Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պրոֆեսոր Աղաջանովի 85-ամյա հոբելյանն առանց նրա ու նրա հետ. «Բժշկի ուղին» հատուկ թողարկում

Պրոֆեսոր Աղաջանովի 85-ամյա հոբելյանն առանց նրա ու նրա հետ. «Բժշկի ուղին» հատուկ թողարկում

Անվանի բժիշկ-գիտնականի անսպասելի մահը մեծ կորուստ էր բժշկագիտության համար: Ծննդյան ոչ հերթական, խոսուն տարեդարձին նա պատրաստվում էր ամիսներ առաջ:

Նախորդ տարվա սեպտեմբերին իր աշխատասենյակում փոխանցեց կենսագրությունը` իհարկե համառոտ.  երկու էլեկտրոնային էջում տասնամյակների բոլոր ձեռքբերումները ներկայացնելը  դժվար է: Հուլիսին` հոբելյանի նախօրեին, հարցազրույցի պայմանավորվածություն ունեինք, սակայն, ցավոք, կանխատասել կամ կանխազգալ հնարավոր չէր նրա ֆիզիկական մոտալուտ բացակայությունը:

Պրոֆեսորի համար կարևոր այս օրը բժշկական բուհն ու համայնքը, ընտանիքը նշելու է  առանց նրա, բայց ապրումներով ու հուշերով նրա մասին ու նրա հետ:

Ավագ կոլեգայի, բժշկագիտության նահապետի երկրային կյանքի ավարտով բժշկական կադրերի մեկդարյա բուհում պակասեց մի հենասյուն: Հոբելյարը դարի գերակշիռ մասը` ավելի քան վեց տասնամյակ, կրթագիտական  այս կառույցի մի մասնիկն էր`  կարևոր ներդրում ունեցած բժիշկ-գիտնական:

Նա տարբերվում էր ժամանակակից մտածողությամբ, մարդկանց հետ հաղորդակցման յուրօրինակ մոտեցմամբ, ներքին կուլտուրայով, որը շռայլորեն տարածում էր նաև շրջապատում:

Անցած ուղին` կենսագրական տվյալներով

Միխայիլ Իոսիֆի Աղաջանովը (1939-2024) ծնվել է  հուլիսի 3-ին, Թբիլիսիում: Արծաթե մեդալով ավարտել է տեղի թիվ 32 միջնակարգ դպրոցը, 1957-1963թթ.   սովորել    և   գերազանցությամբ  ավարտել է   Երևանի     պետական  բժշկական ինստիտուտի բուժական  ֆակուլտետը, որից հետո 1963-1966թթ. Կենսաքիմիայի  ամբիոնի    ասպիրանտ էր, այնուհետև  1966-1974թթ.        նույն ամբիոնի ասիստենտ, հաջորդիվ տասը տարի դոցենտ և երկու տարի անց՝ 1984-ից 1986 թվականներին, պրոֆեսոր:

1988-1991թթ.        համատեղության  կարգով   աշխատել  է  որպես  Երևանի բժշկական     ինստիտուտի  գիտության  գծով  պրոռեկտոր: 1986–2008թթ.        Կենսաքիմիայի  ամբիոնի վարիչն էր, 2008-2011թթ. նույն ամբիոնի  պրոֆեսոր: Հաջորդիվ 2011 թվականից կրկին ստանձնում է ամբիոնի ղեկավարումը մինչև կյանքի վերջ: Առաջինն էր, ով բժշկական ինստիտուտում սկսեց դասավանդել անգլերեն։ Մ. Աղաջանովը բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումեր է անցել, որոնցից մի քանիսը Լոմոնոսովի անվ Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի Գիտությունների ակադեմիայում,     Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, Կիևի պետական բժշկական ինստիտուտում, Լենինգրադի պետական մանկաբուժական բժշկական   ինստիտուտում, Ճապոնիայի Կիտասատոյի համալսարանում, այլուր:  Պրոֆեսորի պարգևատրումները ևս շատ են:  

