվաստումների նկատմամբ՝ հավաստի աղբյուրներից գիտականորեն հիմնավորված տեղեկատվության տրամադրման միջոցով, ընդլայնել սքրինինգային ծրագրերը։

Նա կարևորեց նաև հետազոտությունների շարունակականությունը՝ խրախուսելով նմանատիպ հետազոտությունների իրականացումը՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և նոր խնդիրները բացահայտելու նպատակով։