Դրանցից են՝  ոսկե մեդալ ՍՍՀՄ ազգային տնտեսության նվաճումների  ցուցահանդեսում(Մոսկվա),  մեդալ «Փայլուն ձեռքբերումների համար» ՍՍՀՄ կրթության պետական կոմիտեում(Մոսկվա), Կիտասատոյի համալսարանի ազգային մեդալ(Տոկիո):

Ամերիկյան կենսագրական ինստիտուտը «Ժամանակակից գիտության    մեջ ունեցած  ներդրման համար» նրան շնորհել է դիպլոմ:  2000թ արժանացել է         ԵՊԲՀ  Մ. Հերացու անվան  ոսկե մեդալի,           Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից դիպլոմի «Խորհրդատուների թիմի մեջ ընդգրկվելու համար»։ 2010թ     պարգևատրվել է        ԵՊԲՀ-ի ոսկե կրծքանշանով, նույն թվականին արժանացել է   ՀՀ գիտության  վաստակավոր գործչի կոչման:  2014թ      պարգևատրվել է բժշկական բուհի ոսկե շքանշանով, մեկ տարի անց արժանացել ՀՀ գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալի,  2019 թվականին     պարգևատրվել է    ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով»  մեդալով: 2002 թվականից բժիշկ-գիտնականը նաև ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվել:  Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի    հիմնադիր- նախագահն էր: 2004-2015թթ    ԵՊԲՀ  ՈՒԳՀ-ի գիտական ղեկավարն էր: 2006թ-ից           ԵՊԲՀ էթիկայի կոմիտեի հիմնադիր-նախագահը:  2012թ. –ից   Հայաստանի կենսաքիմիական ասոցիացիայի փոխնախագահն էր,  2014թ-ից Մոսկվայում հրատարակվող     Neurochemical journal հանդեսի համախմբագիրն էր, նույն թվականից «Нейрохимия» հանդեսի համախմբագիրն էր:  2014-2019թթ.        ՀՀ գիտության պետական կոմիտեի «Բժշկություն» հանձնաժողովի նախագահը։ 2017թ-ից նախագահում էր բժշկական համալսարանի Կարգապահական հանձնաժողովը:  2018 թ.-ից բուհի Հոգաբարձուների խորհրդի անդամ էր:  2023թ. –ից ԵՊԲՀ-ին կից ՀՀ  ԲՈԿ-ի 026 «Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի նախագահն էր:  Անդամակցել է մասնագիտական մի շարք միավորումների Հայաստանում և արտասահմանում: Պրոֆեսորի գիտական ոլորտերն էին օքսիդատիվ սթրեսը,  նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, բուժումն ու կանխարգելումը: Գիտական գործունեությանն անդրադառնալով նշենք, որ նա  2000-2008թթ.       ԵՊԲՀ միջամբիոնական գիտական թեմայի ղեկավարն էր: 2014, այնուհետև 2015-ից 2017 թվականներին  արժանացել է ՀՀ գիտպետկոմի դրամաշնորհների:

 

Հիշում են ընկերները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ավագները

 «Երբ ես ուսանող էի Միխայիլ Աղաջանովն արդեն  գիտությունների թեկնածու էր: Առհասարակ երբ մենք երիտասարդ էինք, ուսանողները մեծ մասամբ կլանված էին գիտությամբ: Նա հենց այդպիսի պրպտուն, երիտասարդ գիտնական էր, որի հաջողություններով մենք պարծենում էինք: Ջերմ հարաբերություններ ունեինք, հոյակապ ընկեր էր, լավ գիտնական»,- նշում է Դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, ով պրոֆեսոր Աղաջանովի մահվանից հետո զբաղեցնում է Կարգապահական հանձնաժողովի  նախագահի պաշտոնը: Նրանց աշխատանքը բուհական այս կառույցի շրջանակում, և ոչ միայն վերջին տարիներին կապված էր միմյանց հետ:  Կարգապահական հանձնաժողովի գործունեության շուրջ, որի անդամն էր  պրոֆեսոր Վարդանյանը հաճախ են զրույցներ ունեցել:

Հանձնաժողովի անդամները փաստում են, որ երջանկահիշատակ պրոֆեսորը մանրակրկիտ ուսումնասիրում էր բոլոր նյութերը, լսում կողմերի տեսակետները, փորձում համակողմանի և ամենակարևորը` օբյեկտիվ, մարդկային տեսակետից վերլուծել կարգապահական խախտումներ ստեղծած իրադրությունները:  

«Միխայիլ Իոսիֆովիչին ուսանողական տարիներից եմ ճանաչել և պետք է ասեմ, որ նվիրված էր գիտությանը: Երկրորդ կուրսից ակտիվ մասնակցում էր Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներին` զեկուցումներ ունենալով մեր համալսարանում և այլ բուհերում»,- պատմում է  Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանը` շարունակելով, որ անվանի կենսաքիմիկոսներ, պրոֆեսորներ Հրաչյա Բունիաթյանի և Վահան Մխիթարյանի առաջարկով Աղաջանովն աշխատանքի անցավ Կենսաքիմիայի ամբիոնում:

Երեք տարվա ընթացքում պաշտպանեց թեկնածուական թեզը` հետագայում անցնելով գիտնականին բնորոշ բոլոր ուղիները: Ավագ լաբորանտից մինչև պրոֆեսոր. իր ուղին տեսանելի ու հպարտության առիթներով լեցուն էր համալսարանականների  համար, այն մարդկանց, որոնք իրեն ուղեկցել են բժշկի ուղին ընտրելու հենց սկզբից.

«Նա վայելել է մեծ հարգանք, ակտիվ գործունեություն է ծավալել տարբեր հանձնաժողովներում  ու կոմիտեներում: Շատ լավ ընկեր էր,  ընկերական շրջապատի համար մեծ կորուստ էր»:

Ընկերոջը` Միխայիլ Աղաջանովին,  Բժշկական մանրէաբանության ամբիոնի պրոֆեսոր, Նոմինացիոն կոմիտեի նախագահ Վլադիմիր Շեկոյանը ճանաչում է շուրջ 60 տարի, միմյանց հետ մշտապես շփվել են, կապի մեջ եղել` ներկայացնելով տարբեր մասնագիտական ողղություններ, առավել մտերմացել են նախորդ դարի 80-ականներին,  հասուն տարիքում:

«Նրա մասին տպավորությունները շատ դրական են: Պարկեշտ անձնավորություն էր, կամեցող, ուշադիր: Մենք մտերիմ էինք ընտանիքներով, վերջին տարիներին նաև ճանապարհորդում էինք միասին, մեկնում արտասահման, փոխադարձ համակրանք կար»,- բնորոշելով հոբելյարին` ասում է պրոֆեսոր Շեկոյանը` հավելելով, որ ընկերների կորուստը միշտ էլ զգացվում է: Յուրաքանչյուր հասակակցի պակաս ծանր է:

«Չնայած կյանքում պատահած դժվարություններին, ամեն ինչ արել է իր զավակների, թոռների համար: Թոռնիկների դասերին, մարզումներին մշտապես ուշադիր էր, նրանց կարողանում էր ժամանակ տրամադրել:  Կարծում եմ՝ զավակները` դստրերը, արդարացրին նրա բոլոր հույսերը»,- մեջբերում է նա` ակամա հիշելով նաև ամեն տարի պարտադիր համատեղ նշվող բոլոր ծննդյան տարեդարձները, ուրախության այլ առիթներ:

Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զարեհ ՏերԱվետիքյանն ընդգծում է, Միխայիլ Աղաջանովի ծննդյան օրը, նորից է ապրում կորստի և բաժանման զգացումը:

«Դժվար է խոսել ընկերոջ մասին անցած ժամանակով,  օրեր են անցել նրա մահվանից, սակայն կորստի ցավը չի անցել: Հնարավոր չէ արտահայտել հույզերի ողջ գամման, որը մշտապես զգում եմ: Ինձ համար այս բացը հնարավոր չէ լրացնել, այն ոչ միայն ընկերոջ, այլև շատ թանկ մարդու կորուստ է: Նրա հետ կարելի էր անկեղծանալ, խորհրդակցել` վստահ լինելով կատարյալ ազնվության, փոխըմբռնման և աջակցության մեջ: Այժմ կարծես հոգիս որբացել է: Միխայիլ Իոսիֆովիչի մասին կարելի է երկար խոսել: Նա յուրահատուկ մարդ էր, զուսպ էմոցիաներում, միաժամանակ ուներ  գրավիչ ձգողականություն, հմայք: Շատ ուժեղ, արժանի մարդ էր և ընկեր»,- ասում է պրոֆեսոր Տեր-Ավետիքյանը` ավելացնելով, որ Մ. Աղաջանովի մահով մի ամբողջ դարաշրջանի էջ է թերթվում, բարձր բարոյական արժեքների դարաշրջանի, այլ մշակույթի և դաստիարակության.

«Նրա կյանքի ուղին վարդերով ծածկված չէր, ուրախության և տխրության միահյուսումը նրա ճակատագրում չմթագնեցին  վերաբերմունքը կյանքի հանդեպ.  սրտում կրելով ողբերգական հանգամանքներում որդու կորստյան ցավը` նա չկոտրվեց: Նա շարունակում էր ապրել` մնալով չափազանց բարի և անմիջական անձնավորություն: Ցավոք նա չկա, մնացին միայն հիշողությունները»:

Զավակները ևս ընտրեցին բժշկի ուղին

Միխայիլ Աղաջանովը և նրա կինը` մանկավարժ Նելլի Ահարոնովան երեք զավակ ունեն: Երեքն էլ հայրիկի մասնագիտական ուղին ընտրեցին: Ցավոք, որդու՝ ապագա ստոմատոլոգ Իոսիֆի, կյանքը անժամանակ ընդհատվեց:

Լուսինե Աղաջանովան մասնագիտական ուղին թրծեց և կատարելագործեց արտասահմանում: Նա ԵՊԲՀ-ն ավարտելուց և ատենախոսությունը պաշտպանելուց հետո մեկնեց Շվեդիա և հանրահայտ  Կարոլինսկա ինստիտուտում կրկին դիսերտացիա պաշտպանեց  մարդու չբերության թեմայով։

Տեղափոխվեց  ԱՄՆ`  կրկին մասնագիտանալով մանկաբարձության և գինեկոլոգայի բնագավառում։ Հիմա նա բժշկության գիտությունների դոկտոր է, դոցենտ Սթենֆորդի համալսարանում: Վերարտադրողական էնդոկրինոլոգիայի և անպտղության կլինիկայի ռեզիդենտների և ֆելոուների  (3 տարի տևողությամբ նեղ մասնագիտացում մանկ./գին. ռեզիդենտուրայից հետո) ծրագրի փոխտնօրենն է, Էնդոմետրիալ առողջության ծրագրի ղեկավարը, ինչպես նաև Սթենֆորդի համալսարանի բժշկության դպրոցի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս: Ակտիվ մասնակցում է ոչ միայն կլինիկական, նաև ուսումնական և գիտական ասպարեզներում Սթենֆորդի, ԱՄՆ-ի և աշխարհի մակարդակով:

Ելենա Աղաջանովան ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչն է, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավարը: Պրոֆեսորը  մեծ ներդրում ունի մեր երկրում էնդոկրինոլոգիայի և հատկապես մանկական էնդոկրինոլոգիայի  զարգացման, բուժման նոր մեթոդների ներդրման, երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Նա Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահն  է, ՀՀ ԱՆ մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուն, ՀՀ ՊՆ խորհրդատուն էնդոկրինոլոգիայի գծով: Մշտապես ակտիվ հասարակական, հանրօգուտ գործունեությամբ է զբաղվում:

Զույգ քույրերը Հայաստանում և արտասահմանում շարունակում են Աղաջանովների բժշկական դինաստիայի  ավանդույթները`  իրենց բոլոր հաջողությունները նվիրելով  ծնողներին:

Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ, Էթիկայի կոմիտեի նախագահ Մագդալինա Մելքոնյանը ևս փաստում է՝ 1965 թվականին ինստիտուտ ընդունվելուց հետո առաջին երիտասարդ բժիշկ-գիտնականներից մեկը, ում ճանաչել է, հենց Միխային Աղաջանովն էր:

 «Այս մասին բազմիցս խոսել եմ և սերնդակիցներս կփաստեն, որ անհնար էր չնկատել նրա տարբերվող, ինքնատիպ տեսակը»,- հիշում է պրոֆեսոր Մելքոնյանը:

Հետագայում արդեն գիտական, հետազոտական համատեղ աշխատանքեր են իրականացրել Կենսաքիմիայի ամբիոնում:

Նրա բնորոշմամբ` իր ավագ ընկերը գնահատում էր յուրաքանչյուրի դերը համատեղ գիտափորձերում, քննարկումներում, միշտ ժպիտով, բարի մոտեցում, համբերատար վերաբերմունք էր դրսևորում, ինչն էլ նրա յուրահատկությունն էր, այցեքարտը:

Տիկին Մելքոնյանի մասնագիտական գործունեության մեջ պրոֆեսոր Աղաջանովը ճակատագրական ազդեցություն է ունեցել: 1993 թվականին,  Ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնում առկա էր ղեկավարի թափուր հաստիք, Մ. Մելքոնյանը Կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ էր, ինչպես նաև Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, երբ այդ ժամանակ բուհի ռեկտոր Վիլեն Հակոբյանն առաջարկում է դիմել իրեն մասնակցելու ամբիոնի վարիչի մրցույթին, Մելքոնյանը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ անսահման սիրում է կենսաքիմիան՝ իր հիմնական մասնագիտացումը:

Հայտարարված մրցույթի վերջին օրը դեկանատ է գալիս պրոֆեսոր Աղաջանովը` հորդորելով անպայման դիմել մրցույթին:

Տարիներ անց` հետահայաց դիտարկելով իրավիճակը, Մագդալինա Մելքոնյանը փաստում է, որ այս քայլը բեկումնային եղավ իր կյանքում: Դրան հաջորդեց անընդհատ, շարունակական աշխատանքի, ամբիոնի արդիականացման, ուսումնական նյութի լիովին թարմացման շրջան, որը նա փորձեց կատարել պատվով, ինչի համար շնորհակալ է ավագ կոլեգային:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանի գնահատմամբ`  Միխայիլ Աղաջանովը  բժշկական համալսարանի (խոսքը մեր օրերի համալսարանի մասին է), հիմնադիր ներկայացուցիչն է:

«Լայն մտահորիզոն ունեցող բարեկիրթ անձնավորություն, որը շատ պրոֆեսորների մոտ այսօր, ցավոք, բացակայում է: Երեք լեզվի տիրապետում, աշխարհի մշակույթի հետ սերտ շփում և  ծանոթություն: Նա  հանդարտաբարո, խորագետ մոտեցում ուներ բոլոր դեպքերում, ամենակարևորը` մարդասեր և մաքուր անձնավորություն»,- ընկերոջ մասին կարծիք է հայտնում Նավասարդյանը:

«Բժշկի ուղին» ակնարկաշարի հատուկ թողարկման հերոսի մասին, վստահ ենք, կցանկանային կարծիք հայտնել շատ-շատերը սկսած ուսանողներից` ավարտած ամբիոնականներով, երկար տարիների գործընկերներով: Նա սիրված էր, և դա նրան ամենալավն է բնորոշում: 

 

Հ.Գ. 2018 թվականին, երբ պրոֆեսոր Աղաջանովի հետ բուհի 100-ամյակին նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարի շրջանակում հարցազրույց ունեցանք, նկարների շարքում երկու հսկա թութակով լուսանկար առանձնացրեց` առօրյա պաշտոնականներից տարբերվող` ասելով. «Ուզում եմ, որ մարդիկ ինձ նաև այսպիսին ճանաչեն»:

Խոստացված նյութը հրապակարում ենք հետմահու` խնամքով հավաքելով Ձեր մասին կոլեգաների ջերմ խոսքերը, որպեսզի բժշկական կրթություն ստացող սերունդները ճանաչեն Ձեզ նաև այսպիսին, կենսուրախ, կյանքով լեցուն, գերպատասխանատու ու պարտաճանաչ, նախանձելի ավյունով, կիրթ, զուսպ, մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան

 Լուսանկարները` ԵՊԲՀ և Աղաջանովների ընտանիքի արխիվից